Անցնել գլխավոր բովանդակությանը

ԷՆԱ - Արյան ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). ESR (ESR)

Նկարագրություն

էրիթրոցիտների նստման արագությունը (ԷՆԱ, ESR) համարվում է բորբոքման ոչ սպեցիֆիկ ցուցանիշ:

ESR-ը հակակոագուլյանտ պարունակող արյան ուղղահայաց փորձանոթում արյան բաժանումն է երկու շերտի՝ վերին (թափանցիկ պլազմա) և ստորին (նստած էիրթրոցիտներ): ESR-ն չափվում է 1 ժամվա ընթացքում առաջացած պլազմայի շերտի հաստությամբ՝ միլիմետրերով (այլ մեթոդներով՝ 30 րոպե):

Էրիթրոցիտների նստեցման (սեդեմենտացիա) գործընթացը կարելի է բաժանել 3 փուլի, որոնք ընթանում են տարբեր արագություններով:

  • Սկզբում էրիթրոցիտները դանդաղ նստում են առանձին բջիջների տեսքով:
  • Այնուհետև դրանք առաջացնում են ագրեգանտներ՝ «մանրադրամային սյունակներ», որոնց նստեցումն ընթանում է ավելի արագ:
  • Երրորդ փուլում ագրեգանտների թիվը մեծանում է, իսկ դրանց նստման արագությունն՝ աստիճանաբար նվազում և ի վերջո՝ կանգ առնում:

ESR-ի մեծությունը կախված է բազմաթիվ ֆիզիոլոգիական և ախտաբանական գործոններից: Կանանց մոտ ESR-ն քիչ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Հղիության ընթացքում արյան սպիտակուցային կազմի փոփոխություններն իրենց հերթին կարող են արագացնել այս ցուցանիշը:

Էրիթրոցիտների քանակի նվազեցումը (սակավարյունություն, անեմիա) առաջ է բերում ESR-ի արագացում, և, հակառակը, արյան էրիթրոցիտների քանակության աճը դանդաղեցնում է ESR-ի արագությունը:

ESR-ն կարող է փոփոխվել նաև օրվա ընթացքում՝ առավելագույն արժեքներին հասնելով ցերեկային ժամերին: «Մանրադրամային սյունակների» առաջացման վրա ազդող հիմնական գործոնն արյան պլազմայի սպիտակուցային կազմն է: Սուր փուլի սպիտակուցներն, ադսորբցվելով էրիթրոցիտների մակերեսին, նվազեցնում են վերջիններիս բևեռացումը և միմյանց վանող ունակությունը՝ այսպիսով նպաստելով «մանրադրամային սյունակների» առաջացմանը և էրիթրոցիտների արագացած նստեցմանը:

Սուր փուլի սպիտակուցների, օրինակ՝ C-ռեակտիվ սպիտակուցի (CRP), հեպտոգլոբինի, ալֆա-1-անտիտրիպսինի շատացումը, որը սովորաբար տեղի է ունենում բորբոքային պրոցեսի սուր փուլում, առաջացնում է ESR-ի մեծացում: Սուր բորբոքային և վարակային պրոցեսների ժամանակ ESR-ի փոփոխություն դիտարկվում է պացիենտի մարմնի ջերմաստիճանի բարձրացումից և արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) թվաքանակի աճից արդեն 24 ժամ անց: Քրոնիկ բորբոքումների դեպքում ESR-ի բարձրացումն ավելի շուտ պայմանավորված է արյան պլազմայի ֆիբրինոգենի (FG) և իմունոգլոբուլինների (Ig) մակարդակի աճով:

ESR-ի որոշումը դինամիկայում և այլ թեստերի հետ միասին նշանակվում է բորբոքային և վարակային հիվանդությունների բուժման արդյունավետությունը վերահսկելու համար:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • բորբոքային հիվանդություններ
  • վարակներ
  • ուռուցքներ

ESR-ի չափումը պետք է դիտարկել որպես սքրինինգային թեստ, որն օժտված չէ որևէ կոնկրետ հիվանդություն ախտորոշելու համար: ESR-ն սովորաբար նշանակում են որպես արյան ընդհանուր քննության (CBC) ցուցանիշներից մեկը:

Կենսանմուշ

ESR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Խորհուրդ է տրվում արյան կենսանմուշը հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից ոչ պակաս, քան 8 ժամ հետո:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմ/ժ (միլիմետր/ժամ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր նորմաներ

  • չափահաս տղամարդիկ՝ (0-15) մմ/ժ
  • չափահաս կանայք՝ (0-20) մմ/ժ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռԷՆԱ, մմ/ժ
10 տ.0 - 10
10 - 50 տ.Տղամարդիկ0 - 15
Կանայք0 - 20
> 50 տ.Տղամարդիկ0 - 20
Կանայք0 - 30

Արդյունքների մեկնաբանություն

ESR-ի բարձրացում (արագացում)

  • Ֆիզիոլոգիական
    • մեծ տարիք
    • կանայք՝ հղիության, դաշտանի, հետծննդաբերական շրջաններում
  • Ախտաբանական
    • բորբոքային գործընթացներ
    • ինտոքսիկացիաներ
    • սուր և քրոնիկ վարակներ (թոքաբորբեր, օստեոմիելիտ, տուբերկուլոզ, սիֆիլիս)
    • աուտոիմուն հիվանդություններ (կոլագենոզներ)
    • սրտամկանի ինֆարկտ
    • վնասվածքներ, ոսկրերի կոտրվածքներ
    • վիճակ շոկից, վիրահատական միջամտությունից հետո
    • սակավարյունություններ (անեմիաներ), վիճակ սուր արյունահոսությունից հետո
    • երիկամային հիվանդություն (քրոնիկ նեֆրիտ, նեֆրոտիկ համախտանիշ)
    • չարորակ նորագոյացություններ
    • պարապրոտեինեմիաներ (միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա)
    • հիպերֆիբրինոգենեմիա
    • որոշ դեղերի ընդունում (էստրոգեններ, գլյուկոկորտիկոիդներ)

ESR-ի նվազեցում (դանդաղեցում)

  • սովահարություն, նիհարում, մկանային զանգվածի նվազեցում
  • կորտիկոստերոիդների ընդունում
  • հղիություն (հատկապես 1-ին և 2-րդ եռամսյակներում)
  • բուսակերություն
  • հիպերհիդրատացիա
  • միոդիստրոֆիաներ

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 08-06-2023