Թոքաբորբի գանգատներն ու ախտանիշները տարբեր են՝ սկսած մեղմից մինչև ծանր, որը կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարակը հարուցող մանրէի տեսակը և ձեր տարիքն ու ընդհանուր առողջական վիճակը:
Թեթև գանգատներն ու ախտանիշները հաճախ նման են մրսածության կամ գրիպի նշաններին, բայց ավելի երկար են տևում: Հաճախ թոքաբորբը դրսևորվում է «տարած» մրսածությունից կամ գրիպից մի քանի օր հետո:
Թոքաբորբի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- կրծքավանդակի ցավ, երբ շնչում կամ հազում եք
- շփոթվածություն կամ հոգեկան գործունեության փոփոխություններ (65 տարեկան և ավելի մեծահասակների մոտ)
- հազ, որը կարող է ուղեկցվել խորխով
- հոգնածություն
- ջերմություն (սովորաբար 38.5° C-ից բարձր), քրտնարտադրություն և դող-սարսուռ
- նորմալից ցածր մարմնի ջերմաստիճան (65 տարեկանից բարձր մեծահասակների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ)
- սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն
- շնչարգելություն և հևոց:
Նորածիններն ու մանկահասակ երեխաները կարող են վարակի որևէ նշան ցույց չտալ: Այլ դեպքերում նրանք կարող են փսխել, ջերմել, հազալ, երևալ անհանգիստ կամ հոգնած և ուժասպառ, կամ դժվարությամբ շնչել և ուտել:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք դժվարաշնչություն, կրծքավանդակի ցավ, մշտական բարձր ջերմություն (39°C և ավելի բարձր) կամ համառ հազ, հատկապես, եթե ձեր հազն ուղեկցվում է թարախային խորխով:
Հատկապես կարևոր է, որ բարձր ռիսկային այս խմբերն այցելեն բժշկին՝
- 65 տարեկանից բարձր չափահասներ
- 2 տարեկանից փոքր երեխաներ, ովքեր ունեն թոքաբորբի ախտանիշներ
- մարդիկ, ովքեր ունեն մեկ այլ հիվանդություն կամ թուլացած իմունային համակարգ
- մարդիկ, ովքեր ստանում են քիմիոթերապիա կամ օգտագործում են իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ։
Որոշ տարեցների և սրտային անբավարարությամբ կամ թոքերի քրոնիկ խնդիրներ ունեցող մարդկանց համար թոքաբորբը կարող է արագ վերածվել կյանքին սպառնացող վիճակի:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024