Լաբ թեստեր

Գլյուկոզա, շիճուկ

GLUC

Միջազգային անվանում (հապավում). Glucose serrum (GLUC)

Նկարագրություն

Արյան շիճուկի գլյուկոզն (GLU) էներգափոխանակության հիմնական էկզո- և էնդոսուբստրատն է:

Առողջ օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մեծ մասն առաջանում է գլյուկոզի օքսիդացման հաշվին: Գլյուկոզը և դրա ածանցյալներն առկա են օրգանների և հյուսվածքների մեծ մասում: Գլյուկոզի հիմնական աղբյուրներն են սննդով ստացվող սախարոզը, օսլան, լյարդն իր գլիկոգենային պաշարներով, ինչպես նաև ամինաթթուների, լակտատի արտադրման ռեակցիաներից առաջացած ներքին գլյուկոզը:

Արյան գլյուկոզի մակարդակն արտացոլում է մի շարք գործընթացների ակտիվությունը, այդ թվում՝

  • գլիկոգենեզ կամ գլիկոգենոգենեզ (գլյուկոզից գլիկոգենի առաջացում)
  • գլիկոգենոլիզ (գլիկոգենի տրոհում և գլյուկոզի առաջացում)
  • գլիկոլիզ (գլյուկոզի տրոհում և էներգիայի առաջացում):

Արյան գլյուկոզի մակարդակը կարգավորվում է որոշ հորմոններով: Ինսուլինը (INS) հանդիսանում է գլխավոր հիպոգլիկեմիկ` արյան գլյուկոզի մակարդակը նվազեցնող գործոնը, մինչդեռ գլյուկագոնը, սոմատոտրոպ (hGH կամ STH) և թիրեոտրոպ հորմոնները (TSH), վահանագեղձի հորոնները (Т3 և Т4), կորտիզոլը և ադրենալինը առաջացնում են հիպերգլիկեմիա` արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում (հակաինսուլինային ազդեցություն)

Զարկերակային արյան մեջ գլյուկոզն ավելի բարձր է, քան երակային արյան մեջ, քանի որ զարկերակային արյան միջոցով հյուսվածքներ տեղափոխված գլյուկոզը յուրացվում է վերջիններիս կողմից:

Նորմայում մեզի միջոցով գլյուկոզի հեռացում չի դիտարկվում:

Արյան շիճուկի գլյուկոզի մակարդակի որոշումը շաքարային դիաբետի լաբորատոր ախտորոշան հիմնական թեստն է՝ հիմնված հետևյալ չափորոշիչների վրա՝

  • դիաբետի կլինիկական նշանների և պատահական (այսինքն՝ սննդի ընդունումից անկախ) արյան թեստով գլյուկոզի 11,1 մմոլ/լ և ավելի բարձր մակարդակ
  • քաղցած վիճակում գլյուկոզի մակարդակի բարձրացում 7,0 մմոլ/լ և ավելի բարձր
  • պերօրալ գլյուկոզ-տոլերանտության թեստից (ԳՏԹ) 2 ժամ անց արյան գլյուկոզի 11,1 մմոլ/լ և ավելի բարձր մակարդակի արձանագրում:

Առաջարկվում է 45 տարեկանից բարձր տարիքով և շաքարային դիաբետին բնորոշ նշաններ չունեցող բոլոր անձանց շրջանում անցկացնել 2-րդ տիպի դիաբետի առկայության սքրինինգ:

Ավելի վաղ տարիքում նմանատիպ սքրինինգային հետազոտությունները խորհուրդ է տրվում իրականացնել դիաբետի ռիսկի գործոնների առկայության ժամանակ: Կենսաքիմիական շեղումները կարող են հայտնաբերվել դիաբետի կլինիկական ախտորոշումից մի քանի տարի առաջ:

Ցուցումներ

  • ինսուլին-կախված և ոչ ինսուլին-կապված շաքարային դիաբետի ախտորոշում և հիվանդության ընթացքի հսկում
  • վահանաձև գեղձի, մակերիկամների, հիպոֆիզի հիվանդություններ
  • լյարդային հիվանդություն
  • շաքարային դիաբետի նկատմամբ ռիսկի խմբերի շրջանում գլյուկոզի նկատմամբ տոլերանտության որոշում
  • գիրացում
  • հղիների (գեստացիոն) դիաբետ
  • գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում

Կենսանմուշ

GLUC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Անհրաժեշտ է արյունը հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Թեստի նախորդ օրը նաև խորհուրդ է տրվում զերծ մնալ սննդային գերբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

միլիմոլ/լիտր (մմոլ/լ)

Այլընտրանքային չափման միավոր

միլիգրամ/դիցիլիտր (մգ/դլ)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,0555 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր (ըստ Tietz-ի)

  • չափահասներ՝ 4,11-5,89 մմոլ/լ (համապատասխանում է 74-106 մգ/դլ)
  • 60-90 տ.՝ 4,56-6,38 մմոլ/լ (82-115 մգ/դլ)
  • > 90 տ.՝ 4,16-6,72 մմոլ/լ (75-121 մգ/դլ)
  • երեխաներ՝ 3,33-5,55 մմոլ/լ (60-100 մգ/դլ)
  • 1 օր. մեծ նորածիններ՝ 2.78-4.44մմոլ/լ (40-60 մգ/դլ)
  • 1 օր. նորածիններ՝ 2.22-3.33 մմոլ/լ (50-80 մգ/դլ)

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքGLU, մմոլ/լ
2 օր. - 4,3 շաբաթ.2,8 - 4,4
4,3 շաբ. - 14 տ.3,3 - 5,6
14 - 60 տ.4,1 - 5,9
60 - 90 տ.4,6 - 6,4
90 տ.4,2 - 6,7

Արդյունքների մեկնաբանություն

GLU-ի բարձրացում (հիպերգլիկեմիա)

  • չափահասների և երեխաների շաքարային դիաբետ
  • ֆիզիոլոգիական հիպերգլիկեմիա (չափավոր ֆիզիկական բեռնվածություն, սուր հույզեր, սթրես, ծխախոտի օգտագործում, ներարկումների ժամանակ ադրենալինի կտրուկ արտադրություն)
  • ներզատական համակարգի հիվանդություններ (ֆեոքրոմոցիտոմա, թիրեոտոքսիկոզ, ակրոմեգալիա, գիգանտիզմ, Քուշինգի համախտանիշ, սոմատոստատինոմա)
  • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ (սուր և քրոնիկ պանկրեատիտներ, էպիդեմիկ պարոտիտի ժամանակ զարգացող պանկրեատիտ, մուկովիսցիդոզ, հեմոքրոմատոզ, ենթաստամոքսային գեղձի ուռուցքներ)
  • լյարդի և երիկամների քրոնիկ հիվանդություններ
  • գլխուղեղի արյունազեղում (ինսուլտ կամ ուղեղի անոթների անևրիզմա), սրտամկանի ինֆարկտ
  • ինսուլինային ընկալիչների նկատմամբ հակամարմինների առկայություն
  • թիազիդային միզամուղների, կոֆեինի, էստրոգենների, գլյուկոկորտիկոիդների ընդունում

GLU-ի մակարդակի նվազեցում (հիպոգլիկեմիա)

  • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ (Լանգերհանսի բետա-կղզյակի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա, ինսուլինոմա, Լանգերհանսի ալֆա-բջջային կղզյակների անբավարարություն)
  • ներզատական համակարգի հիվանդություններ (Ադիսոնի հիվանդություն, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոպիտուիտարիզմ, հիպոթիրեոզ)
  • նորածնային հասակում՝ դիաբետով մորից ծնված նորածիններ, կետոտիկ հիպոգլիկեմիա
  • գլյուկոզի մակարդակը նվազեցնող կամ հիպոգլիկեմիկ դեղերի և ինսուլինի գերդոզավորում
  • լյարդի ծանր հիվանդություններ (ցիռոզ, հեպատիտ, կարցինոմա, հեմոքրոմատոզ)
  • չարորակ ոչ պանկրեատիկ նորագոյացություններ՝ մակերիկամների քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ, ֆիբրոսարկոմա
  • ֆերմենտոպաթիաներ (գլիկոգենոզներ՝ Գիրկեի հիվանդություն, գալակտոզէմիա, ֆրուկտոզի նկատմամբ տոլերանտության խանգարումներ)
  • ֆունկցիոնալ խանգարումներ՝ ռեակտիվ հիպոգլիկեմիա (գաստրոէնտերոստոմա, հետգաստրոէկտոմիկ վիճակ, վեգետատիվ խանգարումներ, ստամոքսաղիքային ուղու պերիստալտիկայի խանգարումներ)
  • սնուցման խանգարումներ (երկարատև սովահարություն, մալաբսորբցիայի համախտանիշ)
  • թունավորում մկնդեղով, քլորոֆորմով, սալիցիլատներով, հակահիստամինային դեղերով, ալկոհոլով
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն
  • տենդային վիճակներ
  • անաբոլիկ ստերոիդների, պրոպրանոլոլի, ամֆետամինի ընդունում

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 12-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: