Լաբ թեստեր

C պեպտիդ

C-PEP

Միջազգային անվանում (հապավում). C-Peptide (C-PEP)

Նկարագրություն

C պեպտիդը (C-PEP) ածխաջրային փոխանակության կենսաբանորեն ոչ ակտիվ մարկեր է և էնդոգեն ինսուլինի արտադրության ցուցանիշ:

C պեպտիդն էնդոգեն արտադրվող պրոինսուլինի (ProINS) կայուն հատվածն է, որը գտնվում է ալֆա- և բետա-շղթաների միջև և կազմված է 31 ամինաթթվային մնացորդներից (AA 33‑63): Այս պեպտիդը կոչվում է C` իր կապող (connecting) բնույթի համար (միմյանց է կապում պրոինսուլինի A և B շղթաները): Պրոինսուլինի մյուս հատվածն ինսուլինն է (INS), որը, քանի դեռ կապված է C-պեպտիդի հետ, չի դրսևորում իր կենսաբանական ակտիվությունը:

Այսպիսով, ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան բետա-բջիջների կողմից արտադրվող պրոինսուլինը (ProINS)՝ որպես նախահորմոն, իրենից ներկայացնում է ներքին ինսուլինի բնական պաշար, որը կուտակվում է այդ բջիջների Գոլջիի համակարգում և ըստ անհրաժեշտության պեպտիդազների ազդեցությամբ տրոհվում ու մուտք գործում արյան հուն:

Պրոինսուլինի տրոհման արդյունքում առաջանում են էքվիմոլյար քանակներով արդեն կենսաբանորեն ակտիվ ինսուլին (INS) և ոչ ակտիվ C-պեպտիդ (C-PEP): Ուստի, C-պեպտիդի մակարդակի որոշումը թույլ է տալիս գաղափար կազմել ենթաստամոքսային գեղձի կողմից ներքին (էնդոգեն) ինսուլինի սեկրետոր ունակության մասին:

Արյան C-պեպտիդի մակարդակի որոշումն, այնուամենայնիվ, ինսուլինի որոշման նկատմամբ ունի որոշ կարևոր առավելություններ:

  • Նախ, արյան մեջ C-պեպտիդի կիսաքայքաման պարբերությունն ավելի երկար է (մոտ 35 րոպե), ուստի վերջինս ավելի կայուն ցուցանիշ է, քան ինսուլինի մակարդակը:
  • Հաջորդը, C-պեպտիդը ինսուլինի նկատմամբ չի դրսևորում խաչաձև փոխկապվածություն, և հնարավորություն է տալիս գնահատել ինսուլինային սեկրեցիայի մակարդակը նույնիսկ արտաքին՝ ներարկային ինսուլինի ստացման կամ հակաինսուլինային հակամարմինների առկայության պայմաններում, որն առավել կարևոր նշանակություն է ստանում 1-ին տիպի (ինսուլին-կախված) շաքարային դիաբետով հիվանդների հետազոտման և հսկողության ժամանակ:

Սովորաբար C-պեպտիդի մակարդակը փոփոխվում է էնդոգեն ինսուլինի մակարդակի փոփոխություններին համապատասխան: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ ինսուլինի նյութափոխանակությունն ընթանում է գլխավորապես լյարդում, իսկ C-պեպտիդը մետաբոլիզվում և օրգանիզմից հեռանում է երիկամների միջոցով, C-պեպտիդի և ինսուլինի փոխհարաբերակցության գնահատումը թույլ է տալիս ավելի ճիշտ մեկնաբանել լյարդի գործունեության խանգարմամբ ընթացող հիվանդությունների ժամանակ ինսուլինի մակարդակի հնարավոր շեղումները:

Վերջին տարիներին C-պեպտիդի կենսաբանորեն ոչ ակտիվ լինելու վարկածը վերանայվել է:

Ցուցումներ

  • 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետների տարբերակիչ ախտորոշում
  • շաքարային դիաբետի ընթացքի կանխորոշում
  • անպտղություն, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • ցածր արյան շաքարի (հիպոգլիկեմիկ) վիճակների տարբերակիչ ախտորոշում
  • արհեստական հիպոգլիկեմիայի կասկած
  • ինսուլինաթերապիայի ֆոնի վրա շաքարային դիաբետով անձանց ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների մնացորդային ֆունկցիայի գնահատում
  • պատանեկան դիաբետի ժամանակ ռեմիսիայի հայտնաբերում և հսկողություն
  • ինսուլոմաների ախտորոշում
  • շաքարային դիաբետով հիվանդ հղիների մոտ պտղի ախտահարման ռիսկի գնահատում
  • լյարդային հիվանդության ժամանակ ինսուլինի սեկրեցիայի գնահատում
  • ենթաստամոքսային գեղձը հեռացնելուց հետո հիվանդների հսկողություն

Կենսանմուշ

C-PEP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխելը:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց) : Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/մլ)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր), պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

նմոլ/լ x 3,0 = նգ/մլ, պմոլ/լ x 0,003 = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

(1,1-4,4) նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

C-PEP-ի մակարդակի բարձրացում

  • բետա-բջիջների գերաճ (հիպերտրոֆիա)
  • ինսուլինոմա
  • ինսուլինի նկատմամբ հակամարմիններ
  • 2-րդ տիպի (ինսուլին-չկախված) շաքարային դիաբետ
  • հիպոգլիկեմիա՝ առաջացած ներքին ընդունման դիաբետի դեղերից (սուլֆոնիլմիզաթթվի ածանցյալներ)
  • APUD-ոմա
  • երիկամային անբավարարություն
  • սննդի ընդունում
  • որոշ դեղերի ընդունում՝ էստրոգեններ, պրոգեստերոն, գլյուկոկորտիկոիդներ, Քլորոխին, DԴանազոլ, Էինիլ-էստրադիոլ պարունակող և հակաբեղմնավորիչ օրալ հաբեր

C-PEP-ի մակարդակի նվազեցում

  • 1-ին տիպի (ինսուլին-կախված) շաքարային դիաբետ
  • ինսուլինաթերապիա (ենթաստամոքսային գեղձի նորմալ ռեակցիա՝ ի պատասխան էկզոգեն ինսուլինի ներարկմանը)
  • ալկոհոլային ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա)
  • սթրեսային վիճակ
  • ինսուլինային ընկալիչների նկատմամբ հակամարմինների արտադրություն (2-րդ տիպի դիաբետ)

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: