Skip to main content

Հակաբիոտիկներից ալերգիա -

Եթե ունեք հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա, ձեզ մոտ կարող են առաջանալ ցան, դեմքի այտուցվածություն կամ շնչարգելություն:

Ալերգիան կամ գերզգայունության ռեակցիան հակաբիոտիկների ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն է: Միշտ տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նախկինում որևէ դեղից, այդ թվում՝ հակաբիոտիկներից ձեզ մոտ գրանցվել է որևէ տիպի ալերգիկ ռեակցիա:

Իմացե՛ք ավելին ալերգիաների մասին:

Թեթև ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել միայն մաշկային ցանով: Ծանր ալերգիկ ռեակցիան, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա, սովորաբար զարգանում է հակաբիոտիկն ընդունելուց հետո մոտ մեկ ժամվա ընթացքում և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է: Նման դեպքերում պետք է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն:

Անաֆիլաքսիայի ախտանիշներն են՝

  • դժվարացած կամ աղմկոտ շնչառություն
  • լեզվի այտուց
  • կոկորդի այտուց և նեղացում
  • խոսելու դժվարություններ
  • ձայնի խռպոտացում
  • խզզոց կամ հազ
  • գլխապտույտ կամ գիտակցության կորուստ
  • հաճախացած անոթազարկ (տախիկարդիա)
  • գունատություն և ընդհանուր թուլություն (հատկապես մանկահասակ երեխաների մոտ):

Երբեմն ձեզ մոտ կարող է զարգանալ անաֆիլաքսիայից ավելի քիչ վտանգավոր վիճակ, օրինակ՝

  • դեմքի, շրջունքների և (կամ) շրթունքների այտուցվածություն
  • եղնջացան կամ մաշկային բծեր
  • որովայնի ցավ կամ փսխումներ:

Ժամանակակից ուղեցույցներով որպես անաֆիլաքսիայի հասցնող սուր ալերգիկ բուժման առաջին միջոց առաջարկվում է Ադրենալինը (Էպինեֆրին):

Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի մասին:

Հակաբիոտիկներից ալերգիկ ռեակցիաների մեծ մասը պատճառվում է Պենիցիլինով կամ պենիցիլինի շարքի դեղերով: Ալերգիկ ռեակցիաներ առաջացնելու հակում ունեն նաև սուլֆոնամիդային խմբի հակաբիոտիկները:

Հակաբիոտիկ ստանալուց հետո առաջացող սրտխառնոցի զգացումը և փսխումը սովորաբար հակաբիոտիկի կողմնակի ազդեցության, քան ալերգիկ ռեակցիայի նշան է: Եթե որևէ հակաբիոտիկ ընդունելուց հետո ձեզ մոտ առաջանում է ալերգիկ ռեակցիա, բժիշկը կարող է ձեզ ուղեգրել ալերգոլոգի խորհրդատվության:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024