Skip to main content

Թույլ քոր - Հղիության ընթացքի խնդիրներ

Հղիության ընթացքում մաշկի թույլ քորը տարածված երևույթ է, որը կարող է բացատրվել մաշկի արյան հոսքի առատացմամբ:

Երբ հղիությունը զարգանում է, իսկ երեխան՝ աճում, ձեր որովայնի մաշկը ձգվում է, և սա նույնպես կարող է առաջացնել մաշկի քորի և այլ անսովոր զգացողություններ:

Եթե հղիության ընթացքում ձեր մաշկը քոր է գալիս և մաշկի ախտահարման որևէ այլ նշան չկա, անհանգստանալու պատճառ չունեք: Հղիների մոտ ժամանակ առ ժամանակ սաստկացող մաշկի թույլ քորը լրիվ բնական երևույթ է:

Սակայն, եթե քորը դառնում է ուժեղ և անտանելի, սա կարող է լինել լյարդի լուրջ հիվանդության նշան, որը կոչվում է մանկաբարձական խոլեսթազ: Վերջինս կարող է զարգանալ ավելի պակաս, քան 100 հղի կնոջից 1-ի մոտ, սակայն պահանջում է բժշկական հսկողություն և բուժում:

Իմացե՛ք ավելին մանկաբարձական խոլեսթազի մասին:

Թույլ քորի կանխարգելումը և բուժումը

  • Թեթև զգեստը կարող է օգնել քորի մեղմացմանը, քանի որ պակասում է ձեր հագուստի շփումը մաշկի հետ, որը կարող էր պատճառել մաշկի գրգռում և քոր:
  • Օգտակար կարող է լինել նաև սինթետիկ կտորից զգեստից հրաժարվելը և դրա փոխարեն բնական մանրաթելից, օրինակ՝ բամբակից գործած հագուստ կրելը: Բնական կտորը թույլ է տալիս, որ ձեր մաշկը շփվի օդի հետ:
  • Ձեզ նաև կարող է օգտակար լինել սառը ցնցուղ ընդունելը, ինչպես նաև լոգանքից հետո հիպոալերգիկ և ոչ հոտավետ լոսյոններ կամ խոնացավնող միջոցներ օգտագործելը, որոնք փափկացնում են մաշկը և թուլացնում քորը:
  • Որոշ կանայք կարող են հասկանալ, որ մաշկային քորը սաստկանում է մաշկը գրգռող ուժեղ օծանելիքներ օգտագործելիս: Ուստի, հղիության ընթացքում օծանելիքներից կամ քրտինքի դեմ հոտավետ նյութերից հրաժարվելը նույնպես կարող է դրական արդյունք տալ:
  • Ձեզ օգտակար խորհուրդներ կարող է տալ նաև ձեր բժիշկը:

Բոլոր այն դեպքերում, երբ տնային միջոցներով չի հաջողվում ձեր մաշկի քորը մեղմացնել կամ վերացնել, դիմեք ձեր բժշկին, քանի որ նման վիճակը կարող է կապված լինել ավելի լուրջ առողջական խնդրի հետ:

Իմացե՛ք ավելին մաշկի քորի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 07-04-2024