Skip to main content

Երկաթի դեֆիցիտ (պակաս) -

Երկաթի պակասը տարածված վիճակ է, որն առաջին հերթին կապված է անեմիաների հետ:

Երկաթը համարվում է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անփոխարինելի միներալ (տարր), որի չափից դուրս ցածր քանակները կարող են բերել երկաթ-դեֆիցիտային սակավարյունության (անեմիա):

Մարդկանց օրգանիզմում երկաթի մակարդակը կարող է նվազել տարբեր պատճառներով, ուստի շատ կարևոր է, որ ժամանակին հայտնաբերվի այս տարրի քչացման բուն պատճառը, որից հետո միայն երկաթի պակասի բուժումը հնարավոր կլինի զուգակցել պատճառի բուժման հետ:

Եթե կարծում եք, որ ձեր օրգանիզմում երկաթի մակարդակը ցածր է, դիմեք ձեր բժշկին: Երկաթի պակասը հաստատող միակ միջոցը արյան թեստն է: Եթե արյան թեստով պարզվում է, որ ձեզ մոտ առկա է երկաթի պակաս, կարևոր է, որ հայտնաբերվի պատճառը:

Ի՞նչ է երկաթի դեֆիցիտը

Երկաթն անփոխարինելի տարր է: Նորմալ գործելու համար մեր բոլոր բջիջները երկաթի մշտական պահանջարկ ունեն: Մարդու օրգանիզմում երկաթ չի արտադրվում, ուստի մենք բոլորս էլ կարիք ունենք այն ստանալու արտաքին միջավայրից՝ սննդով:

Երբ օրգանիզմում չկան երկաթի բավարար պաշարներ, զարգանում է երկաթի պակաս:

Երկաթի գլխավոր դերակատարությունը կապված է արյան կարմիր գնդիկների՝ էրիթրոցիտների հետ, որի երկաթ պարունակող հեմոգլոբին սպիտակուցը իրականացնում է թթվածնի տեղափոխումը թոքերից դեպի մյուս բոլոր օրգանները և հյուսվածքները:

Որո՞նք են երկաթի դեֆիցիտի պատճառները

Երկաթի պակասը կարող է պատճառվել հետևյալ հիվանդություններով և վիճակներով:

  • Արյան կորուստ. արյունահոսությամբ կորցնելով արյան կարմիր գնդիկները (էրիթրոցիտներ) և հեմոգլոբինը, օրգանիզմում հյուծվում է նաև երկաթի պաշարը: Ընդ որում, նշանակություն ունեն ինչպես արյան սուր, այնպես էլ քրոնիկ կորուստները: Արյան կորստի բերող պատճառներից են՝ կանանց մոտ առատ դաշտանը, արյունահոսող խոցերը (այդ թվում՝ պեպտիկ և ասպիրինային), արյունահոսող աղիքային պոլիպները, քաղցկեղները և այլն:
  • Սննդակարգում երկաթի պակաս. օրգանիզմի համար երկաթի միակ աղբյուրը սնունդն է, ուստի տևական թերսնուցումը կամ սննդակարգում երկաթի պակասը բերում է օրգանիզմում երկաթի անբավարարության: Երկաթով հարուստ սննդատեսակներից են՝ միս, ձու, կանաչ տերևավոր բանջարեղեններ, երկաթով հարստացված սննդատեսակներ և այլն:
  • Աղիներում երկաթի ներծծման թուլացում. երկաթը սննդից դեպի մեր արյան հուն ներծծվում է բարակ աղիներում, ուստի բարակաղիքային խնդիրների ժամանակ կարող է զարգանալ երկաթի պակաս: Օրինակներից են՝ ցելիական, աղիների մի մասի վիրահատական հեռացումը (մասնահատում) և այլն:
  • Հղիություն. առանց երկաթային հավելումների, բազմաթիվ հղիների մոտ կարող է զարգանալ երկաթ-դեֆիցիտային անեմիա:

Որո՞նք են երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Եթե ձեզ մոտ զարգացել է երկաթի պակաս, դուք կարող եք զգալ ընդհանուր թուլություն, հոգնածություն և աշխատունակության անկում: Ձեզ դժվար է լինում կենտրոնացնել ուշադրությունը և, ընդհանուր առմամբ, որևէ գործ ձեռնարկել և կատարել:

Եթե երկաթի մակարդակը խիստ կրճատվում է, դուք դառնում եք անեմիկ, որն ուղեկցվում է հետևյալ նշաններով՝

  • խիստ արտահայտված թուլություն
  • օդի պակասի զգացում և հևոց
  • գունատություն և վերջույթների սառնություն
  • սրտի զարկերի հաճախացում կամ անկանոնություն (կամ երկուսն էլ)
  • գլխապտույտ և «աչքերի առաջ սևանալու» զգացում:

Երկաթի քրոնիկ անբավարարությունը բերում է նաև եղունգների փխրունության, գլխացավերի, լեզվի բորբոքման և ցավերի, ախորժակի անկման և այլն:

Ովքե՞ր են երկաթի դեֆիցիտի ռիսկի խմբում

Որոշ մարդիկ (օրինակ՝ երեխաներ, դեռահասներ, հղի և կրծքով կերակրող կանայք) ավելի շատ երկաթի կարիք ունեն, քան մյուսները:

Երկաթի պակասի նկատմամբ ռիսկի խմբում են նաև դաշտանային տարիքի աղջիկները և կանայք, բուսակերները և հումակերները, կովի կաթով սնվող նորածինները և մշտական ֆիզիկական գերծանրաբեռնվությամբ մարզիկները:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2019
Վերջին վերանայում՝ 27-12-2023