Լաբ թեստեր

Պեպսինոգեն II

PG II

Միջազգային անվանում (հապավում). Pepsinogen II (PG II)

Նկարագրություն

Պեպսինոգեն II-ը (PG II) ստամոքսի պեպսին մարսողական ֆերմենտի նախաֆերմենտն է, որը հանդիսանում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակի գնահատման կենսաքիմիական մարկեր:

Պեպսինոգենները ստամոքսի հիմնական մարսողական ֆերմենտի՝ պեպսինի ոչ ակտիվ նախաֆերմենտներն են։ Գոյություն ունեն պեպսինոգենի 2 տեսակներ, որոնք որոշ չափով տարբերվում են իրենց կառուցվածքով և ֆունկցիոնալ առանձնահատկություններով՝ պեպսինոգեն I (PG I) և պեպսինոգեն II (PG II):

Պեպսինոգեն I-ն արտադրվում է գլխավորապես ստամոքսի հատակի, մինչդեռ պեպսինոգեն II-ը՝ նաև կարդիալ, անթրալ և դուոդենալ շրջանների լորձաթաղանթի կողմից: Այս երկու նախաֆերմենտները պեպսինի փոխկերպվում են ստամոքսահյութի աղաթթվի ազդդեցությամբ, ընդ որում, եթե պեպսինոգեն I-ի համար լավագույնը բարձր-թթվային վիճակն է (рН=1,5-2,0), ապա պեպսինոգեն II-ի համար՝ ավելի թույլ թթվայինը (рН=4,5):

Պեպսինոգենները քիչ քանակներով նաև հայտնվում են արյան մեջ։ Արյան շիճուկում այս երկուսի մակարդակներն, այսպիսով, կարող են արտացոլել ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակը:

Հայտնի է, որ ստամոքսի քաղցկեղի զարգացման դեպքերի մեծ մասում անքակտելի պատճառական գործոն է հանդիսանում հելիկոբակտեր պիլորի (H. Pylori) վարակը և դրա հետ կապված քրոնիկ բորբոքային գործընթացները, որոնք ի վերջո հանգեցնում են ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխությունների: Արտահայտված ատրոֆիկ գաստրիտը, որը ստամոքսի քաղցկեղի կարևոր ռիսկի գործոն է, հայտնաբերվում է H. pylory-ով վարակված առնվազն 10% մարդկանց մոտ: Վարակի ֆոնի վրա բորբոքային գործընթացները սկզբնական փուլերում բարձրացնում են պեպսինոգենների մակարդակը։ H. pylory-ով վարակված մարդկանց մոտ սովորաբար հայտնաբերվում է PG I և PG II բարձրացած մակարդակներ և PG I /PG II հարաբերակցության նվազեցում:

Քրոնիկ բորբոքման արդյունքում ստամոքսի լորձաթաղանթի զարգացող ատրոֆիկ փոփոխությունները (ստամոքսի հատակի գեղձերի հետաճ, ստամոքսի թթվայնության նվազում) բերում են պեպսինոգեն I-ի մակարդակի աստիճանական նվազեցման, մինչդեռ պեպսինոգեն II-ի մակարդակը երկար ժամանակ մնում է բավականաչափ կայուն։ Արդյունքում, PG I-ի մակարդակի աստիճանական և PG I /PG II հարաբերակցության նվազեցումները սերտորեն կոռելացվում են ստամոքսի լորձաթաղանթի՝ նորմալից մինչև արտահայտված ատորֆիա հարաճուն փոփոխվելը:

Պեպսինոգենները կարելի է օգտագործել որպես ատրոֆիկ գաստրիտի՝ որպես նախաքաղցկեղային վիճակի մարկեր, բայց ոչ՝ որպես ուռուցքային մարկեր։

Ցուցումներ

  • H. Pylori-ի հետ ասոցիացվող և աուտոիմուն բնույթի ատրոֆիկ գաստրիտի հայտնաբերում և ծանրության աստիճանի գնահատում
  • մեծ տարիքային խմբի անձանց կամ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի լրացուցիչ գործոններով անձանց սքրինինգային հետազոտություններում՝ որպես ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակի գնահատման ոչ ինվազիվ մեթոդ՝ հավաքագրելու հիվանդների այն խումբը, ովքեր կարող են գաստրոսկոպիայի և դրան հաջորդող բիոպսիայի կարիք ունենալ
  • ստամոքսի քաղցկեղի բարձր ռիսկով անձանց դինամիկ հսկողություն:

Կենսանմուշ

PG II թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել պարտադիր քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ հետո:

Թեստից1 շաբաթ առաջ պետք է նշանակող բժշկի իմացությամբ ընդմիջել ստամոքսահյութի արտադրության վրա ազդող դեղերը, իսկ 1 օր առաջ՝ ընդմիջել ստամոքսի թթվայնությունը չեզոքացնող դեղերից։

Թեստի նախորդ օրը պետք է բացառել հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռվածությունները (օրինակ՝ մարզական վարժանքներ և այլն) և ալկոհոլի ընդունումը:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/լ = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Միջազգային ընդունված միջակայքեր

  • 4-22 մգ/լ
  • PG I /PG II II գործակից՝ > 3,0

Արդյունքների մեկնաբանություն

PG II-ի մակարդակի բարձրացում

  • հիպերգաստինեմիայի վիճակ՝ պայմանավորված աղաթթվի արտադրության բարձրացմամբ և պարիենտալ բջիջների քանակի մեծացմամբ
  • Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ
  • տասներկումատնյա աղու խոց (30-50%)
  • սուր գաստրիտ
  • միզակապություն

PG II-ի մակարդակի նվազեցում

  • ատրոֆիկ գաստրիտ
  • ստամոքսի կարցինոմա
  • մեքսեդեմա
  • Ադիսոնի հիվանդություն
  • մակուղեղային (հիպոֆիզային) անբավարարություն
  • պերնիցիոզ անեմիա

Հոդվածը տեղադրվել է՝ 23-04-2019 վերանայվել է՝ 15-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: