Skip to main content

Ախտանիշներ - Քնի օբստրուկտիվ ապնոէ

Քնի օբստրուկտիվ ապնոէի առաջին ահազանգը տալիս են ձեր հարազատները, որոնք տագնապահար հետևում են, թէ ինչպես է ձեր խռմփոցը հանկարծակի ընդհատվում և առաջանում շնչառության կանգ, որին հետևում է խեղդոցի ձայներով ուղեկցվող ձեր շնչառության վերականգնումը​​։

Քնի օբստրուկտիվ ապնոէի գանգատներն ու ախտանշանները կարող են ներառել՝

  • արտահայտված ցերեկային քնկոտություն
  • բարձրաձայն խռմփոց
  • քնած ընթացքում շնչառության դադարեցման դրվագներ, որոնք կարող են նկատել հարևանությամբ գտնվող մարդիկ
  • հանկարծակի արթնացումներ, որոնք ուղեկցվում են հևոցով կամ շնչահեղձությամբ
  • քնից արթնանալուց հետո բերանի չորություն կամ կոկորդացավ
  • առավոտյան գլխացավ
  • օրվա ընթացքում ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն
  • տրամադրության փոփոխություններ, ինչպիսիք են դեպրեսիան կամ դյուրագրգռությունը
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • սեռական ցանկության՝ լիբիդոյի նվազում:

Ե՞րբ դիմել բժշկին

Խորհրդակցեք բժշկի հետ, եթե ունեք, կամ եթե ձեր զուգընկերը նկատում է հետևյալը`

  • բավականին բարձր խռմփոց, որը խանգարում է ձեր կամ մյուսների քունը
  • շնչահեղձ լինելով կամ խեղդվելով արթնացում
  • քնի ժամանակ շնչառության ընդհատումներ
  • արտահայտված ցերեկային քնկոտություն, որի պատճառով դուք կարող եք ննջել կամ քնել աշխատավայրում, հեռուստացույց դիտելիս, կամ նույնիսկ ավտոմեքենա վարելիս:

Խռմփոցը պարտադիր չէ, որ մատնանշի ինչ-որ հնարավոր լուրջ բան, և ոչ բոլորը, ովքեր խռմփացնում են, ունեն քնի օբստրուկտիվ ապնոէ:

Անպայման զրուցեք ձեր բժշկի հետ, եթե բարձր եք խռմփացնում, հատկապես, եթե ձեր խռմփոցներն ընդհատվում են լռության շրջաններով: Քնի օբստրուկտիվ ապնոէի դեպքում խռմփոցը սովորաբար ամենաբարձրն է, երբ քնում եք մեջքի վրա, և հանդարտվում է, երբ շրջվում եք կողքի վրա:

Հարցրեք ձեր բժշկին քնի ցանկացած խնդրի մասին, որը հանգեցնում է քրոնիկ հոգնածություն, քնկոտության և դյուրագրգռության: Ցերեկային չափազանց քնկոտությունը կարող է պայմանավորված լինել այլ խանգարումներով, օրինակ՝ նարկոլեպսիայով:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024