Skip to main content

Նկարագիր - Կերակրափողի սպազմ

Կերակրափողային կծկանքները բերանի խոռոչը ստամոքսին միացնող մկանային խողովակի՝ կերակրափողի ցավոտ կծկանքներն են:

Դրանք կարող են դրսևորվել որպես հանկարծակի ի հայտ եկող հետկրծոսկրային ցավեր, որոնք տևում են մի քանի րոպեից մինչև ժամեր:

Կերակրափողային կծկանքներն առաջանում են միայն հազվադեպ և կարող են որևէ բուժման կարիք չառաջացնել: Սակայն երբեմն դրանք ի հայտ են գալիս հաճախակի, առաջացնում ռեգուրգիտացիա կամ ուղեկցվում ուժեղ ցավերով: Նման դեպքերում, երբ կերակրափողային կծկանքները խանգարում են ձեր սնունդ կամ հեղուկներ ընդունելուն կամ ուղեկցվում անհանգստացնող ցավերով, բուժումը կարող է զգալիորեն բարելավել ձեր ինքնազգացողությունը:

Կերակրափողի կծկանքների բուժումը

Բուժումը կախված է կերակրափողի կծկանքների հաճախականությունից և ծանրության աստիճանից:

Եթե կծկանքները հազվադեպ են, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք խուսափեք նման վիճակ պատճառող սննդամթերքներից կամ իրավիճակիցներից:

Եթե կծկանքների պատճառով սննդի և հեղուկի ընդունումը դժվարանում է, բժիշկը կարող է առաջարկել՝

  • առկա հիվանդությունների կամ վիճակների կառավարում, որը կարող է ուղղվել այրոցքի, ԳԷՌՀ, տագնապի կամ դեպրեսիայի բուժմանը (օրինակ՝ պրոտոնային պոմպի արգելակիչների (Օմեպրազոլ, Լանզոպրազոլ և այլն), հակադեպրեսանտների (Տրադոզոն, Իմիպրամին և այլն) և այլ դեղերի նշանակում)
  • կլմանը մասնակցող մկանների թուլացում, որի համար բժիշկը կարող է նշանակել որոշ դեղեր՝ ուղղված կերակրափողային կծկանքների մեղմացմանը
  • վիրահատություն (միոպոտմիա), որը եզակի դեպքերում կարող է ձեզ առաջարկվել, եթե դեղերը չեն օգնում, իսկ գանգատները խիստ անհանգստացնող են
  • պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա, որն ավելի նոր մեթոդ է և թույլ է տալիս կերակրափողի որոշ մկանների հատում կատարել «ներսից»՝ կերակրափողի լուսանցքից:

Կենսակերպ և ինքնօգնություն

Դուք կարող եք օգնել կերակրափողային կծկանքների կանխարգելմանը հետևյալ մեթոդներով՝

  • խուսափեք կծկանքներ առաջացնող սննդամթերքներից կամ հեղուկներից (ալկոհոլ, ըմպելիքներ և այլն)
  • խուսափեք խիստ տաք կամ խիստ սառը վիճակում սննդամթերքներ կամ հեղուկների ընդունելուց
  • փորձեք սթրեսը մեղմացնող կամ կառավարող ուղիներ և մեթոդներ
  • որոշ մարդկանց կարող է օգնել անանուխի յուղի ենթալեզվային օգտագործումը (որպես մկանները թուլացնող միջոց):

Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024