Լաբ թեստեր

ԹՊՕ հակամարմիններ

Anti-TPO

Միջազգային անվանում (հապավում). Anti-Тhyroid Peroxidase Аntibodies (Anti-TPO)

Նկարագրություն

Թիրեոիդ պերօքսիդազի նկատմամբ հակամարմինները (Anti-TPO) հանդիսանում են վահանաձև գեղձի բջիջների թիրեոիդ պերօքսիդազ ֆերմենտի նկատմամբ հակամարմիններ:

Այս հակամարմինները հանդիսանում են սեփական օրգանիզմի նկատմամբ իմունային համակարգի ագրեսիայի ցուցանիշ: Թիրեոիդ պերօքսիդազն (TPO) ապահովում է յոդի ակտիվ տարատեսակի առաջացումը, որն այնուհետև կարողանում է մասնակցել թիրեոգլոբուլինի (TG) յոդացման գործընթացներին:

Anti-TPO-ն արգելակում է TPO ֆերմենտը, որի արդյունքում նվազում է վահանաձև գեղձի հորմոնների` թիրոքսինի (T4) և տրիյոդթիրոնինի (T3) սեկրեցիան: Սակայն, Anti-TPO-ի բարձր մակարդակը կարող է վկայել միայն աուտոիմուն գործընթացների ակտիվության մասին:

Anti-TPO-ն վահանաձև գեղձի աուտոիմուն ախտահարումը հայտնաբերող ամենազգայուն թեստն է: Սովորաբար այս հակամարմինների ի հայտ գալը հանդիսանում է առաջին շեղումը, որը զարգանում է Հաշիմոտոյի թիրեոիդիտի արդյունքում զարգացող թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոիզ) վաղ փուլերում: Բավարար զգայուն լաբորատոր մեթոդների շնորհիվ Anti-TPO-ն հայտնաբերվում է Հաշիմոտոյի թիրեոիդիտով մարդկանց 95%-ի և Գրեյվսի հիվանդությամբ մարդկանց 85%-ի մոտ: Հղիության ընթացքում Anti-TPO-ի ի հայտ գալը վկայում է մոր մոտ հետծննդյան թիրեոիդիտի զարգացման և երեխայի զարգացման վրա ազդեցության ռիսկի մասին:

Նորմալ արդյունքները զգալիորեն կախված են լաբորատոր թեստի մեթոդից: Anti-TPO-ի թեթև բարձրացած ցուցանիշները երբեմն կարող են գրանցվել գործնականում առողջ մարդկանց շրջանում: Մինչ օրս դեռ անորոշ է մնացել այն, թե արդյոք նման իրավիճակը կարելի է համարել ֆիզիոլոգիական նորմա, թե աուտոիմուն թիրեոիդիտի նախանշան: Չի բացառվում նաև Anti-TPO-ի՝ որպես ախտորոշիչ թեստի ոչ բավարար սպեցիֆիկության խնդրի առկայությունը:

Ցուցումներ

Նորածիններ

  • գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
  • մոր մոտ Anti-TPO-ի բարձր մակարդակ կամ Գրեյվսի հիվանդություն

Չափահասներ

  • թիրեոտոքսիկոզի տարբերակիչ ախտորոշում
  • թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոզ) տարբերակիչ ախտորոշում
  • վահանաձև գեղձի մեծացում (խպիպ)
  • Գրեյվսի հիվանդություն (դիֆուզ տոքսիկ խպիպ)
  • քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
  • օֆթալմոպաթիաներ՝ հարակնագնդային հյուսվածների մեծացում (Գրեյվսի էութիրեոիդ հիվանդության կասկած)
  • սրունքների պինդ այտուց (պերիթիբիալ միքսեդեմա)

Կենսանմուշ

Anti-TPO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չեն թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

ՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր, IU/ml)

Այլընտրանքային չափման միավոր

Մ/մլ (միավոր/միլիլիտր, U/ml)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

< 34 ՄՄ/մլ

Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)

< 5,6 Մ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

Anti-TPO-ի մակարդակի բարձրացում

  • Գրեյվսի հիվանդություն (դիֆուզ տոքսիկ խպիպ)
  • հանգուցավոր տոքսիկ խպիպ
  • ենթասուր թիրեոիդիտ (դե Կրեվենի)
  • վահանաձև գեղձի հետծննդյան դիսֆունկցիա
  • քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
  • իդիոպաթիկ հիպոթիրեոզ
  • աուտոիմուն թիրեոիդիտ
  • ոչ թիրեոիդային աուտոիմուն հիվանդություններ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 24-03-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: