Skip to main content

Նկարագիր - Խոցային կոլիտ

Խոցային կոլիտը կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտն աղիների բորբոքային հիվանդություն է, որը առաջացնում է բորբոքում և բաց վերքեր (խոցեր) ձեր մարսողական խողովակում:

Խոցային կոլիտն ազդում է հաստ աղիքի ամենաստորին հատվածների լորձաթաղանթի վրա, որը նաև կոչվում է խթաղի (կոլոն) և ուղիղ աղիք (ռեկտում): Մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները՝ որովայնային ցավերը և փորլուծությունը սովորաբար զարգանում են ժամանակի ընթացքում, այլ ոչ թե հանկարծակի:

Խոցային կոլիտը կարող է ստանալ հյուծող ընթացք և երբեմն հանգեցնել կյանքին սպառնացող բարդությունների: Թեև այն հայտնի բուժում չունի, կան մի քանի նոր բուժումներ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել հիվանդության գանգատներն ու ախտանիշները և բերել երկարաժամկետ լավացման (ռեմիսիա):

Կրոնի հիվանդություն

Կրոնի հիվանդությունն աղիների բորբոքային հիվանդության մեկ այլ տեսակ է, որը ներառում է մարսողական խողովակի ցանկացած հատված՝ սկսած բերանի խոռոչից մինչև հետանցք, թեև ավելի հաճախ ախտահարում է բարակ աղու վերջին հատվածը` զստաղին (իլեում) կամ խթաղին (կոլոն) և ընդգրկում աղիների պատի ողջ հաստությունը: Ի տարբերություն Կրոնի հիվանդության, խոցային կոլիտն ախտահարում է միայն հաստ աղիքը, իսկ բորբոքումն ընդգրկում է միայն աղիքի պատի լորձաթաղանթը:

Իմացե՛ք ավելին Կրոնի հիվանդության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 06-04-2024