Skip to main content

Ախտանիշներ - Կրծքագեղձի կիստա

Կրծքագեղձի կիստաները կարող են հայտնաբերվել մեկ կամ երկու կրծքերում:

Կրծքագեղձի կիստայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • փափուկ և հեշտ շարժվող կլոր կամ ձվաձև գոյացություն, որը կարող է ունենալ հարթ եզրեր, ինչը սովորաբար, թեև՝ ոչ միշտ, ցույց է տալիս, որ այն բարորակ է
  • պտուկից արտադրություն, որը կարող է լինել թափանցիկ, դեղին, ծղոտագույն կամ մուգ շագանակագույն
  • կրծքագեղձի ցավ կամ գոյացության շրջանում գերզգայունություն (ցավոտություն)
  • դաշտանից անմիջապես առաջ կրծքագեղձի գոյացության չափերի մեծացում և ցավոտություն
  • դաշտանից հետո կրծքագեղձի գոյացության չափերի նվազում և այլ ախտանիշների մեղմացում կամ վերացում:

Կրծքագեղձի կիստաների առկայությունը չի մեծացնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Սակայն կիստաների առկայությունը կարող է դժվարացնել կրծքագեղձի նոր գոյացություններ կամ այլ փոփոխություններ գտնելը, որոնք կարող են ձեր բժշկի կողմից գնահատման կարիք ունենալ: Դաշտանի օրերին ձեր կուրծքը կարող է դառնալ հանգուցավոր կամ ցավոտ, ուստի կարևոր է ծանոթ լինել, թե ինչպես են ձեր կրծքերը զգում (շոշափվում) դաշտանային ցիկլի ընթացքում, որպեսզի իմանաք, թե արդյոք ինչ-որ բան փոխվում է:

Ե՞րբ դիմել բժշկին

Կրծքագեղձի նորմալ հյուսվածքում հաճախ զգացվում (շոշափվում) է գոյացություն կամ հանգույց: Բայց եթե զգում եք կրծքագեղձի նոր գոյացություն, որը չի անհետանում, մեծանում կամ պահպանվում է մեկ կամ երկու դաշտանային ցիկլից հետո, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե ձեր մեկ կամ երկու կրծքերում նկատել եք մաշկային նոր փոփոխություններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024