Skip to main content

Ստամոքսի խանգարումը և այրոցքը հղիության ընթացքում -

Բազմաթիվ կանայք հղիության ընթացքում գանգատվում են ստամոքսի խանգարումից և արյոցքից, որոնք կարող են հանգեցնել ցավերի և անհարմարավետության:

Սակայն կան այս անցանկալի վիճակներից խուսափելու կամ բուժելու մեթոդներ, հատկապես, եթե դրանք թեթև են: Երբեմն այրոցքի զգացումը կարող է շփոթվել ավելի լուրջ առողջական խնդրի հետ, որը կոչվում է պրեէկլամպսիա:

Ի՞նչ է ստամոքսի խանգարումը

Ստամոքսի կամ մարսողության խանգարումը, որը կոչվում է նաև ֆունկցիոնալ դիսպեպսիա, ստամոքսի շրջանում՝ որովայնի վերին շրջանում (վերորովայն) ցավի կամ անհարմարավետության զգացում է, որը հաճախ առաջանում է ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց անմիջապես հետո կամ երբեմն՝ ավելի ուշ:

Հղիության վաղ շրջանում ստամոքսի խանգարում կարող է առաջանալ ձեր օրգանիզմում հորմոնային տեղաշարժերի պատճառով: Հղիության երկրորդ եռամսյակում ստամոքսի խանգարումն ավելի հաճախակի է առաջանում և կարող է առաջանալ պտղի կողմից ձեր ստամոքսը ճնշելու պատճառով: Հղիության ժամանակ նման խանգարում նշում են յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը:

Ստամոքսի խանգարման ախտանիշներից են՝

  • այրոցք (ռուսերեն՝ изжога)
  • ռեֆյլուքս կամ ռեգուրգիտացիա, երբ սնունդը ստամոքսից ետ է հոսում վերև՝ մտնելով կերակրափող
  • զկրտոց կամ գղտոց
  • ստամոքսի ծանրության, փքվածության կամ լցվածության զգացում
  • վատ ինքնազգացողություն
  • փսխում:

Իմացե՛ք ավելին ստամոքսի խանգարման կամ ֆունկցիոնալ դիսպեպսիայի մասին:

Ի՞նչ է այրոցքը

Այրոցքը (изжога) կոկորդի շրջանում կամ կրծոսկրի ետևում տեղակայված այրող ցավ է, որի պատճառը ստամոքսաթթվի դեպի կերակրափող ետ հոսքն է և դրա լորձաթաղանթի գրգռումը:

Իմացե՛ք ավելին այրոցքի մասին:

Հղիների մոտ ստամոքսի խանգարման և այրոցքի առաջացման պատճառները

Հղի կանանց մոտ ստամոքսի խանգարում կամ այրոցք կարող են առաջանալ հետևյալ պատճառներով՝

  • մեծ քանակությամբ սննդի ընդունում
  • ճարպերով հարուստ սննդի ընդունում
  • շոկոլադի կամ անանուխի ընդունում
  • ծխախոտի օգտագործում
  • մրգահյութերի կամ կոֆեինացված ըմպելիքների օգտագործում (սուրճ, թեյ, կոլա և այլն)
  • ուտելուց անմիջապես հետո ֆիզիկական աշխատանքի կամ գործի կատարում
  • իրանի առաջ թեքված կամ կռացած դիրք
  • հուզական անհանգստություն:

Լավ կլինի, որ նշումներ անեք այն մասին, թե կոնկրետ որ մթերքը, ըմպելիքը կամ գործն է, որ ձեզ մոտ առաջացնում է ստամոքսի խանգարում:

Ստամոքսի խանգարումից և այրոցքից խուսափումը

Եթե ձեր գանգատները թեթև են, հնարավոր է, որ սննդակարգի կամ ապրելակերպի որոշ փոփոխություններն օգնեն ստամոքսի խանգարման կամ այրոցքի կանխարգելմանը։ Դուք կարող եք փորձել՝

  • սնվել ավելի փոքր չափաբաժիններով և ավելի հաճախակի
  • խուսափել անկողին մտնելուց կամ պառելուց առաջ ուտելուց
  • խուսափել այնպիսի ուտելիք կամ ըմպելիք օգտագործելուց, որոնք ըստ ձեզ կարող են այրոցք առաջացնել
  • խուսափել օրվա ավարտին մեծ քանակով կամ թունդ սուրճ ըմպելուց
  • խուսափել միաժամանակ ուտելիք և ըմպելիք օգտագործելուց, որոնք միասին կարող են ավելի ծանրաբեռնել ձեր ստամոքսը
  • դադարեցնել ծխելը, եթե ծխող եք
  • մահճակալի գլուխը բարձրացնել 10-15 սմ-ով
  • պառկել ձախ կողմի վրա
  • ուտելիս իրանը պահել ուղիղ
  • օգտագործել մաստակ, որը կարող է խթանել թքարտադրությունը և օգնել թթվի չեզոքացմանը։

Եթե այս միջոցները փորձելուց հետո ձեր գանգատները չեն մեղմանում կամ անհանգստացնող են, ձեր բժիշկը կարող է նշանակել այնպիսի դեղամիջոցներ, որոնք ապացուցել են հղիության ընթացքում իրենց անվտանգությունը։ Դեղամիջոցները կարող են՝

  • չեզոքացնել ավելցուկային թթուն
  • կրճատել ստոմոքսաթթվի արտադրությունը
  • կանխել թթվային ռեֆլյուքսը և այրոցքը:

Հիշեք, որ ընդհանուր առմամբ և հատկապես հղիության ընթացքում դեղեր պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ կամ խորհրդով:

Իմացե՛ք ավելի հղիության ընթացքում դեղեր օգտագործելու անվտանգության մասին։

Այրոցքի ախտանիշները և պրեէկլամպսիան

Եթե այրոցքի ախտանիշները դեղերով չեն մեղմանում, կարևոր է, որ այցելեք ձեր բժշկին, քանի որ սա կարող է լինել ավելի լուրջ հիվանդության, օրինակ՝ պրեէկլամպսիայի նշան։

Պրեէկլամպսիայով հղի կինը սովորաբար ունի բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և երիկամների հետ կապված խնդիրներ։ Պրեէկլամպսիան նաև կարող է լրջորեն ազդել ձեր լյարդի, արյան և գլխուղեղի գործունեության վրա։ Այս վիճակը կարող է զարգանալ 20 հղի կնոջից շուրջ 1-ի մոտ։

Պրեէկլամպսիան վտանգավոր է ինչպես ձեզ, այպես էլ ձեր չծնված երեխայի համար, ուստի ձեր բժիշկը պետք է իմանա, եթե այրոցքի դեմ դեղերը ձեզ չեն օգնում։ Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ դուք ձեզ շատ վատ եք զգում կամ ունեք՝

  • ձեռքերի, ոտնաթաթերի կամ դեմքի հանկարծակի այտուցվածություն
  • գլխացավեր, որոնք սովորական ցավազրկողներով չեն մեղմանում
  • տեսողության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն, տեսադաշտում առկայծումներ կամ կետեր
  • կողերից ներքև ուժեղ ցավեր։

Իմացե՛ք ավելի պրեէկլամպսիայի մասին։

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2020
Վերջին վերանայում՝ 04-03-2024