Skip to main content

Դաշտանադադար - Հեշտոցային արյունահոսություն

Վերջին դաշտանից 12 ամիս անց կնոջ մոտ առաջացող հեշտոցային արյունահոսությունը նորմալ երևույթ չէ:

Իրականում, սա ոչ էլ խիստ անհանգստանալու տեղիք պետք է տա, եթե արյունահոսությունն առատ չէ, սակայն, բոլոր դեպքերում այս մասին պետք է տեղեկացնել ձեր բժշկին:

Դաշտանադադարից (մենոպաուզա) հետո հեշտոցային արյունահոսություն կարող է առաջանալ մի քանի պատճառներից: Դեպքերի մեծ մասում հետդաշտանադադարային արյունահոսության պատճառը մնում է անհայտ: Սակայն, նման վիճակը նաև կարող է լինել որևէ լուրջ հիվանդության նշաններից մեկը, ուստի բոլոր դեպքերում պետք է կապ հաստատել բժշկի հետ:

Դաշտանադադարից հետո արյունահոսելու ամենատարածված պատճառներն են՝

  • հեշտոցի լորձաթաղանթի բարակում և բորբոքում
  • արգանդի լորձաթաղանթի բարակում
  • արգանդի լորձաթաղանթի հաստացում, որը հաճախ զարգանում է որպես հորմոնային փոխարինող բուժման կողմնակի ազդեցություն
  • արգանդի պարանոցի կամ բուն արգանդի պոլիպներ
  • արգանդի պարանոցի այլ ախտահարումներ, այդ թվում՝ քաղցկեղային փոփոխություններ:

Նման դեպքերում բժիշկը գուցե նշանակի արտահերթ ՊԱՊ-քսուք:

Կարող են նաև լինել այնպիսի դեպքեր, երբ վերջին դաշտանից անցած լինի միայն մի քանի ամիս, և սխալմամբ կարծեք, որ ձեր դաշտանադադարն ավարտված է: Իրականում, դաշտանադադարը համարվում է ավարտված, եթե վերջին դաշտանից անցել է առնվազն 12 ամիս:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024