Skip to main content

Թրոմբոզ -

Թրոմբոզն առաջանում է, երբ ձեր երակում կամ զարկերակում ձևավորվում է արյան մակարդուկ, նույնիսկ եթե դուք չեք արնահոսում:

Արյան մակարդուկը հայտնի է նաև որպես թրոմբ:

Առողջ վիճակում արյան մակարդուկ առաջանում է միայն արյունահոսության ժամանակ: Նման դեպքերում թրոմբն ունի պաշտպանական նշանակություն և առաջանում է, որ փակի անոթի վնասված մասը և դադարեցնի արյունահոսությունը: Եթե ինչ-որ մեկի արյան մակարդելիությունը կտրուկ ընկած է և վերանշյալ մեխանիզմը չի գործում, կարող են առաջանալ ծանր, անգամ՝ կյանքին սպառնացող արյունահոսություններ:

Թրոմբոզի տեսակները

Եթե թրոմբն առաջացել է ձեր մաշկին մոտ գտնվող երակներում, սա հայտնի է որպես մակերեսային թրոմբոզ: Այն կարող է պատճառել ցավեր, սակայն առողջական ծանր վիճակ չէ։

Եթե թրոմբը ձևավորվում է զարկերակներում, ապա առաջանում է զարկերակային թրոմբոզ, որը կարող է պատճառել առողջական լուրջ հետևանքներ՝ կապված տվյալ շրջանի արյունամատակարարման նվազեցման կամ կտրուկ դադարեցման հետ:

Վերջապես, թրոմբ կարող է առաջանալ նաև ձեր մարմնի խորքային երակներում, որը հայտնի է որպես խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ): ԽԵԹ-ը նույնպես կարող է առաջացնել ծանր առողջական հետևանքներ, հատկապես, եթե առկա է թրոմբի մի մասի պոկում և տեղաշարժ այլ շրջաններ, որը կոչվում է էմբոլիա կամ թրոմբոէմբոլիա:

Իմացե՛ք ավելին խորանիստ երակների թրոմբոզի մասին:

Թրոմբի չափսը կախված է այն անոթի լուսանցքի տրամաչափից, որտեղ մակարդուկն առաջացել է: Սակայն թրոմբն ունի նաև ժամանակի ընթացքում մեծանալու հատկություն:

Թրոմբոզի առաջացրած խնդիրները

Մակերեսային անոթների թրոմբը կարող է առաջացնել միայն ախտահարված շրջանն ընդգրկող ցավ, այտուցվածություն և կարմրություն: Սակայն, մակերեսային անոթների թրոմբ ունեցող մարդիկ հաճախ ունեն նաև ԽԵԹ:

Եթե ԽԵԹ առաջանում է ոտքերի կամ կոնքի երակներում, կարող են ի հայտ գալ ստորին վերջույթների, ավելի հաճախ՝ սրունքների ցավ և այտուցվածություն։ Սակայն, ավելի կարևոր նշանակություն ունի այն անցանկալի իրավիճակը, երբ այս երակներում ձևավորված մակարդուկից մի բեկոր պոկվում և տեղաշարժվում է դեպի թոքային զարկերակներ՝ առաջացնելով թոքային էմբոլիա (թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա, ԹԶԹԷ):

Եթե ձեր սրտում ձևավորվել է զարկերակային թրոմբ, այն կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտ, իսկ եթե թրոմբ ձևավորվել է պարանոցային զարկերակներում՝ իշեմիկ ինսուլտ:

Թրոմբոզի ռիսկի գործոնները

Զարկերակային թրոմբոզները սովորաբար հանդիպում են այն մարդկանց մոտ, ում զարկերակների պատի վրա կան ճարպային կուտակումներ, որոնց պատճառով այս անոթները ժամանակի ընթացքում դառնում են ավելի կարծր և նեղ:

Երակային թրոմբների առաջացման հավանականությունը բարձրանում է, եթե դուք՝

  • վերջերս ենթարկվել եք մեծ վիրահատության
  • ծխող եք
  • երկարատև անշարժ վիճակում եք
  • հղի եք
  • ունեք քաղցկեղ
  • կին եք և ստանում եք հորմոնային բուժում, այդ թվում՝ հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբեր
  • ունեք արյան որևէ հիվանդություն
  • ջրազրկված եք
  • նախկինում ունեցել եք ԽԵԹ:

Ինքնաթիռով ուղեվորությունը նույնպես քիչ բարձրացնում է ԽԵԹ-ի հավանականությունը, սակայն մյուս ռիսկի գործոններն ավելի կարևոր են:

Թրոմբոզի ախտորոշումը

Առկա գանգատների և ախտանիշների, ընդհանուր առողջական վիճակի և ապրելակերպի մասին ձեզ հետ խոսելուց հետո, եթե ձեր բժիշկը կասկածում է թրոմբոզի առկայություն, ձեզ ուղեգրում է մի շարք հետազոտությունների, ինչպիսիք են D-դիմերի և արյան այլ թեստերը, գերձայնային և պատկերային այլ հետազոտություննները։

Թրոմբոզի բուժումը

Մակերեսային թրոմբոզի ժամանակ բժիշկը ձեզ կարող է առաջարկել մի շարք բուժումներ, օրինակ՝ դեղեր, վիրահատություն և ախտահարված վերջույթի վիրակապում:

Զարկերակային կամ խորանիստ երակային թրոմբոզի բուժումը կախված է թրոմբի տեղակայումից և վերջինիս առաջացրած բարդությունից: Նման դեպքերում սովորաբար կազմակերպվում է հիվանդանոցային բուժում:

Որոշ մարդկանց կարող է առաջարկվել վիրահատություն, մյուսներին՝ միայն թրոմբը քայքայող կամ լուծող դեղեր՝ թրոմբոլիտիկներ: Սեղմող գուլպաները կարող են մեղմացնել ոտքերի այտուցը և ցավերը:

Որոշ դեպքերում կարող են նշանակվել նաև հակամակարդիչ դեղեր, օրինակ՝ Վարֆարին, որը նոսրացնում (ջրիկացնում) է արյունը՝ ընկճելով վերջինիս մակարդելիությունը: Երբեմն հակամակարդիչներ պետք է ստանալ ամիսների կամ տարիների ընթացքում, որ արդյունավետ կերպով խոչընդոտվի նոր մակարդուկների առաջացումը:

Թրոմբոզի կանխարգելումը

Թրոմբոզների առաջացման ռիսկը նվազեցնող միջոցառումներից են՝

  • եթե ծխող եք, հրաժարվեք ծխախոտից
  • հնարավորության դեպքում կրճատեք ալկոհոլի օգտագործումը
  • անհրաժեշտության դեպքում կարգավորեք մարմնի քաշը
  • հնարավորության դեպքում ավելի շատ ժամանակ հատկացրեք կանոնավոր ֆիզիկական վարժանքներին
  • առողջացրեք ձեր սննդակարգը:

Որոշ մարդկանց կարող է օգտակար ախտահարված ոտքին սեղմող գուլպա կրելը, հատկապես երկարատև թռիչքների ընթացքում կամ ծանր վիրահատությունների ընթացքում և դրանցից հետո:

Ըստ ախտորոշման, բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև ցածր դեղաչափով Ասպիրինի ամենօրյա ընդունում, որն օգնում է արյան մակարդուկների առաջացման կանխարգելմանը:

Եթե ունեք զարկերակային մակարդուկների առաջացման բարձր ռիսկ, բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ նաև արյան խոլեսթերինը և արյան ճնշումը նվազեցնող դեղեր:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2019
Վերջին վերանայում՝ 08-05-2023