Լաբ թեստեր

Ցիտոմեգալովիրուս IgM

CMV IgM

Միջազգային անվանում (հապավում). Cytomegalovirus IgM (CMV IgM)

Նկարագրություն

CMV IgG-ը իրենից ներկայացնում է ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgG դասի հակամարմինները:

CMV-ի նկատմամբ հակամարմինների տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմում է 40-100%: Այս ցուցանիշը հակադարձ կոռելացվում է սոցիալտնտեսական կարգավիճակից:

Ցիտոմեգալովիրուսը (հերպես-վիրուսների ընտանիքի վիրուս է: Ինչպես այդ ընտանիքի մյուս ներկայացուցիչներով, այնպես էլ CMV-ով վարակվելուց հետո վիրուսը մնում է օրգանիզմում հիվանդի ողջ կյանքի ընթացքում: Կայուն է խոնավ պայմաններում: Ռիսկի խմբերը ներառում են 5-6 տարեկան երեխաները, 16-30 տարեկան չափահասները, ինչպես նաև անալ սեռական հարաբերություն ունեցողները: Երեխաները ընկալունակ են վարակի օդակաթիլային ճանապարհով փոխանցման նկատմամբ՝ վարակվելով իրենց ծնողներից կամ այլ երեխաներից: Չափահասների մոտ ավելի բնորոշ է վարակի սեռական ճանապարհով փոխանցումը: Վիրուսը պարունակվում է սերմնահեղուկում և այլ կենսաբանական հեղուկներում: CMV-ի ուղղահայաց փոխանցումը (մորից պտղին) տեղի է ունենում ինչպես ընկերքի միջոցով, այնպես էլ բուն ծննդաբերության ժամանակ:

Ցիտոմեգալովիրուսի օրգանիզմ մուտք գործելուն հաջորդում է օրգանիզմի իմունային համակարգի փոփոխությունները: Ինկուբացիոն շրջանը տատանվում է 15 օրից մինչև 3 ամիս: Այս վարակի ժամանակ գրանցվում է ոչ ստերիլ իմունիտետ (այսինքն, վիրուսի լիարժեք էլեմինացիա չի դիտարկվում): CMV-ի նկատմամբ իմունիտետը դանդաղ զարգացող և անկայուն է, որի պատճառով հնարավոր է էկզոգեն վիրուսով ռեինֆեկցիա կամ լատենտ վարակի վերաակտիվացում: Օրգանիզմում վիրուսի երկարատև առկայության ժամանակ վերակառուցվում են հիվանդի իմունային համակարգի բոլոր օղակները: Օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան դրսևորվում է առաջին հերթին CMV-ի նկատմամբ հատուկ հարամարմինների առաջացմամբ, որոնք պատականում են IgM և IgG դասերին: CMV-ի նկատմամբ IgM դասի հակամարմինների առկայությունը վկայում է ընթացիկ կամ անցյալում կրած ցիտոմեգալովիրուսային վարակի մասին:

Ցիտոմեգալովիրուսային վարակը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որը սովորաբար ընթանում է լատենտ և պատկանում է այսպես կոչված օպորտունիստական վարակներին: Կլինիկական նշաններն ի հայտ են գալիս ֆիզիոլոգիական իմունոդեֆիցիտային վիճակների ֆոնի վրա (3-5 տարեկան երեխաներ, 2-րդ և 3-րդ եռամսյակում գտնվող հղիներ), ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի իմունոդեֆիցիտների ժամանակ (ՄԻԱՎ վարակ, իմունոդեպրեսանտների ընդունում, օնկոհեմատոլոգիական հիվանդություններ, ճառագայթային բուժում, շաքարային դիաբետ և այլն):

CMV վարակին բնորոշ է տարաբնույթ կլինիկական նշանները, սակայն լիարժեք իմունիտետի պայմաններում ընթանում է կլինիկապես գրեթե անախտանիշ: Հազվադեպ կարող է զարգանալ վարակային մոնոնուկլեոզի պատկեր (կազմում է վարակային մոնոնուկլեոզների շուրջ 10%-ը), որը կլինիկորեն չի տարբերվում Էպշտեյն-Բարի վիրուսով հարուցված մոնոնուկլեոզներից: Վիրուսի ռեպլիկացիան ընթանում է ռետիկուլո-էնդոթելիալ համակարգում, միզասեռական ուղու էպիթելում, լյարդում, շնչուղիների և մարսողական ուղու լորձաթաղանթներում: Իմունիտետի ընկճման պայմաններում CMV վարակն, այնուամենայնիվ, կարող է ստանալ լուրջ վտանգավոր բնույթ, քանի որ ախտաբանական գործընթացները կարող են ընդգրկել ցանկացած օրգան-համակարգերը: Հնարավոր է հեպատիտի, թոքաբորբի, էզոֆագիտի, գաստրիտի, կոլիտի, ռետինիտի, տարածուն էնցեֆալոպաթիաների, տենդի, լեյկոպենիայի զարգացում, իսկ ծանր ընթացքի դեպքում՝ նաև մահացու ելք:

CMV-ով հղիների առաջնային վարակման (35-50% դեպքերում) կամ հղիության ընթացքում վարակի վերակատիվացման ժամանակ (8-10% դեպքերում) զարգանում է ներարգանդային վարակ: Հղիության մինչև առաջին 10 շաբաթների ընթացքում ներարգանդային վարակ զարգանալու ժամանակ բարձրանում է պտղի արատավոր զարգացման, ինչպես նաև հղիության ինքնաբուխ ընդհատման վտանգը: Հղիության 11-28-րդ շաբաթների ընթացքում գրանցվող վարակումը կարող է առաջացնել պտղի ներարգանդային զարգացման դանդաղում, ներքին օրգաննների հիպո- կամ դիզպլազիաներ: Հղիության ավելի ուշ ժամկետներում գրանցված վարակման դեպքում վիրուսային ախտահարումը կարող է ստանալ տարածուն բնույթ՝ ընդգրկելով որոշ օրգաններ (օրինակ՝ ֆետալ հեպատիտ) կամ ի հայտ գալ պտղի ծնվելուց հետո (հիպերտենզիվ-հիդրոցեֆալային համախտանիշ, լսողության խանգարումներ, ինտերստիցիալ պնևմոնիտ և այլն): Վարակի զարգացումը կախված է նաև մոր իմունիտետի վիճակից, ինչպես նաև բուն վիրուսի վիրուլենտությունից և տեղակայումից: Նախածննդյան CMV վարակը կազմում է բոլոր կենդանածին ծննդաբերությունների 0,2‑2,5 %-ը:

CMV-ի նկատմամբ շճադրական կանանց շուրջ 10%-ի մոտ հղիության ընթացքում զարգանում է CMV-ի վերաակտիվացում, սակայն պտղի վարակման հաճախականությունը կազմում է սկսած 1%-ից՝ ոչ առաջնային վարակի ժամանակ մինչև 40%՝ առաջնային վարակի դեպքում:

Ներկայում CMV-ի դեմ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Դեղորայքային բուժումը թույլ է տալիս երկարաձգել ռեմիսիայի շրջանները և որոշակիորեն կանխարգելել վարակի ռեցիդիվը, սակայն թույլ չի տալիս օրգանիզմից էլեմինացնել այս վիրուսը: Այսպիսով, CMV-ային վարակի լիարժեք բուժումը հնարավոր չէ, սակայն, ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս պահել վարակը «քնած» վիճակում՝ բարձրացնելով հղիության անշեղ ընթացքի և առողջ երեխայի ծննդի հավանականությունը:

CMV վարակի նկատմամբ հետազոտման հատուկ խմբեր

Դասեր Պատճառներ
Կանայք, հղիության նախապատրաստություն 1. Հիվանդության լատենտ ընթացք 2. Հղիության ընթացքում առաջնային վարակման և վարակի ռեցիդիվի տարբերակիչ ախտորոշման դժվարություններ 3. Ներարգանդային վարակի ծանր հետևանքներ նորածինների մոտ
Հղի կանայք Ներարգանդային վարակի ծանր հետևանքներ նորածինների մոտ
Իմունոդեֆիցիտային վիճակներ Գեներալիզացված ձևեր

Նորածինների մոտ IgG-հակամարմինների մակարդակի հաջորդական բազմակի որոշումը թույլ է տալիս տարբերակիչ ախտորոշում անցկացնել բնածին (կայուն մակարդակ) և նեոնատալ (բարձրացող տիտր) վարակումների միջև: Եթե IgG հակամարմինների տիտրը կրկնակի (2 շաբաթ անց) հետազոտությամբ չի աճում, ապա անհանգստանալու կարիք չկա, իսկ եթե IgG-ի տիտրն աճում է, ապա պետք է քննարկել աբորտի հարցը:

CMV վարակը մտնում է TORCH-վարակների խմբի մեջ (Toxoplasma, Rubella, Cytomegalovirus, Herpes), որոնք համարվում են պտղի զարգացման համար պոտենցիալ վտանգավոր վարակներ: Իդեալական պայմաններում բժշկի խորհրդատվություն անցնելը և TORCH-հետազոտությունը պետք է իրականացնել պլանավորված հղիությունից 2-3 ամիս առաջ՝ համապատասխան բուժական և կանխարգելիչ միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև հղիության ժամանակ իրականացված հետազոտությունների արդյունքների հետ համեմատելու համար:

Ցուցումներ

  • հղիության նախապատրասոտում
  • ներարգանդային վարակների նշաններ, ֆետոպլացենտար անբավարարություն
  • իմունոսուպրեսիայի վիճակ ՄԻԱՎ վարակի, նեոպլաստիկ հիվանդությունների, ցիտոստատիկ միջոցների ընդունման ժամանակ և այլն
  • Էպշտեյն-Բարի վիրուսային վարակի բացակայության պայմաններում վարակային մոնոնուկլեոզի կլինիկական պատկերի առկայություն
  • անհայտ ծագման հեպատո-սպլենոմեգալիա
  • անհայտ ծագման տենդ
  • վիրուսային հեպատիտների մարկերների բացակայության պայմաններում լյարդային տրանսամինազների, գամա-գլյուտամիլտրանսֆերազի և հիմնային ֆոսֆատազի մակարդակների աճ
  • երեխաների մոտ պնևմոնիաների ատիպիկ ընթացք
  • անհաջող հղիություններ (մահացած պտուղ, առաջնային վիժումներ)

Կենսանմուշ

CMV IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Գործակից (ինդեքս)

Այլընտրանքային չափման միավոր

Մ/մլ (միավոր/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • ոչ ռեակտիվ (բացասական)՝ գործակիցը < 0,8
  • միջանկյալ (կասկածելի, հակասական)՝ (0,8‑1,0)
  • ռեակտիվ՝ գործակիցը ≥ 1,0

Այլընտրանքային միջակայքեր

  • ոչ ռեակտիվ՝ < 9,0 Մ/մլ
  • միջանկյալ (կասկածելի, հակասական)՝ 9,0‑< 10,0 Մ/մլ
  • ռեակտիվ՝ ≥ 10,0 Մ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

CMV IgM դրական պատասխան

  • առաջնային CMV վարակում կամ ռեակտիվ վարակներ
  • ներարգանդային վարակը հնարավոր է

CMV IgM բացասական պատասխան

  • CMV վարակումը տեղի է ունեցել ավելի, քան 3-4 շաբաթ առաջ
  • հետազոտությանը նախորդող վերջին 3-4 շաբաթվա ընթացքում CMV վարակումը բացառվում է
  • ներարգանդային վարակը քիչ հավանական է)

Մինչև 0,8 գործակից կամ մինչև 9,0 Մ/մլ մակարդակ ստանալիս համարվում է, որ կենսանյութը (արյան շիճուկը) IgG-ի նկատմամբ ռեակվիվ չէ, իսկ հետազոտվողի մոտ բացակայում է սուր CMV վարակը, ուստի և նա առաջնային վարակի նկատմամբ ընկալունակ է:

Գործակիցը 0,8-ից մինչև 1,0 կամ 9,0 Մ/մլ և < 10,0 Մ/մլ միջև պատասխանները համարվում են միջանկյալ (կասկածելի), որը նշանակում է, որ հետազոտությունը պետք է կրկնվի: Եթե կրկնակի հետազոտությամբ ստացված պատասխանը դարձյալ միջանկյալ միջակայքում է, ապա երկրորդ կենսանմուշը պետք է հանձնել 2 շաբաթվա ընթացքում:

Գործակիցը ≥ 1,0 կամ ≥ 10,0 Մ/մլ արդյունքը հայտնաբերում է CMV վարակի նկատմամբ IgM հակամարմինների առկայությունը: Նման դրական պատասխանը վկայում է սուր կամ վերջերս կրած CMV վարակի մասին, ինչը նշանակում է, որ նման անձինք կարող են հանդիսանալ (բայց ոչ՝ պարտադիր) վարակի պոտենցիալ փոխանցողներ (օրինակ՝ մորից պտղին):

Սուր CMV վարակն ախտորոշելիս անհրաժեշտ են լինում նաև իրականացնել այլ հետազոտություններ, օրինակ՝ CMV IgG-ի ավիդության թեստերը: Դրական CMV IgM-ը IgG-ի նկատմամբ ավիդության ցածր գործակցի հետ զուգակցումը վկայում է վերջին 4 ամսվա ընթացքում առաջնային CMV-ի առկայության մասին: Ախտորոշմանը կարող է օգնել 3-4 շաբաթվա միջակայքով կրկնակի հետազոտությամբ CMV IgG-ի տիտրի փոփոխություն արձանագրելիս:

Միջանկալ կամ թույլ դրական պատասխանը կարող է արդեն իսկ վկայել վաղ սուր CMV վարակի մասին (նաև այն դեպքերում, երբ կենսանմուշը CMV IgM-ի նկատմամբ եղել է ոչ ռեակտիվ):

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 27-03-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: