Լաբ թեստեր

Քլամիդիայի IgG հակամարմիններ

CHL Тr. IgG

Միջազգային անվանում (հապավում). Chlamydia Тrachomatis IgG (CHL Тr. IgG)

Նկարագրություն

Քլամիդիա տրախոմատիսի նկատմամբ տեսակ-սպեցիֆիկ IgG դասի հակամարմինները հանդիսանում են տարած կամ ընթացիկ քլամիդիային վարակի մարկեր:

IgG հակամարմիններն ի հայտ են գալիս Քլամիդիա տրախոմատիսի (CHL. T.) օրգանիզմ մուտք գործելուց 15-20 օր անց: Երկարատև ժամանակաշրջանի ընթացքում շրջանառող IgG հակամարմինների առկայությունը վկայում է նախկինում տարած քլամիդիային վարակի մասին: Այն սպեցիֆիկ, բարձր ակտիվության հակամարմին է, որն, այնուամենայնիվ, չի ապահովում քլամիդիայի նկատմամբ կայուն իմունիտետ: IgG-ն պահպանվում է արյան մեջ երկար տարիների, իսկ երբեմն՝ նաև ողջ կյանքի ընթացքում: IgG-ի տիտրն իջնում է վարակի բուժման կամ ընթացքի մեղմացման ժամանակ, իսկ վերաակտիվացման ժամանակ տիտրը կտրուկ բարձրանում է, երբեմն՝ մինչև 4 անգամ:

Վարակը փոխանցվում է սեռական, կոնտակտային-կենցաղային ճանապարհներով: Ռիսկի խմբերը ներառում են ոչ կանոնավոր սեռական կապեր դրսևորող անձինք և քլամիդիայով վարակված անձանց ընտանիքի անդամները (հատկապես երեխաները): Chlamydia trachomatis-ի տարրական մարմինների չափսը խիստ փոքր է՝ 0,2-0,4 մկմ, որի պատճառով պատնեշային հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործմամբ անգամ սեռական զուգընկերները մնում են ոչ լիարժեք պաշտպանված:

Քլամիդիոզը բակտերիալ վարակիչ համակարգային բնույթի հիվանդություն է, որն առավելապես դրսևորում է ենթասուր կամ քրոնիկ ընթացք: Բնորոշվում է լորձաթաղանթների էպիթելի վնասմամբ (սեռական օրգաններ, աչքեր և շնչուղիներ):

CHL. T.-ն առկա է երկու ձևերով՝ վարակիչ (տարրական մարմնիկներ)՝ մետաբոլիկ թույլ ակտիվ, որը հարմարեցված է գոյություն ունենալու արտաբջջային միջավայրերում և վեգետատիվ (ռետիկուլյար մարմնիկներ)՝ ներբջջային տեղակայման, մետաբոլիկ ակտիվ, որն առաջանում է քլամիդիաների բազմացման ժամանակ: Ցիտոպլազմատիկ վակուոլներում ռետիկուլար մարմնիկների տրոհման և տարրական մարմնիկների վերափոխման ընթացքում ձևավորվում են մինչև 1000 նոր տարրական մարմնիկներ: Զարգացման ցիկլը, որպես կանոն, ավարտվում է էպիթելիալ բջջի մեռուկացմամբ և վերջինիցս նոր տարրական մարմնիկների ազատմամբ:

Որոշ պայմանների առկայությամբ (իմունիտետի առանձնահատկություններ, հակաբիոտիկներով ոչ համարժեք բուժում) ռետիկուլյար մարմնիկների հասունացումը և դրանց փոխակերպումը տարրական մարմնիկների դանդաղում է, որն առաջացնում է CHL. T.-ի հիմնական հակածինների էքսպրեսիայի ընկճում, օրգանիզմի իմունային պատասխանի նվազում և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության փոփոխություն, և դրանց արդյունքում՝ վարակի պերսիստենցիա: Պերսիստենտ վարակի վերաակտիվացումը կարող է ընթանալ փոփոխված իմունային կամ հորմոնային վիճակի, վնասվածքների, վիրահատությունների և սթրեսի ազդեցությամբ:

Քլամիդիային վարակին ինտոքսիկացիան բնորոշ չէ: Քլամիդիային բորբոքային պրոցեսի արդյունքում ախտահարված լորձաթաղանթը հաստանում է, էնդոթելոցիտները և բազմաշերտ տափակ էպիթելը ենթարկվում են մետապլազիայի՝ շարակցական հյուսվածքի սպիական փոփոխությունների հետագա զարգացմամբ: Վերջինս, ինչպես ընդունված է համարել, հանդիսանում է տղամարդկանց և կանանց մոտ քլամիդիային ծագման վարակային բորբոքման արդյունքում երկրորդային անպտղության պատճառ:

Քլամիդիային վարակին ուղեկցող համակարգային խանգարումները (այդ թվում՝ Ռեյտերի համախտանիշի դեպքում) աուտոիմուն բնույթի են և կապված չեն բակտերեմիայի հետ:

Վարակի կլինիկական պատկերը մեծամասամբ սպեցիֆիկ չէ:

Տղամարդկանց մոտ քլամիդիոզի սկզբնական դրսևորումը կարող է ընթանալ միզուկաբորբի (ուրեթրիտ), ուղիղ աղիքի բորբոքման (պրոկտիտ), աչքի շաղկապենու բորբոքման (կոնյուկտիվիտ), ըմպանաբորբի (ֆարինգիտ) նշաններով, իսկ կանանց մոտ կարող է զարգանալ միզուկաբորբ, արգանդի վզիկի բորբոքում (ցերվիցիտ), պրոկտիտ, կոնյուկտիվիտ և վեներական լիմֆոգլանուլեմաներ: Երեխաների մոտ ավելի հաճախ գրանցվում են կոնյուկտիվիտներ, թոքաբորբեր (պնևմոնիաներ), միջին ականջաբորբեր (օտիտ) և բրոնխիոլիտներ:

Ախտորոշման համար դժվարություն է ներկայացնում քլամիդիոզի հատկապես անախտանիշ ձևերը:

Քլամիդիոզը կարող է բարդանալ որոշ թերապևտիկ խնդիրներով կանանց մոտ՝ սալպինգիտ, էնդոմետրիտ, արտաարգանդային հղիություն, անպտղություն, հետծննդյան էնդոմետրիտ, վաղաժամ ծննդաբերություն, անհաջող հղիություններ, մեռելածնություն (մահացած պտուղ), միզասեռական ուղու ուռուցքներ, իսկ տղամարդկանց մոտ՝ մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ), շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), Ռեյտերի համախտանիշ, անպտղություն և ուղիղաղիքային կպումներ:

Ցուցումներ

Երկու սեռերի մոտ՝

  • անպտղություն
  • միզուկաբորբ (ուրեթրիտ)
  • ուղիղ աղիքի բորբոքում (պրոկտիտ)
  • չպաշտպանված սեռական հարաբերություններ
  • ռեակտիվ արթրիտ (Ռեյտերի համախտանիշ)
  • սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն
  • աչքի շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ)
  • ըմպանաբորբ (ֆարինգիտ)

Կանաց մոտ՝

  • անհաջող հղիություններ
  • ցերվիցիտ (այդ թվում՝ հղիության ընթացքում առաջացող)
  • սալպինգիտ
  • էնդոմետրիտ
  • մեռելածնություն (մահացած պտուղ)
  • արտաարգանդային հղիություն

Տղամարդկանց մոտ՝

  • պրոստատիտ
  • մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ)

Երեխաների մոտ՝

  • թոքաբորբեր՝ երեխաների և թուլացած իմունիտետով անձանց մոտ
  • բրոնխիոլիտ՝ երեխաների մոտ

Կենսանմուշ

CHL Тr. IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Գործակից (Index)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • բացասական պատասխան՝ գործակիցը < 0,9
  • սահմանային (կասկածելի) պատասխան՝ գործակիցը (0,9-1,0)
  • դրական պատասխան՝ գործակիցը ≥ 1,0

Արդյունքների մեկնաբանություն

CHL. T. IgG դրական պատասխան

  • սուր քլամիդիոզ. վարակումը տեղի է ունեցել ոչ պակաս, քան 3-4 շաբաթ առաջ
  • բուժված վարակ, բուժումն ավարտելուց առաջին 3-9 ամսվա ընթացքում
  • ներարգանդային վարակի զարգացումը հավանական է

CHL. T. IgG բացասական պատասխան

  • վարակ չի հայտնաբերվել
  • CHL. T.-ով վարակումը տեղի է ունեցել պակաս, քան 3-4 շաբաթ առաջ
  • բուժված վարակ, բուժումն ավարտվել է ավելի քան 9 ամիս առաջ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 06-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: