Skip to main content

Ինքնօգնություն - Փսխում

Փսխումը կարող է առաջանալ շատ տարբեր պատճառներից՝ վարակիչ հիվանդություններ, սննդային թունավորում, ստամոքսի և 12-մատնյա աղու խնդիրներ և այլն։

Փսխումը նաև ոչ հազվադեպ ի հայտ է գալիս կանանց մոտ հղիության շրջանում։

Չափահաս մարդկանց մոտ փսխումը սովորաբար որևէ լուրջ խնդիր չի ներկայացնում և ինքնազգացողությունը լիարժեք վերականգնվում է 1-2 օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում փսխումը կարող է դառնալ լուրջ առողջական խնդիր, օրինակ՝ սուր ջրազրկում առաջացնելու պատճառով։

Փսխումը ստամոքսի և մասամբ 12-մատնյա աղու պարունակության արագ դատարկումն է բերանի միջոցով: Այն իրականացվում է մի շարք մկանախմբերի համաձայնեցված գործունեության արդյունքում, որոնք կառավարվում են գլխուղեղի փսխման կենտրոնի կողմից: Փսխման կենտրոնն ակտիվանում է ի պատասխան բերանից, ստամոքսից, աղիներից, արյունից, ներքին ականջի հավասարակշռության համակարգից և բուն գլխուղեղից եկող ազդակներին:

Երեխաները հակված են ավելի հաճախ փսխելու, քան չափահաս մարդիկ: Նրանք սովորաբար արագ վերականգնվում են, սակայն պետք է հաշվի առնել, որ երեխաները նաև արագորեն կարող են ջրազրկվել, հատկապես, եթե փսխումը զուգակցվում է փորլուծության հետ:

Իմացե՛ք ավելին երեխաների մոտ փսխման և փորլուծության առանձնահատկությունների մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024