Երեխաների մոտ դեպրեսիայի զարգացման մեջ դեռևս քննարկվում է հղիության ընթացքում սթրեսի և պտղի զարգացման վրա դրա ազդեցության նշանակությունը։
Մանկահասակ երեխաների մոտ դեպրեսիան հազվադեպ հանդիպող վիճակ է։ Այն կարող է դրսևորվել, եթե ծնողները կոպտորեն արհամարհում են իրենց երեխային կամ, ավելի հազվադեպ, երբ սահմանում են ծայրահեղ խիստ հսկողություն:
Սեռահասունացման տարիք չհասած երեխաների մոտ դեպրեսիան հանդիպում է շատ ավելի հաճախ։ Հիվանդությունը կարող է կապված լինել ընտանեկան դժվարությունների, ընտանիքում նոր երեխայի ծննդի կամ երեխայի սոցիալական կապերի ազդեցությունների հետ, ինչպիսիք են նոր մսուր-մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը:
Եթե երեխայի մոտ ի հայտ են գալիս դեպրեսիայի ախտանիշներ, ձեր լավագույն քայլը մասնագիտական օգնության դիմելն է։ Դեպրեսիայի դրվագներ ունեցած բազմաթիվ երեխաներ կարող են ապագայում ևս ունենալ նման երևույթներ, սակայն որևէ սթրեսային իրադարձության հետ կապված թույլ դեպրեսիան ունի առողջացման բարձր հավանականություն։
Երեխաների մոտ դեպրեսիայի նշանները
Նախասեռահասունացման տարիքի երեխաների մոտ դեպրեսիայի նշաններից են՝
- երկարաձգված թախծոտ տրամադրություն
- սովորական զբաղմունքներից հետաքրքրության կորուստ (խաղեր և այլն)
- մեկուսացում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կամ բակում
- արտասովոր վարքագծերի դրսևորում, օրինակ՝ գողություն կամ անհիմն պոռթկումներ
- ընդհանուր հոգնածության զգացում, հատկապես ցերեկային ժամերին
- քնի խանգարումներ
- գիշերամիզություն։
Իմացե՛ք ավելին դեպրեսիաների մասին։
Ո՞ւմ դիմել
Եթե կարծում եք, որ ձեր տղան կամ աղջիկը ունեն դեպրեսիա, առաջին քայլը բժշկին կամ հոգեկան առողջության ծառայությանը դիմելն է։ Երեխայի մոտ դեպրեսիայի ախտորոշումը բավականին բարդ գործընթաց է։ Կարող է անհրաժեշտություն ծագել, որ հոգեթերապևտը կամ հոգեբույժը ձեր թույլտվությամբ հանդիպեն և զրուցեն երեխայի մանկավարժների, ուսուցիչների, ընտանիքի մյուս անդամների և ընկերների հետ։
Երբեմն երեխան կարող է կտրուկ հրաժարվել որևէ բժշկական ծառայություն այցելելուց։ Նման դեպքում երեխային կօգնի ոչ թե ձեր զայրույթը, պարտադրանքը կամ խաբելը, այլ նրա հետ մտերմիկ զրույցը, որին կարող եք ներգրավել նաև մարդկանց, ում ձեր տղան կամ աղջիկը հավատում են։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024