Լաբ թեստեր

Թիրոքսին ազատ

FT4 (T4 free)

Միջազգային անվանում (հապավում). Thyroxine Free (FT4 (T4 free))

Նկարագրություն

Ազատ թիրոքսինը (FT4) սպիտակուցների սինթեզի կարևորագույն խթանիչ-հորմոն է:

Թիրոքսինն արտադրվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ մակուղեղի (հիպոֆիզի) թիրեոտրոպ հորմոնի (TSH) հսկողության ներքո: Շրջանառող արյան ընդհանուր թիրոքսինի (T4) մեծ մասը կապված է տեղափոխող սպիտակուցների հետ։ Կենսաբանական ակտիվությամբ օժտված է թիրոքսինի արյան պլազմայի սպիտակուցների հետ չկապված մասը՝ ազատ թիրոքսինը (FT4), որը կազմում է ընդհանուրի 3-5%-ը:

Թիրոքսինը հանդիսանում է ավելի ակտիվ եռյոդթիրոնինի (T3) նախորդող նյութը և օժտված է թեև T3-ից ավելի թույլ, սակայն՝ սեփական ազդեցություններով: Արյան մեջ թիրոքսինի մակարդակը գերազանցում է եռյոդթիրոնինի մակարդակը:

Բարձրացնելով հիմնական փոխանակության արագությունը, թիրոքսինը բարձրացնում է ջերմաառաջացումը և հյուսվածքների կողմից թթվածնի ծախսը՝ բացառությամբ գլխուղեղի, փայծաղի և ձվարանների, որի արդյունքում բարձրանում է վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջարկը: Այս հորմոնը նաև խթանում է լյարդում վիտամին A-ի սինթեզը, նվազեցնում է արյան խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը, ինչպես նաև արագացնում սպիտակուցային փոխանակությունը: Այն նաև խթանում է մեզով կալցիումի արտազատումը, ոսկրային հյուսվածքներում ընթացող նյութափոխանակությունը (ավելի շատ՝ ոսկրի ռեզորբցիան): Թիրոքսինը խթանում է ռետիկուլյար ֆորմացիան և կենտրոնական նյարդային համակարգի կեղևային գործունեությունը: Այս հորմոնն արգելակում է TSH-ի արտադրությունը:

Օրվա ընթացքում թիրոքսինի առավելագույն մակարդակը գրանցվում է առավոտյան 8:00-ից մինչև կեսօր, իսկ նվազագույնը՝ 23:00-ից մինչև գիշերվա 03:00-ն: Թիրոքսինին նաևբնորոշ է սեզոնային փոփոխականությունը. առավելագույն մակարդակը գրանցվում է սեպտեմբերից մինչև փետրվար, իսկ նվազագույնը՝ ամառային ամսիներին:

Հղիության ընթացքում թիրոքսինի մակարդակն աճում է՝ առավելագույնին հասնելով 3-րդ եռամսյակին, որը պայմանավորված է էստրոգենների ազդեցությամբ թիրոքսին-կապող գլոբուլինների մակարդակի բարձրացմամբ: Նույն այս ընթացքում FT4-ի մակարդակն իջնում է:

Որպես կանոն, FT4-ի մակարդակը վահանագեղձի հետ կապ չունեցող նույնիսկ ծանր հիվանդությունների ժամանակ մնում է կայուն, որոնց ժամանակ թիրոքսինի մակարդակը կարող է նվազել:

FT4-ի մակարդակի բարձրացմանը նպաստում են արյան շիճուկի բիլիռուբինի բարձր ցուցանիշները, գիրացումը, արյունը վերցնելիս ձեռքին երակային լարանի առկայությունը:

Ցուցումներ

  • TSH-ի մակարդակի բարձրացում կամ կրճատում
  • ախտորոշված դիֆուզ թունավոր խպիպի ընթացքի և բուժման հսկողություն (1,5-2 տարվա ընթացքում՝ ամսական 1-3 անգամ)
  • խպիպ
  • հիպոթիրեոզի կամ թիրեոտոքսիկոզի կլինիկական պատկեր

Կենսանմուշ

FT4 (T4 free) թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությունից 1 ամիս առաջ էնդոկրինոլոգի թույլտվությամբ անհրաժեշտ է բացառել վահանագեղձի հորմոնների ընդունումը: Հետազոտությունից 2-3 օր առաջ նաև անհրաժեշտ է բացառել 131I և 99mTс, ինչպես նաև յոդ պարունակող դեղերի ընդունումը: Արյան կենսանմուշը պետք է վերցնել ռենտգենոկոնտրաստային հետազոտությունից առաջ:

Հետազոտությունը նախորդող օրը պետք է բացառել մարզումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսը: Անմիջապես արյունը հանձնելուց առաջ պացիենտը շուրջ 30 րոպե պետք է գտնվի հանգիստ վիճակում:

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չեն թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պմոլ/լ (pmol/L) (պիկոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/դլ (ng/dL) (նանոգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

նգ/դլ x 12,87 = պմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր (չափահասներ)

12‑22 պմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր միջակայքեր (չափահասներ)

Տարիք, երկու սեռերFT4, պմոլ/լ
2 - 3 օր.22 - 49
3 օր. - 10 շաբ.9 - 21
10 շաբ. - 14 ամս.8 - 17
14 ամս. - 5 տ.9 - 20
5 տ. - 14 տ.8 - 17
> 14 տ.9 - 22

Արդյունքների մեկնաբանություն

FT4-ի մակարդակի բարձրացում

  • թունավոր խպիպ
  • թիրեոիդիտ
  • թիրեոտոքսիկ ադենոմա
  • թիրեոիդ հորմոնների նկատմամբ ռեզիստենտության համախտանիշ
  • TSH-անկախ թիրեոտոքսկիկոզ
  • հիպոթիրեոիդիզմ, թիրոքսինով բուժում
  • ընտանեկան դիզալբումինեմիկ հիպերթիրոքսինեմիա
  • վահանաձև գեղձի հետծննդյան դիսֆունկցիա
  • վիճակներ, որոնք ուղեկցվում են թիրեոիդ-կապող գլոբուլինի կապող ունակության նվազեցում
  • IgG-ի բարձր մակարդակով միելոմաներ
  • նեֆրոտիկ համախտանիշ
  • լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • թիրոքսինով ինքնաբուժման պատճառով կողմնակի թիրեոտոքսիկոզ
  • մարմնի զանգվածի ավելացում, ճարպակալում
  • այնպիսի դեղերի ընդունում, ինչպիսիք են՝ ամիոդարոն, ռենտգեն-կոնտրաստ յոդ պարունակող դեղեր (Իոպանոեաթթու, թիրոպանեաթթու), վահանագեղձի հորմոննային դեղեր (Լևոթիրոքսին), Թիրեոլիբերին, Թիրեոտրոպին, Լևոդոպա, սինթետիկ էստրոգեններ (Մեստրանոլ, Ստիլբեստրոլ), օփիատներ (Մեթադոն), բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ, Ֆենոթիազին, պրոստոգլանդիններ, Տամոքսիֆեն, Պրոպիլթիոուրացիլ, Ֆլուորոուրացիլ, Ինսուլին
  • հեպարինաբուժում և հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ազատ ճարպաթթուների մակարդակի բարձրացմամբ

FT4-ի մակարդակի նվազեցում

  • առաջնային հիպոթիրեոզ, որը չի բուժվել թիրոքսինով (բնածին և ձեռքբերովի՝ տեղային խպիպ, աուտոիմուն թիրեոիդիտ, վահանաձև գեղձի նորագոյացություններ, վահանաձև գեղձի մեծածավալ մասնահատում)
  • երկրորդային հիպոթիրեոզ (Շիհանի համախտանիշ, հիպոֆիզի շրջանի բորբոքային պրոցեսներ, թիրեոտորպինոմա)
  • երրորդային հիպոթիրեոզ (գանգուղեղային վնասվածքներ, հիպոթալամուսի շրջանի բորբոքային գործընթացներ)
  • սպիտակուցների և յոդի ցածր պարունակությամբ սննդակարգ
  • շփում կապարի հետ
  • վիրաբուժական միջամտություններ
  • ճարպակալմամբ կանանց կտրուկ նիհարում
  • հերոինային թմրամոլություն
  • որոշ դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, հակացնցումային միջոցներ (Ֆենիտոին, Կարբամազեպին), թիրեոստատիկների գերդոզավորում, Կլոֆիբրատ, լիթիումի պրեպարատներ, Մեթադոն, Օկտրեոտիդ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: