Անցնել գլխավոր բովանդակությանը

Կորտիզոլ - Հորմոններ

Միջազգային անվանում (հապավում). Cortisol (CORT)

Նկարագրություն

Կորտիզոլը կամ հիդրոկորտիզոնը (CORT) մակերիկամների կեղևի ստերոիդ հորմոն է՝ գլյուկոկորտիկոիդային հորմոններից ամենահզորը:

Կարտիզոլն ածխաջրային, սպիտակուցային և ճարպային փոխանակության կարգավորիչն է: Այն արտադրվում է մակերիկամների կեղևի խրձային շրջանում՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ACTH) հսկողության ներքո:

Արյան կորտիզոլի 75%-ը կապված է կորտիկոստերոիդ-կապող գլոբուլինի հետ (տրանսկորտին), որն արտադրվում է լյարդում, իսկ 10%-ը կապված է ալբումինի հետ: Կորտիզոլը նյութափոխանակության է ենթարկվում լյարդում: Հորմոնի կիսաքայքայման պարբերությունը 80-110 րոպե է: Այն քամազատվում է երիկամային կծիկներում և օրգանիզմից հեռանում մեզով:

Կորտիզոլն առանցքային դեր ունի օրգանիզմի՝ սթրեսի նկատմամբ պաշտպանողական արձագանքի մեջ: Այն օժտված է կատաբոլիկ ազդեցություններով: Կորտիզոլը բարձրացնում արյան գլյուկոզի մակարդակը՝ վերջինիս արտադրության խթանման և ծայրամասային յուրացումն ընկճելու միջոցով (որպես ինսուլինի ներհակորդ): Նվազեցնում է ճարպերի առաջացումը և խթանում քայքայումը՝ նպաստելով հիպերլիպիդեմիաների և հիպերխոլեսթերինեմիաների զարգացմանը:

Կորտիզոլի միներալոկորտիկոիդային ազդեցությունը թույլ է արտահայտված, սակայն ավելցուկային արտադրությունն առաջացնում է օրգանիզմում նատրիումի պահպանում, այտուցներ և կալիումի մակարդակի նվազեցում, ինչպես նաև կալցիումի բացասական հավասարակշռություն:

Կորտիզոլը հզորացնում է մյուս հորմոնների անոթասեղմիչ ազդեցությունը և խթանում միզարտադրությունը: Այն օժտված է նաև հակաբորբոքային ազդեցությամբ՝ նվազեցնելով օրգանիզմի գերզգայունությունը տարբեր գործոնների նկատմամբ: Նման ազդեցության հիմքում ընկած է կորտիզոլի՝ բջջային և հումորալ իմունիտետներն ընկճելու ունակությունը: Կորտիզոլը նաև կայունացնում է լիզոսոմային թաղանթները: Այս հորմոնը կրճատում է արյան էոզինոֆիլների և լիմֆոցիտների քանակը՝ միաժամանակ ավելացնելով նեյտրոֆիլների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների թիվը:

Կորտիզոլին բնորոշ է սեկրեցիայի օրական ռիթմը: Արյան շիճուկում առավելագույն մակարդակին հասնում է առավոտյան ժամերին (06:00-08:00), իսկ նվազագույնին՝ երեկոյան ժամերին 20:00-21:00): Տարիքի հետ կորտիզոլի արտադրությունը քիչ է փոփոխվում:

Հղիության ժամանակ կորտիզոլի մակարդակը հարաճուն բարձրանում է, որը կապված է տրանսկորտինի մակարդակի բարձրացման հետ (հղիության ուշ փուլերում՝ 2-5-ակի բարձրացում):

Կորտիզոլի մասնակի կամ լրիվ արգելափակումն առաջ է բերում ACTH-ի մակարդակի բարձրացում:

Տե՛ս նաև օրական մեզում ազատ կորտիզոլի թեստը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • օստեոպորոզ
  • մկանային թուլություն
  • չափահասների մոտ՝ ակնե (կորյակ, պզուկ)
  • արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
  • մաշկի ոչ նորմալ պիգմենտավորում
  • վաղաժամ սեռահասունացում
  • սակավ դաշտան (օլիգոմենորեա)
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • Ադիսոնի և Քուշինգի հիվանդությունների ախտորոշում

Առաջնային և երկրորդային մակերիկամային անբավարարությունների միջև տարբերակիչ ախտորոշում անցկացնելիս որոշում են արյան ACTH-ի և կորտիզոլի մակարդակներն առավոտյան ժամը 08:00-10:00: Առաջնային մակերիկամային անբավարարության ժամանակ կորտիզոլի մակարդակը նվազած է, իսկ ACTH-ինը՝ բարձրացած: Երկրորդային մակերիկամային անբավարարության դեպքում ACTH-ի մակարդակը նվազած կամ նորմայի ստորին սահմանային արժեքներին մոտ է:

Կենսանմուշ

CORT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Թեստի նախորդ օրերին պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (մարզումներ), մեկ օր առաջ՝ ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը:

Թեստի նախորդող օրերին պետք դադարեցնել նաև որոշ դեղերի ընդունումը՝ գլյուկոկորտիկոիդների սինթետիկ համարժեքներ, էստրոգեններ, օփիոիդներ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ:

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/դլ (միկրոգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/դլ х 27,6 = նմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Առավոտյան ժամեր 7:00-10:00՝ (171,0-536,0) (համապատասխանում է 6,2‑19,4 մկգ/դլ)
  • Ցերեկային ժամեր 16:00-18:00՝ (64,0-327,0) նմոլ/լ (համապատասխանում է 2,3‑11,9 մկգ/դլ)

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքCORT, նմոլ/լ
<12 ամս.28-966
12 ամս-5 տ.28-718
5-10 տ.28-1049
10-14 տ.55-690
14-16 տ.28-856
> 16 տ.138-635

Արդյունքների մեկնաբանություն

Արյան շիճուկի կորտիզոլի մակարդակի բարձրացում

  • հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
  • Քուշինգի համախտանիշ
  • մակերիկամների ադենոմա
  • մակերիկամների քաղցկեղ
  • մակերիկամների հանգուցավոր հիպերպլազիա
  • էկտոպիկ կորտիկո-ռիզիլիզինգ-հորմոնային համախտանիշ
  • էկտոպիկ ԱԿՏՀ-համախտանիշ
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի զուգակցված տարբերակ
  • թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)՝ կատաբոլիզմի նվազեցման հաշվին
  • գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
  • ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա)
  • գիրացում
  • դեպրեսիա
  • ՁԻԱՀ (չափահասների մոտ)
  • լյարդի ցիռոզ (կատաբոլիզմի նվազեցում)
  • վատ կառավարվող կամ բուժումից դուրս մնացած շաքարային դիաբետ
  • որոշ դեղերի ընդունում՝ Ատրոպին, ԱԿՏՀ, կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոն, Կորտիզոն, սինթետիկ գլյուկոկորտիկոիդներ, էստրոգեններ, Գլյուկագոն, Ինսերլին, ինտերֆերոններ (a-2, b, g), 6-ինտերլեյկին, օփիոիդներ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ, Վազոպրեսին

Արյան շիճուկի կորտիզոլի մակարդակի նվազեցում

  • հիպոպիտուիտարիզմ
  • Ադիսոնի հիվանդություն
  • մակերիկամների կեղևի բնածին անբավարարություն
  • վիճակ գլյուկոկորտիկոիդների երկարատև ընդունումից հետո
  • ադրենոգենիտալ համախտանիշ
  • թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ, սեկրեցիայի նվազեցում)
  • լյարդաբջջային անբավարարություն՝ լյարդի ցիռոզ, հեպատիտ (սեկրեցիայի նվազեցում)
  • կտրուկ քաշի անկում
  • որոշ դեղերի ընդունում՝ բարբիտուրատներ, Բեկլոմետազոն, Կլոնիդին, Դեքսամեթազոն, Դեզօքսիկորտիկոստերոն, Դեքստրոամֆետամին, Էֆեդրին, Էտոմիդատ, Կետոկոնազոլ, Լևոդոպա, Մագնեզիումի սուլֆատ, Միդազոլամ, Մեթիլպրեդնիզոլոն, Մորֆին, ազոտի օքսիդներ, լիթիումի պատրաստուկներ, Տրիամցինոլոն (երկարատև բուժում)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 11-04-2024