Skip to main content

Հոմոցիստեին - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). Homocysteine (HCY)

Նկարագրություն

Հոմոցիստեինը (HCY) ամինաթթու է` միջանկյալ արգասիք, որն առաջանում է մեթիոնինի նյութափոխանակության ընթացքում:

Վերջինս կապում են ծծմբի՝ «գեղեցկության միներալի» նյութափոխանակության հետ:

Հոմոցիստեինն առաջանում է օրգանիզմում (սննդի մեջ բացակայում է) անփոխարինելի ամինաթթու համարվող մեթիոնինի նյութափոխանակության արդյունքում: Վերջինս մեծ քանակներով առկա է կենդանական ծագման սննդի մեջ՝ միս, կաթնամթերք (հատկապես՝ կաթնաշոռ) և ձու:

Արյան պլազմայում հոմոցիստեինը գլխավորապես գտնվում է սպիտակուցների հետ կապված վիճակում, ուստի ընդհանուր հոմոցիստեինը ներկայացնում է ազատ և կապված ֆրակցիաների հանրագումարը: Մեծ մասը ենթարկվում է հետադարձ մեթիլացման, որով առաջանում է մեթիոնին, իսկ փոքր մասն անդառնալի կերպով փոխակերպվում է ցիստեինի և գլյուտաթիոնի:

Հոմոցիստեինի նյութափոխանակության մեջ մասնակցում են ֆոլատը, վիտամիններ B6-ը և B12-ը: Տարիքի հետ արյան մեջ հոմոցիստեինի մակարդակը բարձրանում է: Դիտարկվում է նաև միջսեռային տարբերություն․ 50 տարեկանի մոտակայքում տղամարդկանց արյան պլազմայում հոմոցիստեինն ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Տարբեր պատճառներով հոմոցիստեինի նյութափոխանակության խանգարման ժամանակ (ֆերմենտների ժառանգական կամ ֆունկցիոնալ դեֆեկտներ, անհրաժեշտ վիտամինների դեֆիցիտ) հոմոցիստեինը կուտակվում է բջիջների ներսում և սկսում դուրս գալ նախ միջբջջային տարածություն, այնուհետև՝ նաև արյան պլազմա:

Համարվում է, որ հոմոցիստեինի մակարդակի բարձրացումն ունի բջիջները վնասող՝ ցիտոտոքսիկ ազդեցություն: Հոմոցիստեինը կարող է վնասել անոթների պատը՝ դարձնելով դրանք փխրուն և ստեղծելով խոլեսթերինի և մյուս ճարպերի կուտակման համար նպաստավոր պայմաններ: Արյան հոմոցիստեինի մակարդակի 5 մկմոլ/լ աճը բերում է անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ռիսկի բարձրացման (կանանց մոտ` 80%-ով և տղամարդկանց մոտ` 60%-ով), ինչն իր հերթին բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

Հավանաբար նույն մեխանիզմով հոմոցիստեինի բարձր մակարդակը կապված է նաև Ալցհեյմերի հիվանդության և ծերունական դեմենցիայի ռիսկերի բարձրացման հետ:

Անոթների ախտահարման տեսանկյունից ռիսկն աճում է, երբ հիպերհոմոցիստինեմիան զուգակցվում է շաքարային դիաբետի հետ: Նման դեպքերում բարձրանում է ծայրամասային անոթների հիվանդության, նեֆրոպաթիայի կամ ռետինոպաթիայի ռիսկը:

Հղիության ընթացքում հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը կարող է դառնալ այնպիսի բարդությունների պատճառ, ինչպիսիք են ինքնաբուխ վիժումները, պրեէկլամպսիան և էկլամպսիան, ինչպես նաև երակային թրոմբոէմբոլիան:

Պետք է նաև հաշվի առնել, որ հոմոցիստեինի մակարդակը նաև կարող է բարձրանալ որոշ դեղերի ընդունման, անառողջ ապրելակերպի որոշ գործոնների և այլ պատճառներով (օրինակ՝ հոմոցիստինուրիա): Այնուամենայնիվ, հոմոցիստեինի բարձրացած մակարդակի ամենահաճախ հանդիպող պատճառը համարվում է ֆոլաթթվի պակասը:

Հոմոցիստեինի բարձր մակարդակների ժամանակ խորհուրդ է տրվում հետազոտել նաև մի շարք այլ լաբորատոր ցուցանիշների մակարդակները, ինչպիսիք են կրեատինինը, թիրեոտրոպ հորմոնը (TSH), ֆոլատը և վիտամին B12-ը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • սրտանոթային ռիսկի գնահատում
  • հոմոցիստինուրիայի ախտորոշում
  • շաքարային դիաբետ
  • ծերունական թուլամտություն (դեմենցիա) և Ալցհեյմերի հիվանդություն

Կենսանմուշ

HCY թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Կարելի է ընդունել ջուր:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկմոլ/լ (միկրոմոլ/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/մլ (միկրոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

մկմոլ/լ x 0,1352 = մկգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

ՏարիքՍեռHCY, մկմոլ/լ
5 օր.- 1 տ.2,87 – 9,99
1 – 7 տ.2,76 – 7,62
7 – 12 տ.3,43 – 8,45
12 – 15 տ.կանայք4,07 – 10,36
տղամարդիկ4,71 – 10,40
15 – 19 տ.կանայք4,92 – 11,88
տղամարդիկ5,5– 13,39
>19 տ.կանայք4,44 – 13,56
տղամարդիկ5,46 – 16,20

Արդյունքների մեկնաբանություն

Հոմոցիստեինի մակարդակի բարձրացում

  • ֆոլատի, վիտամին B6-ի և B12-ի դեֆիցիտ
  • հոմոցիստինուրիա, հոմոցիստեինի նյութափոխանակության ֆերմենտների ժառանգական դեֆեկտներ (հազվադեպ)
  • երիկամային անբավարարություն
  • արտահայտված փսորիազ
  • պրոլիֆերատիվ հիվանդություններ
  • հիպոթիրեոզ
  • դիաբետ
  • ծերունական հասակի կոգնիտիվ խանգարումներ
  • հոգեկան խանգարումներ
  • հղիության խանգարումներ (պրեէկլամպսիա, նորածնի ցածր քաշ, վաղաժամ ծննդաբերություն, ընկերքի արտազատում), պտղի զարգացման արատներ (օրինակ, նյարդային խողովակի արատներ)
  • ծխախոտի, սուրճի (կոֆեին) օգտագործում
  • որոշ դեղերի ընդունում՝ ֆոլատի ներհակորդներ (Մետոտրեքսատ), Ազոտի օքսիդ, Մետֆորմին, Նիացին, Թեոֆիլին, L-դոֆա, անդրոգեններ, Ամինոգլյուտետիմիդ, Ցիկլոսպորին, ֆիբրատներ, միզամուղներ, Ցիստին (ցիանիտ-նիտրոպրուսիդային թեսթի ժամանակ)

Հոմոցիստեինի մակարդակի նվազեցում

  • Դաունի համախտանիշ
  • հղիություն
  • հիպերհիդրոզ (առատ քրտնարտադրություն)
  • շաքարային դիաբետի վաղ փուլեր
  • որոշ դեղերի ընդունում՝ Պենիցիլամին, n-Ացետիլցիստեին, էստրոգեններ, Տամոքսիֆեն, Բետաին, Սիմվաստատին

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-04-2019
Վերջին վերանայում՝ 05-11-2023