Skip to main content

Ախտանիշներ - Դեղորայքի գերընդունման գլխացավ

Դեղամիջոցների գերօգտագործման՝ դրանց երկարատև ընդունումից առաջացած գլխացավերի գանգատներն ու ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված սկզբնական գլխացավից և ընդունված դեղամիջոցից:

Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերը հաճախ՝

  • առաջանում են ամեն օր կամ գրեթե ամեն օր՝ հաճախ ձեզ քնից հանելով վաղ առավոտյան
  • մեղմանում են ցավազրկող դեղամիջոցներով, սակայն կրկին սաստկանում են, երբ դրանց ազդեցությունն անցնում է:

Այլ ախտանիշներից են՝

  • սրտխառնոց
  • անհանգստություն
  • ուշադրության կենտրոնացման դժվարացում
  • հիշողության խնդիրներ
  • դյուրագրգռություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Պատահական առաջացող գլխացավերը խիստ տարածված են: Սակայն կարևոր է, որ գլխացավի յուրաքանչյուր դրվագին վերաբերվեք լրջորեն, քանի որ դրանց որոշ տեսակներ կարող են լինել ծանր հիվանդության ախտանիշներից մեկը:

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր գլխացավը՝

  • հանկարծակի և ուժգին է
  • ուղեկցվում է ջերմությամբ, լարված պարանոցով, ցանով, շփոթվածությամբ, երկտեսությամբ, թուլությամբ, վերջույթների թմրածությամբ կամ խոսքի դժվարացմամբ
  • առաջացել է գլխի վնասվածքից հետո
  • չնայած հանգիստ պայմաններին և ցավազրկողների ընդունմանը, այնուամենայնիվ, վատթարանում է
  • նոր տեսակի և կայուն է, հատկապես, եթե 50-ն անց եք
  • ի հայտ է եկել շնչարգելության և հևոցի հետ միասին
  • ի հայտ է եկել կանգնելուց հետո, սակայն չի անհետանում, երբ պառկում եք:

Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե՝

  • սովորաբար շաբաթական երկու կամ ավելի անգամ ունեք գլխացավեր
  • շաբաթական ավելի քան երկու անգամ գլխացավի պատճառով խմում եք ցավազրկող դեղեր
  • դուք ստիպված եք խորհուրդ տրվողից ավելի մեծ դեղաչափով ցավազրկողներ ընդունել, որ մեղմացնեք ձեր գլխացավերը
  • ձեր գլխացավը փոխել է բնույթը:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024