Գրադարան

Արյունահոսություն հղիության ընթացքում

Արյունահոսություն հղիության ընթացքում

Time Read 3 րոպե

Հղիության ընթացքում սկսված արյունահոսությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին:

Ընդհանուր առմամբ, հեշտոցային արյունահոսությունը կարող է ունենալ ոչ լուրջ պատճառներ, սակայն հղիության ընթացքում նման գանգատի առկայությունը ավելի շուտ վկայում է հղիության ընթացքի բարդությունների մասին: Բոլոր դեպքերում, նման իրավիճակի հանդիպելիս պետք է ոչ թե խուճապի մատնվել, այլ պարզապես դիմել ձեր բժշկին, հատկապես, եթե արյունահոսությունն առատ է և արտահոսում են նաև արյան մակարդուկներ:

Հղիության վաղ շրջաններում կարող են առաջ գալ արյունային բնույթի թույլ արյունահոսության դրվագներ: Սա հաճախ համապատասխանում է հղիության այն փուլին, երբ սաղմը ներդրվում է արգանդի պատին (իմպլանտացիոն արյունահոսություն՝ վարդագույն արտադրուկով) և սովորաբար համընկնում է ակնկալած դաշտանի օրերին, եթե հղիություն չլիներ:

Հղիության ընթացքում արյունահոսության պատճառները

Հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում հեշտոցային արյունահոսությունը կարող է լինել ինքնաբեր վիժման (քսվող արյունահոսություն) կամ արտաարգանդային հղիության նշաններից մեկը, երբ աճող պտղաձուն պատռում է ֆալոպյան փողը, ինչը պահանջում է շտապ վիրահատություն: Այնուամենայնիվ, եթե վիժումը բացակայում է, արյունահոսությունն ինքնաբերաբար դադարում է և հղիությունը բնականոն կերպով շարունակվում է:

Հղիության ավելի ուշ փուլերում առաջացող արյունահոսությունը կարող է ունենալ տարաբնույթ պատճառներ: Դրանցից առավել հաճախ հանդիպողները ներառում են հետևյալը։

  • Հղիության ընթացում արգանդի պարանոցի լորձաթաղանթը դառնում է ավելի նուրբ (պարանոցային էկտրոպիոն) և ավելի արյունահոսող, հատկապես սեռական հարաբերությունից հետո:
  • Հղիության ընթացքում հեշտոցի վարակը կարող է դառնալ արյունահոսության կամ արյունային արտադրուկի պատճառ:
  • Հղիության ընթացքում արյունահոսության պատճառ նաև կարող են լինել արգանդի հիվանդությունները՝ միոմա, վզիկի էրոզիաներ և այլն։
  • Ուշ հղիության ընթացքում հեշտոցային արյունահոսության ամենահաճախ հանդիպող տեսակն այսպես կոչված «ներկայացումներն» են (shows)՝ քիչ քանակով արյան և լորձի խառնուրդը։ Նման երևույթի առկայությունը վկայում է, որ արգանդի վզիկը սկսում է նախապատրաստվել ծննդաբերության առաջին փուլին։ Արյունալորձային արտադրուկները կարող են ի հայտ գալ մինչև ծննդաբերական ճիգերի սկսվելը կամ բուն ծննդաբերության ընթացքում։
  • Ընկերքի շերտազատումը՝ արգանդի պատից ընկերքի պոկումը, լուրջ վիճակ է, որը կարող է դառնալ հրատապ վիրահատական բուժում պահանջող առատ արյունահոսության պատճառ։ Նորմայում ընկերքը պետք է շերտազատվի ծննդաբերության ժամանակ՝ պտղի ծնվելուց հետո և ոչ թե հղիության ընթացքում։ Ընկերքի շերտազատման ժամանակ, բուն արյունահոսության երևալուց առաջ կարող են առաջանալ որովայնային ցավեր։ Եթե ընկերքի շերտազատումը սկսվում է նախատեսված ծննդաբերության օրերից ոչ շատ շուտ, կարող է գրանցվել վաղաժամ ծննդաբերություն։
  • Առաջադիր ընկերքը (Placenta previa, «ցածր պառկած ընկերք») վիճակ է, որի պատճառը ընկերքի «անհաջող» տեղակայումն է արգանդի ստորին մասերում, ներքին օղի մոտ՝ ներսից գրկելով արգանդի վզիկը։ Սա կարող է խոչընդոտել պտղի ծնունդը։ Նման դեպքերում պտղի կենսունակությունը պահպանելու համար առաջարկվում է կեսարյան հատում։
  • Vasa previa-ն հազվադեպ հանդիպող վիճակ է, որի ժամանակ պորտալարի արյունատար անոթներն անցնում են արգանդի պարանոցը ծածկող պտղապարկի միջով և վերջինիս պատռվելուց և պտղաջրերն արտահոսելուց վնասվում են՝ առաջացնելով արյունահոսություն։ Նման իրավիճակում պտուղը կարող է մահանալ արյունամատակարարման կտրուկ կրճատման պատճառով։

Արյունահոսության պատճառի հայտնաբերումը

Հղիության ժամանակ գրանցված արյունահոսության պատճառը գտնելու նպատակով ձեր բժիշկը նախ կլսի ձեր գանգատները, որից հետո կարող է կատարել հեշտոցային ներզննում, նշանակել փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), արյան մեջ հորմոնների մակարդակների թեստ և այլ հետազոտություններ։

Եթե գանգատները սուր չեն և պտղի կյանքին չի սպառնում, կարող եք մի քանի օր մնալ ծննդատան հսկողության ներքո։

Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2018 վերանայվել է՝ 14-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով