Գրադարան
Ի՞նչ է խոլեսթերինը

3 րոպե
Խոլեսթերինը (խոլեսթերոլ) ճարպային նյութ է, որն արտադրվում է ձեր օրգանիզմում և ստացվում սննդով:
Խոլեսթերինը ձեր առողջության համար անփոխարինելի նյութ է, սակայն մեծ քանակները կարող են վնասել արյունատար անոթների պատը և մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Ինչո՞ւ է խոլեսթերինն անփոխարինելի
Խոլեսթերինի որոշ քանակներ անհրաժեշտ են, որ ձեր օրգանիզմը նորմալ գործի: Օրինակ, խոլեսթերինը մտնում է բջջաթաղանթների կառուցվածքի մեջ և մասնակցում է որոշ հորմոնների արտադրությանը:
Խոլեսթերինի տեսակները
Ձեր օրգանիզմի խոլեսթերինի շուրջ 75%-ն արտադրվում է լյարդի կողմից, իսկ մնացած 25%-ը ստանում եք սննդով:
Խոլեսթերինն արյան մեջ տեղափոխվում է լիպոպրոտեիդներով, որոնց երկու հիմնական տեսակներն են բարձր խտության (ԲԽԼ) և ցածր խտության լիպոպրոտեիդները (ՑԽԼ): Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել տրիգլիցերիդի (եռգլիցերիդ) թեստ:
- ԲԽԼ-ն հայտնի է որպես «լավ» խոլեսթերին, քանի որ այն խոլեսթերինը տեղափոխում է ձեր զարկերակների պատից դեպի լյարդ՝ պահեստավորման:
- ՑԽԼ-ն հայտնի է նաև որպես «վատ» խոլեսթերին, որովհետև իր խոլեսթերինը թողնում է զարկերակների պատի վրա:
- Տրիգլիցերիդը նույնպես արյան ճարպի մի տեսակ է, որն իր հերթին կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Բժիշկներն այս երեք թեստերը միասին անվանում են արյան լիպիդային պրոֆիլ: Արյան լիպիդային պրոֆիլի թեստն օգնում է բժշկին, որ գնահատի ձեզ մոտ սրտային հիվանդության, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկերը: Բժիշկը նաև հաշվի է առնում այլ ռիսկի գործոններ, ինչպիսք են՝ բարձր արյան ճնշում, ավելորդ կամ գիրություն, 2-րդ տիպի դիաբետ և ծխախոտի օգտագործում:
Իմացե՛ք ավելին արյան լիպիդային պրոֆիլի մասին:
Ինչո՞ւ է բարձր խոլեսթերինը վատ ձեր առողջության համար
Թեև խոլեսթերինի որոշ քանակներ անփոխարինելի են ձեր օրգանիզմի առողջության համար, նույն այդ խոլեսթերինի բարձր քանակները կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Այսպես, ՑԽԼ խոլեսթերինի ավելցուկային քանակները կուտակվում են անոթի պատի վրա՝ առաջացնելով վահանիկներ, որոնք արյան սահուն հոսքի համար դառնում են խոչընդոտ (աթերոսկլերոզ) կամ կարող են նպաստել արյան մակարդուկի առաջացմանը (թրոմբ):
Խոլեսթերինի նվազեցումը և բարվոք առողջության պահպանումը
Եթե ձեր արյան խոլեսթերինը բարձր է, դուք կարող եք նվազեցնել այն տարբեր ճանապարհներով:
Օրինակ, դուք կարող եք կրճատել սննդով ընդունվող հագեցած ճարպերի քանակը՝ ձեր սննդակարդը դարձնելով առողջ: Հագեցած ճարպերով հարուստ մթերքներից են՝
- տորթեր և թխվածքներ
- ճարպոտ միս
- կարագ և բարձր յուղային կաթնամթերքներ
- կոկոսի կամ արմավի յուղ պարունակող մթերքներ:
Ի լրումն, դուք կարող եք նպաստել խոլեսթերինի մակարդակի նորմալացմանը, եթե ձեր սննդակարգում ավելացնեք բջջանքով (բջջանյութով) հարուստ մրգեր և բանջարեղեններ:
Ֆիզիկական ակտիվության բարձրացումը նույնպես կօգնի, որ կարգավորեք ձեր բարձր խոլեսթերինը: Լավագույն տարբերակը ֆիզիկական ակտիվությունն առողջ սննդակարգի հետ զուգակցելն է:
Ապրելակերպի առողջացման միջոցով ձեր խոլեսթերինի կարգավորման ոչ բավարար արդյունքների դեպքում բժիշկը կարող է նշանակել խոլեսթերինը նվազեցնող որոշ դեղեր: Հիշեք, որ դեղամիջոցները ոչ թե փոխարինում են առողջ ապրելակերպի միջոցառումներին, այլ լրացնում են դրանք:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-05-2018 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: