Լաբ թեստեր

Լիպազա

LIP

Միջազգային անվանում (հապավում). Lipase (LIP)

Նկարագրություն

Լիպազը (LIP) տրիգլիցերիդների քայքայումը (հիդրոլիզը) կատալիզացնող ֆերմենտ է:

Լիպազը կամ տրիացիլգլիցերոպացիլհիդրոլազը պատասխանատու է բարակ աղու մեջ չեզոք ճարպերի՝ տրիգլիցերիդների քայքայման համար: Տրիգլիցերիդները (TRIGL) համարվում են գլիցերոլի և բարձրագույն կարբոնաթթուների բարդ եթերները:

Արյան շիճուկում լիպազի մակարդակը տղամարդկանց և կանանց միջև հավաստիորեն չի տարբերվում: Ենթաստամոքսային գեղձի բորբոքումների ժամանակ (պանկրեատիտ) ֆերմենտը մուտք է գործում արյան հուն: Սուր պանկրեատիտից հետո արյան շիճուկում լիպազի ակտիվությունն աճում է արդեն 4-8 ժամ անց՝ հասնելով իր գագաթնակետին 24 ժամ անց և նվազելով 8-14-րդ օրերին:

Պանկրեատիտների ժամանակ լիպազի որոշումն ունի ավելի մեծ կլինիկական զգայունություն և սպեցիֆիկություն, քան ընդհանուր ամիլազի (AMY-T) թեստը: Էպիդեմիկ պարոտիտի ժամանակ լիպազի մակարդակը մնում է նորմալ միջակայքում ենթաստամոքսային գեղձի ախտահարման բացակայության պայմաններում: Երկու ֆերմենտների միաժամանակյա որոշումը թույլ է տալիս ենթաստամոքսային գեղձի ախտահարումը ճշգրտորեն ախտորոշել 98% դեպքերում:

Ցուցումներ

  • սուր պանկրեատիտ
  • ստամոքսի թափածակող խոց
  • քրոնիկ պանկրեատիտ
  • սուր խոլեցիստիտ
  • բարակաղիքային անբավարարություն
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն
  • ալկոհոլիզմ
  • դիաբետիկ կետոացիդոզ
  • լյարդի ցիռոզ
  • օրգանների փոխպատվաստում

Կենսանմուշ

LIP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ (13-60) Մ/լ

Արդյունքների մեկնաբանություն

LIP-ի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • սուր պանկրեատիտ (ֆերմենտի ակտիվության բարձրացած արժեքները պահպանվում են հիվանդությունը սկսվելուց 3-7 օրվա ընթացքում և այլ իմասով հանդիսանում է ավելի սպեցիֆիկ մարկեր, քան AMY-T-ը)
  • ենթաստամոքսային գեղձի նորագոյացություններ
  • ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդություններ
  • էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ)՝ ենթաստամոքսային գեղձի ախտահարմամբ
  • ներորովայնային հիվանդություններ, ներառյալ՝ ստամոքսի թափածակում, աղիների թափածակում, տասներկումատնյա աղու պեպտիկ խոց, որովայնային արոտայի անրևիզմայի պատռում, հեպատոբիլիար հիվանդություններ (լեղային խիթ, ներլյարդային խոլեսթազ), պերիտոնիտ
  • լիպիդների նյութափոխանակության խանգարումներով ընթացող հիվանդություններ՝ գիրացում, շաքարային դիաբետ, պոդագրա
  • նեյրովիրաբուժական վիճակներ
  • որոշ դեղերի ընդունում՝ Հեպարին, թմրաբեր ցավազրկողներ, բարբիտուրատներ և այլ դեղեր, որոնք առաջացնում են Օդիի սֆինկտերի կծկում, Ինդոմետացին

LIP-ի մակարդակի (ակտիվության) նվազեցում

  • ուռուցքային հիվանդություն (բացառությամբ՝ ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի)
  • տրիգլիցերիդների ավելցուկ (ժառանգական հիպերլիպիդեմիաների ժամանակ ոչ ճիշտ սննդակարգ)

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 12-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: