Լաբ թեստեր

Կրեատինկինազ-ՄԲ

CK-MB

Միջազգային անվանում (հապավում). Creatine Kinase-MB (CK-MB)

Նկարագրություն

Կրեատինկինազ-МВ-ն (CK-MB) հանդիսանում է կրեատինկինազի MB իզոֆերմենտը, որը բնորոշ է սրտամկանի հյուսվածքին:

CK-MB-ի մոլեկուլը կազմված է երկու տարբեր ենթամիավորներից՝ M և B: Պարունակվում է բացառապես սրտամկանում:

CK-MB-ի ակտիվության որոշումը մեծ դեր է խաղում սրտամկանի ինֆարկտի ախտորոշման և հետինֆարկտային վիճակի վերհսկման մեջ՝ թույլ տալով գնահատել մեռուկացման ծավալի և վերականգնողական գործընթացների բնույթի մասին:

Հաարժեք գնահատման համար խորհուրդ է տրվում նաև օգտվել CK-MB և ընդհանուր կրեատինկինազի (CK) փոխհարաբերությունից, որի համար կարելի է օգտվել այսպես կոչված հարաբերական գործակցից (RI), որի > 2,5-3% վկայում է սրտամկանի վնասման մասին:

Սրտամկանի ինֆարկտի ախտորոշման և հետագա հսկողության մեջ CK-MB-ի մակարդակների կրկնակի չափումը պետք է իրականացվի նույն մեթոդով, ցանկալի է՝ նույն լաբորատորիայում:

Իմացե՛ք ավելին սրտամկանի ինֆարկտի մասին:

Ցուցումներ

  • սրտամկանի ինֆարկտի վաղ ախտորոշում
  • սրտամկանի ինֆարկտի և թոքերի ինֆարկտի կամ ստենոկարդիայի չբարդացած նոպայի միջև տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

CK-MB թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ < 25 Մ/լ

Արդյունքների մեկնաբանություն

CK-MB-ի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • սրտամկանի ինֆարկտ (100%-ոց ճշտություն)
  • սրտամկանի ինֆարկտի ընթացքի հսկողություն (ակտիվության աճ՝ նեկրոզի զարգացումից 2-4 ժամվա ընթացքում, առավելագույն ակտիվությանը հասնում է 12-24-րդ ժամերին, վերադարձ նորմալ արժեքներին՝ 3-րդ օրվանից սկսած, որի ուշացման դեպքում պետք է կասկածել նոր օջախների առաջացման վրա)
  • մկանային դիստրոֆիաներ
  • Ռեյնոյի համախտանիշ
  • շոկ
  • թունավորումներ
  • սրտամկանի ախտահարմամբ ընթացող վարակներ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: