Skip to main content

Նկարագիր - Հեշտոցային արյունահոսություն

Դաշտանի հետ կապ չունեցող հեշտոցային արյունահոսությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են վարակը, դաշտանադադարը, հեշտոցի վնասվածքները և հորմոնային շեղումները:

Եթե ձեզ մոտ հեշտոցային արյունահոսությունը առատ է և ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Եթե ի հայտ է եկել չակնկալված հեշտոցային արյունահոսություն, դուք պետք է այդ մասին տեղեկացնեք ձեր բժշկին: Առանձնակի կարևորություն ունի բժշկական օգնության դիմելը, երբ ձեր հեշտոցային արյունահոսությունը սկսվել է հղիության ընթացքում կամ դաշտանադադարի շրջանում:

Ի՞նչը կարող է պատճառել հեշտոցային արյունահոսություն

Անկանոն դաշտանով պայմանավորված արյունահոսությունը սովորաբար անհանգստանալու տեղիք չի տալիս: Դաշտանների միջև արյունահոսությունը տարածված երևույթ է, հատկապես, եթե օգտագործում եք հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցներ՝ բերանային (օրալ) հաբ, հեշտոցային օղ կամ հորմոնային իմպլանտ: Առատ արյունահոսությունը կամ արյունահոսությունը, որը տևում է նորմալ դաշտանից ավելի երկար, նույնպես տարածված երևույթ է հատկապես դեռահասների կամ դաշտանադադարին մոտեցող տարիքի ժամանակ:

Սակայն, սեռական հարաբերությունից հետո կամ դաշտանների միջև ընկած շրջաններում արյունահոսության ի հայտ գալը կարող է լինել որևէ հիվանդության ախտանիշներից մեկը, օրինակ՝ պոլիպներ, արգանդի միոմա (ֆիբրոիդ), արգանդի լորձաթաղանթի հետ կապված խնդիրներ կամ հորմոնային շեղումներ:

Հազվադեպ, արտասովոր երկար տևող հեշտոցային արյունահոսությունը կարող է լինել շատ ավելի լուրջ հիվանդության, օրինակ՝ քաղցկեղի պատճառ:

Հեշտոցային արյունահոսության այլ հնարավոր պատճառներից են՝

  • վարակ
  • հեշտոցի վնասվածք
  • հորմոնային շեղումներ
  • հղիության հետ կապված խնդիրներ
  • դաշտանադադար (մենոպաուզա) կամ հարդաշտանադադար (պերիմենոպաուզա)
  • սեռական օրգանների վարակային հիվանդություններ
  • սեռական ակտ (հարաբերություն)
  • որոշ հիվանդություններ և առողջական խնդիրներ, օրինակ՝ ցելիակա, լյարդային կամ երիկամային հիվանդություն
  • որոշ դեղամիջոցների օգտագործում
  • հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբերի հերթական դեղաչափի բացթողում
  • մոռացված ներհեշտոցային տամպոն
  • ներարգանդային պարույր
  • արգանդի, արգանդի վզիկի պոլիպ և այլ ոչ քաղցկեղային գերաճ
  • արգանդի քաղցկեղ:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024