Լաբ թեստեր

Ֆոլաթթու (Ֆոլատ)

FOL

Միջազգային անվանում (հապավում). Foliate (FOL)

Նկարագրություն

Ֆոլատը (FOL) վիտամին է, որն անհրաժեշտ է նորմալ հեմոպոեզի՝ արյունաստեղծման համար։

Ֆոլատը կամ սննդով ստացվող ֆոլաթթուն կազմված է պտերինից, պարաամինոբենզոյական թթվից և գլյուտամինաթթվի որոշ մնացորդներից։ Մասնակցում է միածխածին խմբերի տեղափոխման գործընթացին։

Ֆոլատի հիմնական աղբյուրը աղիների միկրոֆլորան է։ Հաճախ օրգանիզմ մուտք է գործում սննդի միջոցով (հատիկավորներ, ոլոռազգիներ և այլն) որպես ֆոլաթթու։

Ֆոլատը հանդիսանում է պուրինային և պիրամիդային հիմքերի, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի, որոշ սպիտակուցների և ամինաթթուների (մեթիոնին, սերին) արտադրությանը մասնակցող ֆերմենտների կոֆակտոր։ Մասնակցում է նաև խոլինի փոխանակությանը։

Ֆոլաթթուն մեծ դերակատարություն ունի բջիջների բաժանման գործընթացներին, և այս իմաստով, անմիջականորեն մասնակցում է էրիթրո-, լեյկո- և թրոմբոցիտոպոեզին, ինչպես նաև բոլոր օրգան-համակարգերի պլաստիկ և ռեգեներատիվ գործընթացներին։ Ֆոլատը նաև օժտված է հակաաթերոսկլերոզային, հակաուռուցքային և նոոտրոպ ազդեցություններով։

Ֆոլաթթվի անբավարարությունը բերում է արյունաստեղծման մեգալոբլաստիկ փուլից դեպի նորմոբլաստիկ փուլի փոխանցման արգելակման, ինչի արդյունքում զարգանում են մեգալոբլաստիկ անեմիաներ։

Ցուցումներ

  • մակրոցիտար անեմիաների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
  • քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի ընթացքում արյան շեղումների ախտորոշում (անեմիաներ և լեյկոպենիաներ)

Կենսանմուշ

FOL թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (ջուր խմել կարելի է)։ Նախորդ օրը պետք է զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

նմոլ/լ х 0,44 = նգ/մլ, նգ/մլ x 2,27 = նմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

(4,6-34,8) նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

FOL-ի մակարդակի բարձրացում

  • խիստ մրգաբանջարեղենային սննդակարգ
  • պերնիցիոզ անեմիա (վիտամին B12-ի դեֆիցիտ)
  • բարակ աղիների հեռավոր (դիստալ) շրջանի հիվանդություններ
  • բերող կանթի համախտանիշ

FOL-ի մակարդակի նվազեցում

Օրգանիզմ ֆոլաթթվի անբավարար մուտք

  • սննդային ռացիոնում ֆոլաթթվի անբավարարություն
  • անորեքսիա
  • քրոնիկ ալկոհոլիզմ

Աղեստամոքսային տրակտով ֆոլաթթվի ներծծման խանգարում

  • աղիներից ներծծման խանգարումներ՝ մալաբսորբցիայի համախտանիշ (ցելիակիա, սպրու)
  • աղեստամոքսային ուղու տարբեր հատվածների ռեզեկցիա (ստամոքս, բարակ աղիներ)
  • բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
  • ատրոֆիկ գաստրիտ

Որոշ դեղերի ընդունում

  • Ասպիրին
  • էստրոգեններ
  • նիտրոֆուրաններ
  • անտացիդներ
  • հակացնցումային դեղեր (ֆենոբարբիտալ)
  • խոլեսթիրամին
  • բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ
  • ֆոլաթթվի անտագոնիստներ՝ Տրիմեթոպրիմ, Մետոտրեքսատ, Ազաթիոպրին, Ազիդոթիմիդին

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 12-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: