Skip to main content

C-ռեակտիվ սպիտակուց - Ագլյուտինացիոն թեսթեր

Միջազգային անվանում (հապավում). C-reactive protein (CRP)

Նկարագրություն

C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) «սուր փուլի» սպիտակուց է, որը հանդիսանում է բորբոքումների, մեռուկացման (նեկրոզ) կամ վնասվածքի ժամանակ հյուսվածքների վնասման ամենազգայուն և ամենաարագ ցուցանիշը:

CRP-ն կազմված է 5 նույնատիպ պոլիպեպտիդային շղթաներից, որոնք կազմում են 105000 դալտոն կշռով հնգանդամ: Այն իր անվանումըը ստացել է պնևմոկոկերի C-պոլիսարախիդների հետ պրեցիպիտացիայի ռեակցիայի մեջ մտնելու ունակության շնորհիվ (սա վարակներից օրգանիզմի վաղ պաշտպանության մեխանիզներից մեկն է):

CRP-ն խթանում է իմունային ռեակցիաները, այդ թվում՝ ֆագոցիտոզը, մասնակցում է Т- և В-լիմֆոցիտների փոխազդեցությանը և ակտիվացնում կոմպլիմենտի դասական համակարգը: Այն արտադրվում է գլխավորապես լյարդի բջիջներում (հեպատոցիտներ), որը հրահրվում է հակածիններով, իմունային կոմպլեքսներով, բակտերիաներով, սնկիկներով և հյուսվածքների տարածուն վնասումով (վնասվածքից մոտ 4-6 ժամ անց): Առողջ մարդու արյան պլազմայում CRP-ն բացակայում է:

CRP-ի արձագանքը հաճախ նախորդում է կլինիկական նշաններին, այդ թվում՝ ջերմության բարձրացմանը (տենդ): Արյան պլազմայում CRP-ի մակարդակը բարձր կապվածության մեջ է հիվանդության ակտիվության և ախտաբանական գործընթացի փուլի հետ: CRP-ի մակարդակն արագ և բազմապատիկ անգամ բարձրանում է տարբեր բնույթի և տեղակայման բորբոքումների, մակաբուծային վարակների, տրավմաների և ուռուցքների ժամանակ, որոնք ուղեկցվում են հյուսվածքների բորբոքմամբ և մեռուկացմամբ (նեկրոզ):

CRP թեստն ավելի հաճախ համեմատում են էրիթրոցիտների նստման արագության հետ (ESR): Երկու ցուցանիշներն էլ կտրուկ աճում են բորբոքային հիվանդության վաղ փուլերում, սակայն CRP-ն հայտնվում և անհետանում է ավելի վաղ, քան ESR-ն: Հաջող բուժման դեպքում CRP-ն սկսում է նվազել հետագա օրերի ընթացքում՝ նորմալանալով արդեն 6-10-րդ օրերին, մինչդեռ ESR-ն նվազում է միայն 2-4 շաբաթ անց:

Այսպիսով, CRP-ի արագ նորմալացումը թույլ է տալիս այս թեստից օգտվել հիվանդության ընթացքը հսկելու և բուժման արդյունավետությունը գնահատելու համար: Ցանկացած հիվանդության ժամանակ կամ վիրահատությունից հետո բակտերիալ վարակի ավելացումը (երկրորդային բակտերիալ վարակ)՝ լինի դա տեղային բնույթի կամ համակարգային (սեպսիս), ուղեկցվում է սուր փուլի սպիտակուցների և, առաջին հերթին՝ CRP-ի մակարդակների բարձրացմամբ:

CRP-ի քանակների վրա հորմոնները, ներառյալ՝ հղիության ժամանակ, գրեթե չեն ազդում: Հիվանդության քրոնիկ փուլի անցման ժամանակ CRP-ի մակարդակը նվազում է՝ մինչև լիարժեք անհետացում, իսկ ախտաբանական գործընթացի սրացման (ախտադարձի) ժամանակ կրկին բարձրանում է:

Վիրուսային և սպիրոխետային վարակների ժամանակ CRP-ն աճում է ոչ զգալի կերպով, ուստի տրավմաների բացակայության դեպքում արյան պլազմայում CRP-ի բարձր ցուցանիշը կարող է վկայել բակտերիալ վարակի առկայության մասին: Նորածինների մոտ CRP-ն կարող է կիրառվել սեպսիսի ախտորոշման մեջ:

Վիրահատական միջամտությունից հետո ևս այս ցուցանիշը կարող է բարձրանալ, սակայն բակտերիալ վարակի բացակայության դեպքում արագ նորմալանում է: Բակտերիալ վարակի գումարման դեպքում (տեղային կամ սեպսիս) դիտարկվում է CRP-ի բարձրացում կամ վերջինիս նվազման բացակայություն:

Բարձր զգայունության CRP

Վերջին տասնամյակներում մշակվել են CRP-ի որոշման բարձր զգայուն մեթոդներ, որոնք թույլ են տալիս արյան պլազմայում հայտնաբերել սպիտակուցի մինչև 0,5 մգ/լ քանակները: Այսպիսի բարձր զգայունությամբ որոշված CRP-ն (CRP h.s.) թույլ է տալիս այս ցուցանիշի տատանումները հայտնաբերել ոչ միայն սուր, այլև՝ քրոնիկ, թույլ արտահայտված էնդոգեն բորբոքումների դեպքում: Ապացուցված է, որ CRP-ի բարձրացումն անգամ < 10 մգ/լ միջակայքում և նորմայի վերին սահմանի մոտակայքում գործնականում առողջ մարդկանց մոտ վկայում է աթերոսկլերոզի, ինչպես նաև առաջին սրտամկանի ինֆարկտի, թրոմբոէմբոլիաների զարգացման բարձրացած ռիսկի մասին:

Որոշ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ այս առումով բարձր-զգայուն CRP-ի ինֆորմատիվությունն ավելի բարձր է, քան ցածր խտության լիպոպրոտեիդների (LDL) խոլեսթերինինը: Բարձրացած CRP-ով պացիենտների մոտ սրտանոթային բարդությունների ռիսկը զուգահեռաբար աճում է նաև ռիսկի այլ գործոնների բարձրացման դեպքում (խոլեսթերին, ֆիբրինոգեն, հոմոցիստեին և այլն):

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • կոլագենոզներ (բորբոքման ռեակտիվության և բուժման արդյունավետության որոշում)
  • սուր վարակային հիվանդություններ
  • ուռուցքներ
  • քրոնիկ հիվանդությունների բուժման արդյունավետության վերահսկում (օրինակ՝ ամիլոիդոզ)
  • աթերոսկլերոզով, շաքարային դիաբետով, շարունակական հեմոդիալիզի ներքո գտնվող և այլ հիվանդների մոտ սրտանոթային բարդությունների ռիսկի գնահատում

Կենսանմուշ

CRP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը ցանկալի է հանձնել քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից 8-14 ժամ առաջ (կարելի է խմել ջուր): Անհետաձգելի դեպքերում թույլատրվում է հետազոտվել թեթև սնունդ ընդունելուց 4 ժամ անց:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • որպես ագլյուտինացիոն թեստ՝ չափման միավոր չունի
  • որպես քանակական թեստ՝ մգ/լ (միլիգրամ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • որպես ագլյուտինացիոն թեստ՝ բացասական («խաչերի» բացակայություն)
  • որպես քանակական թեստ՝ մինչև 5 մգ/լ

Արդյունքների մեկնաբանություն

CRP-ի մակարդակի բարձրացում (դրական պատասխան)

  • համակարգային ռևմատիկ հիվանդություններ
  • ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ
  • տրանսպլանտատի պոկման ռեակցիա
  • չարորակ ուռուցքներ
  • երկրորդային ամիլոիդոզ
  • սրտամկանի ինֆարկտ (հայտնվում է հիվանդության 2-րդ օրը և անհետանում 2-րդ շաբաթվա սկզբին-3-րդ շաբաթվա ավարտին, իսկ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) ժամանակ արյան շիճուկում բացակայում է)
  • նորածինների սեպսիս
  • մենինգիտ
  • տուբերկուլոզ
  • հետվիրահատական բարդություններ
  • նեյտրոպենիա (նեյտրոֆիլների քչացում)
  • որոշ դեղեի ընդունում՝ էստրոգեններ, էստրոգեն պարունակող բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 07-11-2023