Skip to main content

Նկարագիր - Աղիների բորբոքային հիվանդություն

Աղիների բորբոքային հիվանդությունը (ԱԲՀ) տերմին է, որը նկարագրում է խանգարումներ, որոնք ներառում են ձեր մարսողական խողովալօ հյուսվածքների երկարատև (քրոնիկ) բորբոքումները:

ԱԲՀ-ը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ գրանցվում է 15-30 տարեկան երիտաստարդների մոտ:

ԱԲՀ-ի տեսակները ներառում են հետևյալը:

  • Խոցային կոլիտ. այս վիճակն առաջացնում է բորբոքում և խոցեր ձեր հաստ աղիքի (կոլոն) և ուղիղ աղիքի (ռեկտում) լորձաթաղանթի երկայնքով: Որպես կանոն, բորբոքումն ընդգրկում է հաստ աղիքի լորձաթաղանթի միայն մակերեսային շերտը: Խոցային կոլիտը երբեմն անվանում են նաև կոլիտ կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ:
  • Կրոնի հիվանդություն. ԱԲՀ-ի այս տեսակը բնութագրվում է ձեր մարսողական խողովակի լորձաթաղանթի բորբոքումով, որը հաճախ կարող է ընդգրկել մարսողական խողովակի խորը շերտերը (տրանսմուրալ էներիտ): Կրոնի հիվանդությունն առավել հաճախ ազդում է բարակ աղու վրա՝ սովորաբար ախտահարելով դրա վերջնային հատվածը՝ զստաղին (իլեում), որի համար ստացել է տերմինալ իլեիտ անվանումը: Այնուամենայնիվ, Կրոնի հիվանդությունը նաև կարող է ախտահարել հաստ աղիքը և հազվադեպ՝ վերին աղեստամոքսային խողովակը:

Ինչպես խոցային կոլիտը, այնպես էլ Կրոնի հիվանդությունը սովորաբար ընթանում են փորլուծությամբ, ուղիղաղիքային (ռեկտալ) արյունահոսությամբ, որովայնային ցավով, հոգնածությամբ և քաշի կորստով: Գանգատները և ախտանիշները ժամանակ առ ժամանակ սաստկանում (ախտադարձ կամ ռեցիդիվ) և մեղմանում են (ախտադադար կամ ռեմիսիա):

Որոշ մարդկանց համար ԱԲՀ-ը միայն թեթև հիվանդություն է: Մյուսների համար դա հյուծող վիճակ է, որը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող բարդությունների:

Թեև խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը վերջնական բուժում չունեն, գանգատները և ախտանիշները կարելի է մեղմացնել աուտոիմուն բորբոքումն ընկճող դեղամիջոցներով և այլ միջոցներով: Որոշ դեպքերում նաև կարող է առաջարկվել վիրահատական բուժում:

Իմացե՛ք ավելին խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024