Skip to main content

Երիկամային անբավարարություն -

Երիկամային անբավարարությունն ծանր առողջական վիճակ է, որն առաջանում է տարբեր պատճառներից երիկամների անբավարար գործառույթի հետևանքով:

Երիկամների գործունեության խանգարումը բերում է մի վիճակի, երբ դրանք չեն հասցնում արյունը քամազատել-մաքրել օրգանիզմի նյութափոխանակության արգասիքներից, որոնք էլ որպես թափոնային նյութեր սկսում են կուտակվել արյան մեջ:

Երիկամային (ռենալ) անբավարարությունը կարող է զարգանալ հանկարծակի (սուր) կամ որպես երիկամային հիվանդության վերջնային փուլ (քրոնիկ): Վերջինս չբուժվելու դեպքում գրեթե միշտ ավարտվում է մահով:

Երբ երիկամների գործունեությունը խիստ ընկճված է, հիվանդի կյանքը փրկելու համար կարող է առաջանալ դիալիզի կամ հիվանդ երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն:

Ի՞նչ է երիկամային անբավարարությունը

Երիկամների գործունեության կտրուկ արգելակումը բերում է սուր երիկամային անբավարարության (ՍԵԱ): Այս վիճակը զարգանում է արագորեն՝ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում, և ավելի հաճախ հանդիպում է որոշ հիվանդությունների ծայրահեղ ծանր (կրիտիկական) փուլում, սովորաբար՝ անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքներում:

Իմացե՛ք ավելին սուր երիկամային անբավարարության մասին:

Ավելի հաճախ հանդիպում է քրոնիկ երիկամային անբավարարությունը (ՔԵԱ) որպես երիկամների քրոնիկ հիվանդության վերջին փուլ, երբ այս օրգանների գործունեության ընկճումը հասնում է շուրջ 90%:

Իմացե՛ք ավելին քրոնիկ երիկամային հիվանդության մասին:

Խնամք և աջակցություն

Երիկամային անբավարարությամբ մարդիկ հաճախ իրենց առողջական ծանր վիճակի հետ կապված մշտական խնամքի և աջակցության կարիք ունեն:

Որո՞նք են երիկամային անբավարարության պատճառները

ՍԵԱ-նավելի հաճախ հանդիպում է հիվանդանոցային բուժում ստացող ծանր հիվանդների մոտ: Պատճառներից են՝

  • դեպի երիկամներ արյան հոսքի կտրուկ դանդաղում (օրինակ՝ ծանր վնասվածքներ, տարածուն այրվածքներ կամ ծանր ջրազրկում)
  • երիկամների կծիկները խորը վնասող սուր ախտահարում (օրինակ՝ սուր թունավորումներ)
  • երիկամների արտատար խողովակների (միզածորանների) սուր խցանում (օրինակ՝ միզաքարային հիվանդություններ, ուռուցքներ):

Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել ՍԵԱ, ինչպիսիք են հակաբիոտիկները, քիմիոթերապիայի դեղերը, ռենտգենոգրաֆիայի մեջ օգտագործվող գունանյութերը (կոնտրաստ), բարձր արյան ճնշման և օստեոպորոզի բուժման մեջ նշանակվող դեղերը:

ՔԵԱհասցնող հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են շաքարային դիաբետը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և երիկամների բորբոքումը (գլոմերուլոնեֆրիտ):

Երիկամային անբավարարության նշանները և ախտանիշները

  • ՍԵԱ-ը կարող է ուղեկցվել մեզի քչացմամբ (օլիգուրիա) կամ բացակայությամբ (անուրիա) և օրգանիզմի հեղուկների պահմամբ, շփոթվածությամբ, սրտխառնոցով և կրծքավանդակի շրջանի ցավերով:
  • ՔԵԱ-ի ախտանիշներից են արտահայտված ընդհանուր թուլությունը և հոգնածության զգացումը, սրտխառնոցը, փսխումը, քորը, անհանգիստ ոտքերը, շնչարգելությունը, բուժմանը չենթարկվող բարձր արյան ճնշումը և գիշերային ժամերի միզարձակությունը:

Երիկամային անբավարարության բուժումը

Երիկամային անբավարարության բուժումը կարող է ընթանալ հետևյալ երեք տարբերակներով:

  • Երիկամների փոխպատվաստում, ինչը նշանակում է, որ հիվանդ երիկամը վիրահատական միջամտությամբ փոխարինվում է դոնորական առողջ երիկամով:
  • Դիալիզ, որի ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ արյունը (հեմոդիալիզ) կամ օրգանիզմի այլ հեղուկները (որովայնային դիալիզ) մաքրվում են նյութափոխանակության արգասիքներից և ավելցուկային հեղուկներից:
  • Օժանդակող կամ ախտանիշային բուժում, որը երիկամային անբավարարության հետևանքների մեղմացումն է՝ առանց բուն երկիամային հիվանդությունը բուժելու:

Բժիշկը նաև կարող է առաջարկել ձեր սննդակարգի, հեղուկների ընդունման և այլ հարցերի հետ կապված խորհուրդներ:

Երիկամային անբավարարության կանխարգելումը

Երիկամային անբավարարության կանխարգելումը ոչ այլ ինչ է, քան երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցում:

Դուք ինքներդ կարող եք օգնել ձեր երիկամների առողջ վիճակի պահպանմանը՝ հետևելով առողջ ապրելակերպի սկզբունքներին, մշտապես հսկելով ձեր արյան շաքարի մակարդակը (եթե ունեք դիաբետ) և արյան ճնշումը (եթե ունեք հիպերտենզիա): Այս համատեքստում, հետևելը նշանակում է ձեր առողջական վիճակի կանոնավոր ստուգում, բժշկի հետ մշտական կապի պահպանում և նրա նշանակած բուժման ճշգրիտ կատարում:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2018
Վերջին վերանայում՝ 11-05-2023