Skip to main content

Դաշտանների միջև - Հեշտոցային արյունահոսություն

Դաշտաններից դուրս առաջացող հեշտոցային արյունահոսությունն այնքան էլ անսովոր երևույթ չէ, սակայն կրկնվելու դեպքում պետք է այցելել բժշկին:

Դաշտանների միջև արյունահոսությունը կարող է ունենալ մի քանի պատճառ, օրինակ՝ հորմոնների մակարդակաների շեղումներ, հակաբեղմնավորիչ հորմոնային դեղերի կամ ներարգանդային միջոցների օգտագործում, սեռական օրգանների վարակային բորբոքումներ և այլն:

Նման գանգատի դեպքում անպայման դիմեք ձեր բժշկին: Գինեկոլոգիական քննությունը (ներզննում) անհրաժեշտ է նաև այն դեպքերում, եթե հեշտոցային արյունահոսությունը առաջացել է սեռական հարաբերությունից հետո:

Հորմոնային տեղաշարժեր

Երիտասարդ կանայք հաճախ աննշան արյունային արտադրություն կամ թույլ արյունահոսություն ունենում են դաշտանային ցիկլի ձվազատման շրջանում (օվուլյացիա), երբ ձվարանում ընթանում է ձվաբջջի ազատումը՝ սովորաբար դաշտանի 10-14-րդ օրերին: Սա նորմալ երևույթ է, որի պատճառը էստրոգեն հորմոնի մակարդակի ժամանակավոր անկումն է:

Նույն կերպ, սթրեսը կամ սննդակարգի կտրուկ փոփոխությունը կարող են բերել նույն հորմոնի մակարդակի կտրուկ անկման, որը նույնպես անվնաս երևույթ է: Բժիշկը կարող է հեշտությամբ հայտնաբերել նման իրավիճակները ձեզ հետ զրուցելուց և արյան հորմոնային թեստից հետո:

Հորմոնային հավասարակշռության այսպիսի խախտում (դիսբալանս) և անկանոն դաշտան նաև դիտվում է դաշտան նոր տեսած աղջիկների և դաշտանադադարի փուլ մտած կանանց մոտ:

Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործում

Եթե վերջերս սկսել եք ընդունել հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբեր, նույնպես կարող եք միջդաշտանային շրջանում նկատել հեշտոցային արյունային արտադրուկ կամ թույլ արյունահոսություն, որի պատճառը դարձյալ հորմոնային հավասարակշռության խախտումն է: Նման դեպքերը հաճախ գրանցվում են վերջին դաշտանից 2 շաբաթ անց:

Հակաբեղմնավորիչներ օգտագործելիս վերոնշյալ երևույթները սովորաբար անհետանում են 1-2 ամվա ընթացքում (եթե չեք մոռացել ընդունել ձեր հաբերը), իսկ դաշտանները սկսում են կանոնավորվել շուրջ 6 ամսվա ընթացքում:

Այնուամենայնիվ, եթե հեշտոցային արյունային արտադրուկը կամ արյունահոսությունը գրանցվում է ցիկլի այլ ժամանակային կետերում, պետք է խորհրդակցել ձեր բժշկի հետ, որ ժխտվեն այլ հիվանդությունները կամ հնարավոր պատճառները:

Եթե օգտվում եք բեղմնականխման այլ մեթոդներից, օրինակ՝ ներարգանդային միջոցներ, հակաբեղմնավորիչ ներարկումներ կամ հորմոն-ակտիվ այլ մեթոդներ, դաշտանային արյունահոսության բնույթը կարող է փոփոխվել: Որոշ կանանց մոտ այն կարող է դառնալ ավելի առատ, ավելի երկար կամ ավելի ցավոտ: Նման շեղումները սովորաբար ժամանակի ընթացքում մեղմանում կամ անհետանում են:

Դաշտանի օրերը երկարաձգվելիս բժիշկը կարող է նշանակել գանգատները մեղմացնող որոշ լրացուցիչ դեղամիջոցներ: Նա նաև կստուգի հավանական այլ պատճառների, օրինակ՝ վարակի առկայությունը:

Անպտղության բուժում

Հեշտոցային արյունահոսության պատճառ նաև կարող են հանդիսանալ անպտղության բուժման որոշ (ներարգանդային) միջամտությունները: Նման դեպքերում հեշտոցային արյունահոսությունը սովորաբար լինում է թույլ կամ չափավոր և ուղեկցվում է կծկանքային բնույթի ստորորովայնային ցավերով: Բոլոր դեպքերում, եթե նման միջամտությունից հետո սկսվել է առատ արյունահոսություն, անպայման դիմեք բուժող բժշկին:

Այլ պատճառներ (հիվանդություններ)

Միջդաշտանային շրջանի արյունահոսության պատճառ կարող են դառնալ նաև որոշ հիվանդություններ, օրինակ՝

  • էնդոմետրիոզ
  • արգանդի կամ պարանոցի պոլիպային գերաճեր
  • արգանդի պարանոցի բորբոքում
  • արգանդի միոմա (ֆիբրոիդ)
  • արտաարգանդային հղիություն
  • սկսվող վիժում
  • քաղցկեղ:

Ե՞րբ դիմել օգնության

Եթե հեշտոցային արյունահոսությունը խիստ առատ է և ուղեկցվում է սակավարյունության (անեմիա) կամ շոկի նախանշաններով, ինչպիսիք են գլխապտույտը, ուշագնացությունը և մաշկի գունատությունը, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024