Գրադարան

Արգանդի արտանկում (պրոլափս)

Արգանդի արտանկում (պրոլափս)

Time Read 3 րոպե

​Արգանդի արտանկումը (կոչվում է նաև փոքր կոնքի օրգանների պրոլափս) մի հիվանդություն է, երբ արգանդի կապանային ապարատի և որովայնի​ առաջային պատի մկանների թուլացման պատճառով ​արգանդն արտանկվում է հեշտոցային բացվածքից:

Արգանդի արտնակումը սովորաբար բուժումից դուրս մնալիս ծանրանում է, ուստի կարևոր է, որ ժամանակին դիմեք բուժօգնության:

Ի՞նչ է արտանկված արգանդը

Պրոլափսը տեղի է ունենում, երբ փոքր կոնքի օրգանները պահող կապանները թուլանում են: Առանց այս օժանդակության, արգանդը կարող է տեղաշարժվել իր նորմալ դիրքից: Երբ արգանդն արտանկվելով անցնում է հեշտոցային ամբողջ ուղով, ապա բժիշկներն ասում են, որ առկա է լրիվ կամ ամբողջական պրոլափս:

Բժիկներն օգտագործում են աստիճանային համակարգ, որ նկարագրեն, թե ինչ չափով է արգանդը արտանկված` առաջին աստիճանը թեթևն է, երկրորդը՝ միջին և երրորդը՝ ծանր աստիճանի:

Որոշ կանանց մոտ կարող են արտանկվել նաև միզապարկը և հաստ աղին: Եթե միզապարկը հեշտոցի առաջային պատին առաջացնում է արտափքում (գրպանիկ), ապա կոչվում է ցիստոցելե, իսկ եթե ուղիղ աղիքն է արտափքում հեշտոցի հետին պատը, ապա՝ ռեկտոցելե:

Արգանդի արտանկում
Արգանդի արտանկում

Արգանդի արտանկման պատճառները

Պրոլափսի հինական պատճառը ծննդաբերությունն է, քանի որ ծննդուղիներով արգանդից դեպի հեշտոց անցնելով երեխան կարող է թուլացնել և հյուծել կապանային հյուսվածքները: Այլ պատճառներց են՝

  • քրոնիկ և երկարաձգված փորկապություններ
  • ծանրությունների հաճախակի բարձրացում
  • քրոնիկ հազ:

Կանայք ավելի հավանական է, որ պրոլափս ունենան դաշտանադադարից հետո, քան մինչ այդ: Պրոլափսը հակված է ունենալու ժառանգական նախատրամադրվածություն և ավելի հաճախ է հանդիպում մարմնի ավելորդ քաշով կանանց մոտ:

Արգանդի արտանկման ախտանիշները

Պրոլափս ունեցող կանայք կարող են զգալ՝

  • զուգարանում միզապարկը կամ աղիքները լրիվ դատարկելու դժվարություն
  • միզարձակումը սկսելու կամ միզապարկը դատարկելու հետ կապված լրացուցիչ ջանքեր
  • կոնքահատակի կամ հեշտոցի վրա ծանրության կամ կախվածության զգաողություն
  • հեշտոց ներմղվող ուռածություն կամ հեշտոցից դեպի դուրս փքվածություն
  • աղիների կամ միզապարկի խնդիրներ
  • ցավոտ սեռական հարաբերություն
  • գոտկային շրջանի ցավեր:

Արգանդի արտանկման ախտորոշումը և բուժումը

Եթե կարծում եք, որ կարող եք ունենալ պրոլափս, դիմեք ձեր բժշկին, ով կզրուցի ձեզ հետ և կզզնի ձեզ: Գինեկոլոգիական ներզննումից հետո նա կարող է առաջարկել մեզի թեստ, գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), իսկ անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ հետազոտություններ:

Բուժումը կախված է պրոլափսի տեսակից և ծանրության աստիճանից: Որոշ կանանց մոտ կանքի հատակի մկանների ամրապնդումը և օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության ավելացումը բավարար են, որ գանգատները մեղմանան:

Այլ կանանց կարող է առաջարկվել օղաձև պեսարի, որը տեղադրվում է հեշտոցի վերին մասում:

Ծանր դեպքերում կարող է առաջարկվել թուլացած հյուսվածքների վիրահատական վերականգնում, արհեստական օժանդակող սարքի տեղադրում, կամ, ծայրահեղ դեպքում, արգանդի լրիվ հեռացում (հիստերէկտոմիա):

Արգանդի արտանկման կանխարգելումը

Դուք կարող եք նվազեցնել արգանդի արտանկման ռիսկը հետևյալ միջոցառումներով՝

  • կոնքի հատակի մկաններն ամրապնդող (Կեգելի) վարժություններ
  • կանոնավոր ֆիզիկական վարժանքներ
  • ծանրություններ բարձրացնելուց խուսափում
  • բջջանքով (բջջանյութով) հարուստ սննդակարգ և ջրի մեծ քանակների ընդունում (փորկապության կանխարգելում)
  • քաշի կարգավորում և առողջ քաշի պահպանում
  • ծխախոտից խուսափում:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2020 վերանայվել է՝ 19-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: