Skip to main content

Գաստրիտը միշտ չէ, որ առաջացնում է գանգատներ և ախտանիշներ:

Այնուամենայնիվ, գաստրիտ ունեցող որոշ մարդիկ կարող են նշել հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝

  • որովայնի վերին հատվածում (վերորովայն) մրմռոց, այրոց կամ ցավեր (ստամոքսի խանգարում), որը կարող է ուժգնանալ կամ թուլանալ ուտելուց հետո
  • սրտխառնոց
  • փսխում
  • ուտելուց հետո որովայնի վերին հատվածում լցվածության կամ ծանրության զգացում, երբեմն՝ նաև գղտոց։

Ե՞րբ դիմել բժշկին

Գրեթե բոլորի մոտ եղել են ստամոքսի խանգարման կամ գրգռվածության նոպաներ: Ստամոքսի խանգարման դեպքերի մեծ մասը կարճատև է և բուժօգնություն չի պահանջում: Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք մեկ շաբաթ կամ ավելի երկար շարունակվող գաստրիտի գանգատներ ու ախտանիշներ:

Անհապաղ դիմեք բժշկին, եթե ունեք ուժեղ ցավ, փսխում և չեք կարողանում պահել սնունդը կամ եթե զգում եք ուշագնացություն կամ գլխապտույտ: Տեղեկացրեք բժշկին, եթե ձեր ստամոքսի անհանգստությունն առաջանում է դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դեղեր, հատկապես Ասպիրին կամ այլ ցավազրկողներ ընդունելուց հետո:

Եթե արյուն եք փսխում, ձեր կղանքում արյուն կա կամ ունեք սև (ձութանման) կղանք, անմիջապես դիմեք ձեր բժշկին՝ պատճառը պարզելու համար կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024