Skip to main content

Աբորտ - Հղիության ընդհատում

Աբորտը բժշկական միջամտություն է, որի միջոցով արհեստականորեն ընդհատվում է հղիությունը:

Կախված նրանից, թե աբորտը քանի շաբաթական հղիության ժամանակ է նախաձեռնվում, այն իրականցվում է կամ դեղերի միջոցով կամ էլ վիրահատական միջամտությամբ:

Արհեստական վիժումը բնավ նույն ինքնաբուխ վիժումը չէ: Աբորտի դեպքում հղիությունն ընդհատվում է արհեստականորեն՝ բժշկական միջամտության միջոցով: Ուստի, այս տարբերությունը շեշտադրելու համար բժիշկները աբորտի փոխարեն երբեմն օգտագործում են արհեստական վիժում արտահայտությունը:

Եթե ձեզ մոտ կա անցանկալի հղիություն կամ ձեր հղիությունն ընթանում է բարդություններով, կարևոր է տեղեկանալ այն մասին, թե արհեստական վիժման ինչ տարբերակներ կան:

Կան կնոջը աբորտի որոշմանը հասցնող տարբեր վիճակներ՝

  • տարբեր պատճառներից ելնելով՝ անցանկանալի հղիություն, ընտանեկան տարբեր իրավիճակներ և այլն (անձնական որոշում)
  • հղի կնոջ առողջությանը սպառնացող իրավիճակներ կամ դրանց ռիսկերի առկայություն (բժշկական ցուցում)
  • պտղի կամ ապագա նորածնի մոտ լուրջ կամ ծանր հիվանդության բարձր հավանականություն (բժշկական ցուցում):

Աբորտի վերաբերյալ օրենսդրությունը տարբեր երկրներում տարբեր է՝ կախված տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանից, մշակույթից, ավանդույթներից և այլն:

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 10.1)՝

Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) (այսուհետ` ընդհատում)` 1) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ. 2) 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

Հղիության արհեստական ընդհատման տարբերակները

Աբորտի ամենատարածված տարբերակը վիրահատական միջամտությունն է, որը կոչվում է վակուումային ասպիրացիա: Այս մեթոդով հեռացվում է արգանդի պարունակությունը՝ պտղով հանդերձ, ինչպես նաև արգանդի հարակից լորձաթաղանթը (էնդոմետրիում): Աբորտն ավելի քիչ ռիսկային է, երբ կատարվում է հղիության 7-12-րդ շաբաթվա միջակայքում: Այն տևում է մոտ 15 րոպե, սակայն դուք կարիք կունենաք բժշկական հսկողության ներքո մնալ ևս 4 ժամ:

Վիրահատական միջամտությունից ավելի պակաս ռիսկային է համարվում հղիության դեղորայքային ընդհատումը, որը սովորաբար կիրառվում է մինչև 9 շաբաթական հղիության դեպքում: Դեղորայքային աբորտն ունի 98% արդյունավետույուն, եթե իրականացվում է մինչև հղիության 9-րդ շաբաթը:

Հիշեք, որ երբեք պետք չէ ինքնուրույն դիմել հղիության ընդհատման միջամտություններին: Եթե նման պահանջ կամ ցանկություն կա, դիմեք ձեր բժշկին:

Ընդհանուր առմամբ, աբորտների վերաբերյալ քաղաքակիրթ մոտեցումն այն է, որ (բժշկական ցուցումներից բացի) ավելի անվտանգ և բարոյական է դիմել ընտանիքի պլանավորման մեթոդներին և կանխել անցանկալի հղիությունը, քան ստիպված լինել ընդհատելու անցանկալի հղիությունը:

Առաջարկում ենք նաև դիտել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ տեսանյութ

Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2018
Վերջին վերանայում՝ 08-04-2024