Գրադարան

Ֆուրունկուլ («չիբան»)

Ֆուրունկուլ («չիբան»)

Time Read 2 րոպե

Ֆուրունկուլը կամ «չիբանը» մազապարկի և հարակից հյուսվածքների սուր վարակային բորբոքման պատճառով մաշկի վրա առաջացող ցավոտ, կարմրած և թարախով լցված բշտիկ է:

Փոքրիկ ֆուրունկուլի խնամքով և բուժմամբ կարող եք զբաղվել ինքներդ, սակայն, եթե դրանք մեծ են, պետք է դիմել ձեր բժշկին: Նույն կերպ, այցելեք ձեր բժշկին, եթե ֆուրունկուլը գնալով վատթարանում է, տարածվում է կամ ուղեկցվում է ջերմությամբ:

Ի՞նչ է ֆուրունկուլը

Ֆուրունկուլները ձեր մաշկի վրա կարմրավուն ցավոտ թարախաբշտեր են: Դրանք կարող են առաջանալ ամենուրեք, սակայն ավելի հաճախ զարգանում են մազածածակ, շուտ քրտնող կամ հարվող շրջաններում՝ դեմք, պարանոց, թևատակեր և հետույք:

Այսպիսի թարախաբշտերի պատճառը մազապարկի, դրան հարող ճարպագեղձի և հարակից շարակցական հյուսվածքի վարակային բորբոքումն է: Եթե վարակվում է միայն մեկ մազապարկ, ապա առաջանում է ֆուրունկուլ («չիբան»), իսկ եթե միմյանց միաձուլվող մի շարք մազապարկեր, ապա՝ կարբունկուլ:

Ֆուրունկուլի ախտանիշներից են՝

  • սպիտակ կամ դեղնավուն կենտրոնով (ծայրով) կարմրած թարախաբուշտ
  • ցավ
  • ինքնազգացողության վատացում և ջերմություն, հատկապես մեծ թարախաբշտի դեպքում:
Ֆուրունկուլ
Ֆուրունկուլ

Ֆուրունկուլի պատճառները և ռիսկի գործոնները

Ֆուրունկուլը սովորաբար հարուցվում է ոսկեգույն ստաֆիլոկոկ կոչվող բակտերիալ վարակից (Staphylococcus aureus): Այս բակտերիան ապրում է ձեր մաշկի վրա՝ առանց որևէ վնաս կամ ախտահարում պատճառելու: Այն կարող է տարածվել ձեր մարմնի մի շրջանից դեպի մյուսը կամ փոխանցվել այլ մարդկանց:

Ֆուրունկուլ կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ, սակայն հիվանդության զարգացման ռիսկն աճում է հետևյալ դեպքերում՝

  • սերտ շփման մեջ եք եղել մեկ այլ անձի հետ, ով ունի ստաֆիլոկոկային վարակ
  • ունեք շաքարային դիաբետ (շաքարախտ)
  • ունեք մեկ այլ մաշկային հիվանդություն
  • ունեք թուլացած իմունային համակարգ:

Ֆուրունկուլի բուժումը

Թարախաբշտերը պետք է պահել մաքուր և ծածկած վիճակում: Կարևոր է, որ դուք չփորձեք ինքներդ սեղմելով դատարկել ֆուրունկուլը, քանի որ դա խիստ ցավոտ է և կարող է նպաստել վարակի տարածմանը:

Որպեսզի ֆուրունկուլը լավանա, այն պետք է դատարկվի: Սա կարող է տեղի ունենալ ինքնուրույն, իսկ որոշ դեպքերում կարող է նաև բուժման անհրաժեշտություն առաջանալ:

Փոքր ֆուրունկուլի դեպքում դուք կարող եք օրական մի քանի անգամ դնել տաքացնող միջոցներ (կոմպրես), որը կարող է օգնել բշտի դատարկվելուն:

Ավելի մեծ (5 սմ և ավելի տարածված) ֆուրունկուլների կամ կարբունկուլների ժամանակ պետք է դիմել բժշկին: Այցելեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, եթե ֆուրունկուլը ձեր դեմքի վրա է, արագորեն մեծանում է, խիստ ցավոտ է կամ ինքնուրույն չի լավանում երկու շաբաթվա ընթացքում:

Որոշ դեպքերում կարող է առաջանալ վիրաբույժի կողմից կտրվածք անելու և կուտակված թարախը դատարկելու կարիք: Բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ:

Մեծ ֆուրունկուլները և կարբունկուլներն ապաքինվելուց հետո կարող են թողնել սպիական փոփոխություններ:

Ինքնախնամք և կանխարգելում

Ֆուրունկուլ ունենալիս դուք կարող եք օժանդակել թարախաբշտերի ավելի արագ բուժմանը, ինչպես նաև կանխարգելել վարակի տարածումը հետևյալ պարզ քայլերով՝

  • կանոնավոր լվացեք ձեր ձեռքերը, հատկապես թարախաբշտին հպվելուց հետո
  • լավ սնվեք
  • կանոնավոր կերպով ցնցուղ կամ լոգանք ընդունեք
  • մաշկային վերքերը և կտրվածքները մաքուր և պաշտպանված պահեք
  • խուսափեք անձնական պարագաների համատեղ օգտագործումից, ինչպիսիք են սափրիչները կամ սրբիչները
  • հագուստը, սպիտակեղենը և սրբիչները լվացեք շատ տաք ջրով:

Իմացե՛ք ավելին երեխաների մոտ ֆուրունկուլի առանձնահատկությունների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-04-2020 վերանայվել է՝ 24-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով