Skip to main content

Նկարագիր - Վասկուլիտ

Վասկուլիտը արյունատար անոթների բորբոքմամբ ընթացքո հիվանդություն է:

Այն նաև հայտնի է որպես անգիիտ և արտերիիտ, որը թարգմանվում է որպես անոթաբորբ և զարկերակաբորբ։

Բորբոքումը կարող է հանգեցնել արյունատար անոթների պատերի հաստացման, ինչը նեղացնում է անոթի լուսանցքը՝ արյան անցման լայնությունը: Եթե արյան հոսքը նվազում է, դա կարող է հանգեցնել օրգանների և հյուսվածքների վնասմանը:

Գոյություն ունեն վասկուլիտի բազմաթիվ տեսակներ, և դրանցից շատերը հազվադեպ հանդիպող են: Վասկուլիտը կարող է ազդել միայն մեկ կամ մի քանի օրգանների վրա: Հիվանդությունը կարող է լինել կարճաժամկետ (սուր) կամ երկարատև (քրոնիկ):

Վասկուլիտը կարող է ախտահարել բոլորին, չնայած որոշ տեսակներ ավելի տարածված են որոշակի տարիքային խմբերի մոտ: Կախված ձեր վասկուլիտի տեսակից, դուք կարող եք լավանալ առանց բուժման: Այնուամենայնիվ, շատ տեսակներ պահանջում են դեղորայքային բուժում բորբոքումը վերահսկելու և սրացումները՝ բռնկումները կանխելու համար:

Վասկուլիտի տեսակները

Կան վասկուլիտի տարբեր տեսակներ, որոնք դասակարգվում են հետևյալ կերպ՝

  • համակարգային նեկրոտիկ վասկուլիտներ
    • հանգուցավոր պերիարտերիիտ
    • Չերջ-Ստրոսի համախտանիշ
    • խառը վասկուլիտ
  • Վեգեների գրանուլեմատոզ
  • հսկաբջջային արտերիիտ
  • աորտոարտերիիտ
  • հեմոռագիկ վասկուլիտ (Շենլեյն-Հենոխի հիվանդություն)
  • մաշկի ալերգիկ վասկուլիտներ
    • էկզոգեն անտիգենի մասնակցությամբ (դեղորայքային վասկուլիտ, շիճուկային հիվանդություն, վասկուլիտ վարակային հիվանդությունների դեպքում)
    • էնդոգեն անտիգենի մասնակցությամբ (պարանեոպլաստիկ վասկուլիտ, վասկուլիտ ռևմատիկ հիվանդությունների դեպքում, այլ երկրորդային վասկուլիտներ, վասկուլիտ կոմպլեմենտի համակարգի բնածին անբավարարության դեպքում)
  • այլ վասկուլիտներ
    • Կավասակիի հիվանդություն
    • առաջնային նեյրովասկուլիտ
    • օբլիտերացնող թրոմբանգիիտ (Բյուրգերի հիվանդություն)
    • Բեհչետի հիվանդություն
    • այլ։

Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024