Skip to main content

Սրտի ռևմատիկ ​հիվանդություն -

Սրտի ռևմատիկ հիվանդությունը զարգանում է որպես ռևմատիզմի բարդություն, երբ ախտահարվում ու վնասվում են սրտի փականները կամ սրտի այլ հյուսվածքները։

Սա ծանր, հաշմանդամության հասցնող, երբեմն՝ մահվան ելքով հիվանդություն է։ Սակայն սրտի ռևմատիկ հիվանդությունը նաև լիարժեք կանխարգելելի է։

Իմացե՛ք ավելին ռևմատիզմի մասին:

Ի՞նչ է սրտի ռևմատիկ հիվանդությունը

Սրտի ռևմատիկ հիվանդությունը վերաբերում է սրտի փականների և այլ հյուսվածքների երկարաժամկետ ախտահարմանը, երբ ռևմատիկ բորբոքումն ընդգրկում է սիրտը (դեպքերի կեսում)։

Այս բորբոքումն առաջացնում է սրտի փականների լայնացում, որը հանգեցնում է փականային անբավարարության և արյան հետհոսքի (ռեգուրգիտացիա) կամ սպիացում, որը հանգեցնում է փականային բացվածքի նեղացման (ստենոզ) և արյան հոսքի նվազեցման։ Երբ սրտի փականները ձևափոխվում են, սրտի ներսում՝ նախասրտերից դեպի փորոքներ արյան հոսքն այլևս խանգարվում է։

Ովքե՞ր են սրտի ռևմատիկ հիվանդության նկատմամբ ռիսկի խմբերում

Ձեզ մոտ կարող է զարգանալ սրտի ռևմատիկ հիվանդություն, եթե ունեցել եք ռևմատիզմ։

Ռևմատիզմի նկատմամբ ավելի բարձր ռիսկ ունեն այն մարդիկ, ովքեր ապրում են կենցաղային անբարենպաստ պայմաններում, գերբնակեցված բնակարաններում և ունեն բժշկական օգնության սահմանափակ մատչելիություն։

Սրտի ռևմատիկ հիվանդությունը հակում ունի ավելի հաճախ զարգանալու որոշ ընտանիքներում, ուստի հետազոտողներն ուսումնասիրում են նաև հիվանդության զարգացման մեջ գեների դերը։

Սրտի ռևմատիկ հիվանդության ախտանիշները

Սրտի ռևմատիկ հիվանդությամբ մարդիկ կարող են երկար տարիներ որևէ գանգատ չնշել։ Զարգացող գանգատները և ախտանիշները կախված են սրտի ախտահարման տարբերակից և փականային համակարգի վնասման ծանրության աստիճանից։

Հիվանդության թեթև ընթացքի դեպքում բժիշկը սթետոսկոպով սրտի շրջանում կարող է լսել սրտի բաբախումին ուղեկցող անսովոր հնչյուններ կամ ձայներ՝ սրտի աղմուկ։

Միջինից մինչև ծանր սրտի ռևմատիկ հիվանդությունը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝

  • կրծքավանդակային ցավեր
  • վարժանք կատարելիս կամ պառկելիս օդի պակասի զգացում և հևոց
  • թուլություն և հոգնածության զգացում
  • սրտխփոցի զգացում
  • ոտքերի և դեմքի այտուցվածություն։

Ժամանակի ընթացքում ծանր սրտի ռևմատիկ հիվանդությունը կարող է առաջացնել լուրջ բարդություններ, ինչպիսիք են՝

  • սրտային անբավարարություն
  • ախտահարված փականների վարակ (էնդոկարդիտ)
  • ինսուլտ (իշեմիկ տիպի)
  • սրտազարկի հաճախացում (տախիկարդիա) կամ սրտի ռիթմի այլ խանգարումներ (առիթմիա)։

Սրտի ռևմատիկ հիվանդության ախտորոշումը

Ձեզ մոտ սրտի ռևմատիկ հիվանդություն կասկածելիս բժիշկը կարող է նշանակել սրտի գերձայնային հետազոտություն (էխոսրտագրություն), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) և կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, ինչպես նաև մի շարք արյան թեստեր։

Սրտի ռևմատիկ հիվանդության բուժումը

Սրտի ռևմատիկ հիվանդության բուժումն ունի երկու նպատակ՝ սրտի ախտահարմամբ պատճառված ընթացիկ խնդիրների մեղմացում կամ բուժում և հետագա ախտահարման և բարդությունների կանխարգելում։

Ձեր ընթացիկ սրտային խնդիրների բուժման մեջ բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք՝

  • պահպանում են սրտազարկը ավելի նորմալ հաճախականության և ռիթմի սահմաններում (առիթմիայի բուժում)
  • կանխարգելում են սրտային անբավարարությունը՝ նվազեցնելով ձեր օրգանիզմում պահվող հեղուկների քանակը
  • կանխարգելում են սրտի խոռոչներում արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումը։

Սրտի ռևմատիկ հիվանդությամբ որոշ մարդկանց կարող է առաջարկվել վիրահատություն՝ սրտի վնասված փականների վերականգնում կամ արհեստական փականի տեղադրում։

Սրտի ռևմատիկ հիվանդության հսկողությունը

Եթե դուք կամ ձեր երեխան ունեք սրտի ռևմատիկ հիվանդություն, բժիշկը կառաջարկի պարբերական այցեր և ստուգում, այդ թվում՝ նաև այլ մասնագետների կողմից (սրտաբան, ատամնաբույժ և այլն)։

Հիվանդությունը կարող է ավելի ծանրանալ, եթե տեղի է ունենում ռևմատիզմի վերադարձ՝ կրկնություն։ Նման վիճակը կանխարգելելու համար ձեզ կարող են առաջարկել յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ Պենիցիլինի կամ պենիցիլինների ներարկում։

Երկար ազդեցության հակաբիոտիկային ներարկումները շատ կարևոր են, ուստի երբեք բաց մի՛ թողեք հերթական ներարկումը կամ մի՛ հրաժարվեք դրանցից։

Դուք պետք է առանձնահատուկ խնամքով հետևեք ձեր բերանի խոռոչի և ատամների առողջությանը։ Ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժին պարբերաբար այցելելը նվազեցնում են սրտի վարակների ռիսկը։

Սրտի ռևմատիկ հիվանդության կանխարգելումը

Սրտի ռևմատիկ հիվանդությունը լիարժեք կանխարգելելի է։

Բազմաթիվ դեպքերում ռևմատիզմ ունեցող մարդիկ պենիցիլինների կանոնավոր ներարկումների շնորհիվ կարող են խուսափել սրտի ախտահարումից։

Ռևմատիզմի առաջին անգամ զարգանալու կանխարգելումը նույնպես կարևոր է։ Սա առաջին հերթին նշանակում է ռևմատիզմի պատճառ հանդիսացող կոկորդի ստրեպտոկոկային վարակների վաղ ախտորոշում և բուժում։

Ստրեպտոկոկային ֆարինգիտի ռիսկը կարելի է նվազեցնել՝ բարելավելով՝

  • կենցաղային և բնակարանային պայմանները
  • դարձնելով սննդակարգն առողջ, որը հարուստ է թարմ մթերքներով
  • օգտագործելով միայն մաքուր և թարմ ջուր
  • պահպանելով անձնական հիգիենայի կանոնները և կանոնավոր կերպով լվանալով ձեռքերը։

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 21-11-2023