Լաբ թեստեր

Գլիկոզիլ. հեմոգլոբին

HbA1c

Միջազգային անվանում (հապավում). Glycated Hemoglobin (HbA1c)

Նկարագրություն

Գլիկոզիլացված հեմոգլոբինը կամ գլիկոհեմոգլոբինը (HbA1c) թույլ է տալիս գնահատել արյան գլյուկոզի մակարդակը հետազոտությանը նախորդող 1-3 ամսվա ընթացքում:

Գլիկոզիլացված հեմոգլոբինն առաջանում է էրիթրոցիտներում պարունակվող A հեմոգլոբինին արյան պլազմայի գլյուկոզի ոչ ֆերմենտային կապման միջոցով:

Գլիկոզիլացված հեմոգլոբինն առկա է նաև առողջ մարդկանց արյան մեջ: Գլյուկոզի՝ A հեմոգլոբինին կապվելու ռեակցիան և առաջացող այս նյութի մակարդակը կախված են պլազմայի գլյուկոզի միջին մակարդակից և էրիթրոցիտների կյանքի տևողությունից: Վերոնշյալ ռեակցիայի արդյունքում առաջանում են գլիկոզիլացված հեմոգլոբինի մի շարք տեսակներ՝ НbA1a, HbA1b, HbA1c, սակայն շաքարային դիաբետի ծանրության աստիճանի հետ առավել սերտ կոռելացիոն կապի մեջ գտնվում է վերջին տեսակը՝ HbA1c:

HbA1c-ն արտացոլում է արյան գլյուկոզի բարձր մակարդակի (հիպերգլիկեմիայի) առկայությունը էրիթրոցիտների կյանքի ամբողջ տևողության ընթացքում՝ մինչև 120 օր: Քանի որ էրիթրոցիտներն ունեն կյանքի տարբեր տևողություն, որպես HbA1c-ի միջոցով հիպերգլիկեմիայի տևողություն սովորաբար ընդունվում է միջինացված՝ մինչև 2-3 ամիս ժամանակային միջակայքը:

HbA1c-ի մակարդակն, այսպիսով, հանդիսանում է վերոնշյալ ժամանակաշրջանում ածխաջրային փոխանակության կոմպենսացիայի ցուցանիշ: HbA1c-ի մակարդակի նորմալացումն ընթանում է գլյուկոզի մակարդակի նորմալացումից հետո 4-6-րդ շաբաթվա ընթացքում: Շաքարային դիաբետով մարդկանց մոտ HbA1c-ը կարող է նորմայից բարձրանալ մինչև 2-3 անգամ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից HbA1c թեստը ճանաչվել է որպես շաքարային դիաբետի հսկողության համար օպտիմալ և անհրաժեշտ հետազոտություն: Դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում HbA1c թեստը կրկնել առնվազն 3 ամիսը մեկ, ընդ որում, նույն լաբորատորիայում և նույն մեթոդով:

Դիաբետի հսկողության համար խորհուրդ է տրվում HbA1c-ի ցուցանիշները պահել 7%-ից ցածր մակարդակի վրա, իսկ նույն ցուցանիշի 8% և ավելի բարձր թվերի դեպքում վերանայել ընթացիկ բուժումը:

Կլինիկական հետազոտություններով պարզվել է, որ HbA1c-ի 1%-ով բարձրացումը կապված է գլիկեմիայի մոտ 2 մմոլ/լ աճի հետ:

HbA1c-ը հաջողությամբ օգտագործվում է նաև դիաբետի բարդությունների ռիսկը գնահատելու մեջ: Օրինակ, ապացուցվել է, որ այս HbA1c-ի 1/10 նվազեցումը շուրջ 45%-ով կրճատում է դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման ռիսկը:

HbA1c-ի արդյունքները կարող են փոփոխվել բոլոր այն դեպքերում, որոնք ազդում են էրիթրոցիտների կյանքի միջին տևողության վրա: Արյունահոսությունը կամ հեմոլիզն առաջ են բերում HbA1c կեղծ նվազեցում, իսկ արյան փոխներարկումը, բնականաբար, աղավաղում է արդյունքը, մինչդեռ երկաթ-դեֆիցիտային անեմաների ժամանակ HbA1c-ի մակարդակը կեղծ աճում է:

Ցուցումներ

Շաքարային դիաբետի ընթացքի և դիաբետով հիվանդների բուժման երկարատև հսկողություն՝ հիվանդության կոմպենսացիայի աստիճանը որոշելու համար:

Կենսանմուշ

HbA1c թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Առանձնահատուկ նախապատրաստում չի պահանջում։

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Հեմոգլոբինի ընդհանուր քանակության տոկոս (%):

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

4,8-5,9 %

Այլընտրանքային միջակայքեր

  • դիաբետի բացակայություն, հղիության բացակայություն՝ <6%
  • դիաբետի բուժման թիրախային ցուցանիշներ՝ <7%
  • > 8% ցուցանիշները պահանջում են դիաբետի բուժման վերանայում

Արդյունքների մեկնաբանություն

HbA1c-ի մակարդակի բարձրացում

  • շաքարային դիաբետ և գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարման այլ վիճակներ
  • երկաթի պակաս
  • հեռացված փայծաղ (սպլենէկտոմիա)
  • կեղծ-դրական պատասխանը կարող է պայմանավորված լինել ֆետալ հեմոգլոբինի (HbF) բարձր մակարդակով

HbA1c-ի մակարդակի նվազեցում

  • ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա), այդ թվում՝ դիաբետիկ հիպոգլիկեմիա
  • հեմոլիտիկ անեմիա
  • արյունահոսություններ
  • արյան փոխներարկում

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: