Լաբ թեստեր

Կղանքի դիսբակերիոզ (դիսբիոզ)

Միջազգային անվանում (հապավում). Stool Culture

Նկարագրություն

Կղանքի դիսբակտերիոզի կամ դիսբիոզի թեստն իրականացվում է դիսբիոտիկ վիճակները հայտնաբերելու համար, հատկապես աղիքային դիսբիոզի զարգացման ռիսկի տակ գտնվող մարդկանց մոտ:

Առողջ մարդու աղիքային միկրոֆլորան ներկայացված է 1012-1014 գաղութ առաջացնող միավոր (ԳԱՄ)/գ քանակությամբ միկրոօրգանիզմների միավորմամբ, որոնց միկրոբային զանգվածը կազմում է աղիքի ընդհանուր քաշի 5%-ը։ Բնական միկրոֆլորան կատարում է կարևոր ֆիզիոլոգիական գործառույթներ, այդ թվում՝

  • ապահովում է լորձաթաղանթի գաղութացման դիմադրողականությունը (սա ներառում է բիոցենոզի կայունությունը պահպանելու մեխանիզմների մի շարք և կանխում է օտարածին միկրոօրգանիզմների տարածումը)
  • խթանում է նորածինների իմունային համակարգի ձևավորման գործընթացը և պահպանում է չափահասների իմունային կարգավիճակը
  • մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, K, B և D վիտամինների սինթեզին, ինչպես նաև աղիքային գազային միջավայրի կարգավորմանը
  • մասնակցում է մարսողության կենսաքիմիական գործընթացներին (ֆերմենտների արտադրություն)
  • ապաակտիվացնում է էնդո- և էկոզտոքսինները:

Աղիքային միկրոֆլորայի  97%-ը կազմում են անաէրոբ միկրոօրգանիզմները։ Նորմայում, 1 գ կղանքի մեջ օբլիգանտ (պարտադիր) միկրոֆլորայի կազմը հետևյալն է՝

  • բիֆիդոբակտերիաներ (Bifidobacterium spp.)՝ 108-1010 ԳԱՄ
  • լակտոբակտերիաներ (Lactobacillus spp.)՝ 106-108 ԳԱՄ
  • աղիքային ցուպիկներ (Escherichia coli, E. coli)՝ 104-108 ԳԱՄ
  • էնտերոկոկեր (Enterococcus spp.)՝ 105-108 ԳԱՄ
  • ստաֆիլոկոկեր (Staphylococcus spp.)՝ 105-107 ԳԱՄ
  • բակտերոիդներ (Bacteroides spp.)՝ 109-1012 ԳԱՄ
  • կլոստրիդիաներ (Clostridium spp.)՝ 103-105 ԳԱՄ
  • սնկիկներ (Candida spp.)՝ 102 -105 ԳԱՄ:

Կախված տարիքից, սննդակարգից, ապրելակերպից և շրջակա միջավայրի պայմաններից՝ հնարավոր են տարբեր նորմաներ և այլ տեսակի միկրոօրգանիզմների առկայություն։

Ցուցումներ

Կղանքի դիսբակտերիոզի թեստը խորհուրդ է տրվում հետևյալ խմբերին և իրավիճակներում:

  • Նորածիններ, ում մոտ հետևյալ գործոնները նպաստում են աղիքային նորմալ ֆլորայի խախտմանը՝ մոր մոտ բակտերիալ վագինոզ և մաստիտ, Ապգարի սանդղակով ցածր գնահատական ​​և նորածնի մոտ վերակենդանացման միջոցառումների պատմություն, կրծքով կերակրման ուշացում, ծննդատանը երկարատև մնալը և շրջակա միջավայրի միկրոօրգանիզմների ագրեսիվ շտամներով վարակման հնարավորություն, աղիքային շարժիչ գործառույթի ֆիզիոլոգիական անբավարարություն, փոքր թարախային վարակների առկայություն, կրծքի կաթի անտանելիություն, մալաբսորբցիայի համախտանիշ, առաջնային իմունային անբավարարություն:
  • Նորածիններ և մանկահասակ երեխաներ, ովքեր ունեն նորածնային շրջանի անբարենպաստ ընթացքի պատմություն (անամնեզ), ինչպես նաև վաղ արհեստական ​​կերակրման, դիսպեպտիկ խանգարումների, հաճախակի սուր շնչառական վիրուսային վարակների, ռախիտի, անեմիայի, թերսնման, երեխայի հոգեևրոլոգիական կարգավիճակի փոփոխության, ալերգիկ դերմատիտի դեպքում:
  • Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ, ովքեր որոշակի ժամանակ են անցկացնում կամ ապրում են փակ խմբերում, հաճախակի են հիվանդանում սուր շնչառական վիրուսային վարակներով և ալերգիկ ռեակցիաներով:
  • Դեռահասության շրջանում կարևոր են հաճախակի սուր շնչառական վիրուսային վարակները, ալերգիկ ռեակցիաները և ապօրինի թմրամիջոցների օգտագործումը:
  • Չափահասների համար, անկախ տարիքից, կարևոր են հետևյալ վիճակները՝ սթրես, անհավասարակիշ սննդակարգ, աղիքային վարակներ, բուժում հակաբակտերիալ դեղամիջոցներով, երկարատև հորմոնային թերապիա, բուժում ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներով, քաղցկեղով հիվանդների քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի իրականացում, իմունային անբավարարության վիճակներ:
  • Տարեցների մոտ, բացի վերը նշվածներից, կարևոր են՝ միկրոֆլորայի հատկությունների տարիքային փոփոխությունները (E. coli-ի կարցինոլիտիկ հատկությունների նվազում, խոլեսթերին սինթեզող շտամների քանակի ավելացում, հեմոլիտիկ ֆլորայի գերաճ և այլն):

Կենսանմուշ

թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ կղանք։

Կենսանմուշի հանձնում

Կղանքը պետք է լինի նոր հավաքված: Կղանքը հավաքվում է պտուտակավոր կափարիչով և գդալով միանգամյա օգտագործման տարայի մեջ (այն կարելի է ձեռք բերել ցանկացած բժշկական գրասենյակից կամ դեղատնից), տարայի ծավալի 1/3-ից ոչ ավելի քանակով:

Նմուշը լաբորատորիա է տեղափոխվում կղանքի հավաքման պահից մինչև 3 ժամվա ընթացքում։ Տարայի վրա պետք է նշվի հետազոտվողի ազգանունը, սկզբնատառերը, ծննդյան ամսաթիվը, նյութի հավաքման ամսաթիվը և ժամը, գրառումը պետք է կատարվի ընթեռնելի ձեռագրով:

Ուղեգրման թերթիկում պետք է նշվի հիվանդության ախտորոշումը և ախտանիշների սկզբի ամսաթիվը, հակաբիոտիկներ ընդունելու մասին տեղեկությունները: Նմուշը վերցնելիս պետք է պահպանել ստերիլությունը։

Ստանդարտ թեստի ժամանակ հակաբիոտիկների նկատմամբ զգայունություն չի իրականացվում և թեստի ավարտից հետո նմուշը լաբորատորիայում չի պահպանվում:

Չափման միավորներ

Տրվում են բոլոր առանձնացված միկրոօրգանիզմների խմբերի քանակական գնահատականները որպես գաղութ առաջացնող միավոր/գրամ (ԳԱՄ/գ)

Արդյունքների մեկնաբանություն

Մանրէաբանական տեսանկյունից ընդունված է առանձնացնել հաստ աղիքում դիսբիոտիկ գործընթացի երեք աստիճան:

  • I աստիճան. բիֆիդոբակտերիաների և (կամ) լակտոբակտերիաների քանակի աննշան նվազում 1-2 կարգով, E. coli-ի պարունակության նվազեցում կամ ավելացում՝ փոփոխված ձևերի փոքր տիտրերի տեսքով (հեմոլիտիկ հատկություններով կամ լակտոզ-բացասական շտամներով):
  • II աստիճան. մեկ տեսակի պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների առկայություն ոչ ավելի, քան 105 ԳԱՄ/գ կամ ոչ մեծ տիտրերով պայմանական-ախտածին բակտերիաների միավորումների առկայություն, ինչպիսիք են՝ E. coli lac (-), E. coli hem (+) , Proteus sрp., Clostridium sрp., Klebsiella sрp., Pseudomonas sрp., Enterococcus sрp., Acinetobacter sрp:
  • III աստիճան. պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների ինչպես մի տեսակի, այնպես էլ դրանց միավորումների բարձր տիտր:​​

Հոդվածը տեղադրվել է՝ 28-11-2023 վերանայվել է՝ 28-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: