Լաբ թեստեր

Էստրադիոլ

E2

Միջազգային անվանում (հապավում). Estradiol (E2)

Նկարագրություն

Էստրադիոլը (E2) ամենաակտիվ էստրոգենային (իգական) սեռական ստերոիդ հորմոնն է:

Կանանց մոտ էստրադիոլն արտադրվում է ձվարաններում (ֆոլիկուլ, դեղին մարմին), մակերիկամների ցանցավոր գոտում, իսկ հղիության ժամանակ՝ ընկերքում՝ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH), լյուտեինացնող հորմոնի (LH) և պրոլակտինի (PRL) ազդեցությամբ: Քիչ քանակներով առաջանում է նաև տեստոստերոնի (TEST) ծայրամասային փոխակերպման ընթացքում: Տղամարդկանց մոտ այս հորմոնն արտադրվում է սերմնագեղձերի, մակերիկամների կեղևի և քիչ քանակով՝ ծայրամասային հյուսվածքներում տեստոստերոնի նյութափոխանակության արդյունքում: Արյան մեջ էստրադիոլի գրեթե 98%-ը կապված է տեղափոխող սպիտակուցի` սեռական հորմոնները կապող գլոբուլինի հետ (SHBG):

Կանանց մոտ էստրադիոլն ապահովում է կանացի տիպի սեռական համակարգի ձևավորումը, սեռահասունացման փուլում՝ կանացի երկրորդային սեռական նշանների զարգացումը, դաշտանային գործունեության ձևավորումը և կարգավորումը, ձվաբջիջների զարգացումը, հղիության ընթացքում՝ արգանդի աճը և զարգացումը, սեռական վարքագծի սեռային առանձնահատկությունների կազմավորումը: Այն նաև մասնակցում է ենթամաշկային բջջանքի կանացի տիպի զարգացմանն ու տեղբաշխմանը: Իջեցնելով արգանդի անոթների դիմադրողականությունը, էստրադիոլը նաև ուժեղացնում է արգանդի արյունամատակարարումը՝ խթանելով էնդոմետրիումի հիպերպլազիան: Ձվազատումը (օվուլյացիան) սկսվում է էստրադիոլի ենթասահմանային մակարդակին հասնելուց 34-36 ժամ անց:

Էստրադիոլի ազդեցությունների դրսևորման անհրաժեշտ պայմանը տեստոստերոնի (TEST) մակարդակի հետ ճիշտ փոխհարաբերակցությունն է: Էստրադիոլն օժտված է նաև անաբոլիկ ազդեցությամբ: Այն ուժեղացնում է ոսկրային հյուսվածքի նյութափոխանակությունը և արագացնում կմախքային ոսկրերի հասունացումը: Նպաստում է օրգանիզմում նատրիումի և կալիումի պահպանմանը: Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը և բարձրացնում արյան մակարդելիության ակտիվությունը: Այս հորմոնը ազդում է նաև նեյրոտրանսմիտերների սեկրեցիայի վրա՝ նպաստելով նյարդային լարվածության և գրգռվածության բարձրացմանը:

Էստրադիոլի մակարդակի օրվա ընթացքում տատանումները կապված են լյուտեինացնող հորմոնի սեկրեցիայի ռիթմի հետ: Առավելագույն մակարդակը գրանցվում է ժամը 15:00-18:00 միջակայքում, իսկ նվազագույնը՝ 00:00-02:00-ին:

Վերարտադրողական տարիքի կանանց մոտ արյան պլազմայի էստրադիոլի մակարդակը կախված է նաև դաշտանային ցիկլի փուլից: Ցիկլի սկզբում էստրադիոլի մակարդակը դանդաղ աճում է: Ամենաբարձր մակարդակը գրանցվում է ուշ ֆոլիկուլյար փուլում: Ձվազատումից հետո հորմոնի մակարդակը իջնում է, այնուհետև տալիս երկրորդ՝ ավելի փոքր ամպլիտուդով աճը: Հետագա օրերին հորմոնի մակարդակը դարձյալ սկսում է իջնել, որը շարունակվում է մինչև լյուտեինային փուլի ավարտը:

Հղիության ընթացում էստրադիոլի մակարդակն արյան շիճուկում աճում է մինչև ծննդաբերության պահը, որից հետո մինչև 4-րդ օրը վերադառնում նորմալ ցուցանիշներին:

Տարիքին զուգահեռ էստրադիոլի մակարդակը սկսում է նվազել: Հետդաշտանադադարի շրջանում էստրադիոլի նվազած մակարդակը մոտենում է տղամարդկանց մոտ գրանցվող ցուցանիշներին:

Ցուցումներ

  • չափահաս կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի և պտղաբերության խանգարումների ախտորոշում (անպայման՝ գոնադոտրոպինների հետ միասին)
  • դաշտանների բացակայություն (ամենորեա) կամ քչացում (օլիգոմենորեա)
  • ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
  • հիպոգոնադիզմ
  • սեռահասունացման խանգարումներ
  • դիսցիրկուլյատոր արգանդային արյունահոսություններ
  • կանանց մոտ` օստեոպորոզ
  • կանանց մոտ` արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
  • անպտղություն
  • նախադաշտանային համախտանիշ
  • բակտերիալ վագինոզ
  • հղիության վաղ փուլերում ֆետոպլացենտար կոմպլեքսի գործունեության գնահատում
  • տղամարդկանց մոտ` կանացի նշաններ (ֆեմինիզացիա)

Կենսանմուշ

E2 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Թեստի նախորդ օրը պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (մարզումներ) և ծխախոտի օգտագործումը: Կանանց մոտ հետատոզոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 6-7-րդ օրերին, եթե բժշկի կողմից այլ ժամկետներ սահմանված չեն:

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր) կամ նգ/լ (նանոգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

պգ/մլ x 3,67 = պմոլ/լ, պմոլ/լ x 0,273 = պգ/մլ (նգ/լ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Տղամարդիկ

(7,6-42,6) պգ/մլ

Ոչ հղի կանայք

  • ֆոլիկուլյար փուլ (12,5-166) պգ/մլ
  • օվուլյատոր փուլ (85,8-498) պգ/մլ
  • լյուտեինային փուլ (43,8-211) պգ/մլ
  • հետմենոպաուզա (< 5,0-54,7)

Հղի կանայք

  • I եռամսյակ (215-4300) պգ/մլ

Այլընտրանքային միջակայքեր

E2, պմոլ/լ
Տղամարդիկ28,0-156
Կանայք
Ֆոլիկուլյար փուլ46,0-607
Օվուլյացիայի փուլ315-1828
Լյուտեինային փուլ161-774
Հետդաշտանադադարի փուլ< 18,4-201
Հղիության 1-ին եռամսյակ789 -> 15781
Երեխաներ, 1-10 տ.
Տղաներ< 18,4-73,4
Աղջիկներ22,0-99,1

Արդյունքների մեկնաբանություն

Е2-ի մակարդակի բարձրացում

  • ֆոլիկուլի պերսիստենցիա (հիպերէստրոգենիա)
  • ձվարանների էնդմետրոիդ կիստաներ
  • ձվարանների հորմոն-արտադրող ուռուցքներ
  • լյարդի ցիռոզ
  • որոշակի դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, Կարբամազեպին, Ցիմետիդին (տղամարդկի և հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք՝ օր. 2,4 գրամ, մեկ ամսվա ընթացքում), Կլոմիֆեն (հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք), Կետոկոնազոլ (հիպերանդրոգեն կանայք), Միֆեպրիստոն (մենինգիոմաներով հիվանդներ), Նաֆարելին (ե/մ ներարկում՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում), Ֆենիտոին, Տամոքսիֆեն, Տրոլեանդոմիցին, Վալպրոյաթթու, էստրոգեններ, այդ թվում՝ բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբեր

Е2-ի մակարդակի նվազեցում

  • չմարզված կանանց կողմից ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ
  • քաշի կորուստ (կանայք)
  • ածխաջրատների մեծ քանակով և ճարպերի քիչ քանակությամբ սննդակարգ (կանայք)
  • բուսակերություն (կանայք)
  • հղիության վաղ շրջաններում ծխախոտի օգտագործում
  • Շերշևսկու-Տերների համախտանիշ
  • տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • հիպոգոնադիզմ
  • պրոլակտինի մակարդակի բարձրացում (հիպերպրոլակտինեմիա)
  • հիպոֆիզար նանիզմ
  • լյուտեինային փուլի անբավարարություն
  • վիրիլիզացիայի համախտանիշ
  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքում
  • էնդոկրին ծագման հղիության ընդհատման վտանգ
  • քրոնիկ պրոստատիտ (տղամարդիկ)
  • որոշակի դեղերի ընդունում՝ Ամինոգլյուտետիմիդ, Բուզերելին, քիմիոթերապիայի դեղեր, Ցիմետիդին, Ցիպրոտերոն, Դանազոլ, Դեքսամեթազոն, Էպոստան, Մեգեստրոլ, Միֆեպրիստոն (վիժման դեպքում), Մոկլոբեմիդ, Նաֆարելին, Նանդոլոն, Օքտիեոտիդ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբեր, Պրավաստատին

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: