Լաբ թեստեր

Հեմոգլոբին

Hb

Միջազգային անվանում (հապավում). Hemoglobin (Hb)

Նկարագրություն

Հեմոգլոբինը (Hb) արյան շնչառական գունակ է (պիգմենտ), որը պարունակվում է արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) և մասնակցում թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխմանը:

Հեմոգլոբինը հանդիսանում է թթվածնի յուրահատուկ փոխադրիչ, սակայն նաև մասնակցում է հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրմանը դեպի թոքեր: Հեմոգլոբինի պարունակությունը տղամարդկանց մոտ մի քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ կարող է դիտարկվել հեմոգլոբինի մակարդակի ֆիզիոլոգիական նվազեցում:

Արյան թթվայնության (pH) կարգավորման մեջ հեմոգլոբինը համարվում է արյան ամենահզոր պատնեշը: Առողջ տղամարդու արյունը պարունակում է 14,5 ±1,5 գ % հեմոգլոբին, իսկ կանանցը՝ 13,0 ± 1,5գ %։

Հեմոգլոբինը բարդ գունակիր սպիտակուց է։ Այն բաղկացած է հեմից, որը պարունակում է երկարժեք երկաթ և սպիտակուցային մասից՝ գլոբինից։ Թոքերում գոյություն ունեցող բարենպաստ պայմաններում հոմոգլոբինը միանում է մոլեկուլային թթվածնի հետ (O2) և առաջացնում օքսիհեմոգլոբին՝ HbO2 (1 գ. Hb-ը կապում է 1,34 մլ թթվածին): Հյուսվածքներում HbO2-ը փեղեքվում է՝ անջատելով թթվածինը: Վերականգնված հեմոգլոբինը հյուսվածքներում միանում է ածխաթթու գազին (CO2) և փոխադրում այն դեպի թոքերը: Այս միացությունը կոչվում է կարբհեմոգլոբին՝ HbCO2:

Շմոլ գազը (CO) թթվածնի համեմատությամբ 150-300 անգամ ավելի մեծ խնամակցություն ունի հեմոգլոբինի հանդեպ։ CO-ն մեծ արագությամբ միանում է հեմոգլոբինին և զբաղեցնում թթվածնի տեղը: Առաջանում է Hb-ի ախտաբանական միացություն՝ կարբոքսիհեմոգլոբին (HbCO): Եթե ներշնչվող օդում կա նույնիսկ 0,1% CO, Hb-ի 80%-ը կապվում է՝ առաջացնելով HbCO, որն ավելի կայուն միացություն է, քան HbO2-ը: Կարբօքսիհեմոգլոբինի առաջացման հետևանքով օրգանիզմում զարգանում է թթվածնաքաղց (հիպօքսիա), որն ուղեկցվում է գլխացավով, փսխմամբ, գիտակցության կորստով:

Հեմոգլոբինի ախտաբանական նվազեցումը՝ սակավարյունությունը (անեմիա) դիտարկվում է տարբեր բնույթի արյունահոսությունների, արյան կարմիր բջիջների ուժեղացած քայքայման, ինչպես նաև դրանց արտադրության խանգարումների ժամանակ: Սակավարյունությունը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև ուղեկցել և դրսևորվել որպես մեկ այլ սուր կամ քրոնիկ հիվանդության ախտանշան:

Ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ թեստ
  • հոսպիտալացմանը նախորդող թեստ
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

Hb թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

գ/լ (գրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

գ/դլ (գրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

գ/դլ х 10 = գ/լ, գ/լ х 0,1 = գ/դլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • կանայք՝ 120 - 140 գ/լ
  • տղամարդիկ՝ 130 - 160 գ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռ>Hb, գ/դլ
1 - 14 օր.13,4 - 19,8
14 օր. - 4,3 շաբ.10,7 - 17,1
4,3 շաբ. - 8,6 շաբ.9,4 - 13,0
8,6 շաբ. - 4 ամս.10,3 - 14,1
4 - 6 ամս.11,1 - 14,1
6 - 9 ամս.11,4 - 14,0
9 - 12 ամս.11,3 - 14,1
12 ամս. - 5 տ.11,0 - 14,0
5 - 10 տ.11,5 - 14,5
10 - 12 տ.12,0 - 15,0
12 - 15 տ.Աղջիկներ11,5 - 15,0
Տղաներ12,0 - 16,0
15 - 18 տ.Աղջիկներ11,7 - 15,3
Տղաներ11,7 - 16,6
18 - 45 տ.Կանայք11,7 - 15,5
Տղամարդիկ13,2 - 17,3
45 - 65 տ.Կանայք11,7 - 16,0
Տղամարդիկ13,1 - 17,2
≥ 65 տ.Կանայք11,7 - 16,1
Տղամարդիկ12,6 - 17,4

Արդյունքների մեկնաբանություն

Hb-ի մակարդակի բարձրացում

  • ջրազրկում (արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ, ուժեղացած քրտնարտադրություն, շաքարային դիաբետ, այրվածքային հիվանդություն, պերիտոնիտ)
  • ֆիզիոլոգիական էրիթրոցիտոզներ (բարձր լեռնային շրջաններում բնակվողներ, օդաչուներ, մարզիկներ)
  • սիմպտոմատիկ էրիթրոցիտոզներ (շնչառական անբավարարություն, սրտանոթային անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ)
  • էրիթրեմիա

Hb-ի մակարդակի նվազեցում

  • տարբեր ծագման սակավարյունություններ (անեմիա)
  • հիպերհիդրատացիա

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: