Անցնել գլխավոր բովանդակությանը

Կալիում (իոնական) - Միներալներ

Միջազգային անվանում (հապավում). Potassium Ionized (К+)

Նկարագրություն

Կալիումը (Potassium, К+) ներբջջային հեղուկի հիմնական կատիոնն է:

Կալիումը մասնակցում է բջջի էլեկտրական թաղանթային պոտենցիալի ապահովմանը: Այն կարգավորում է ներբջջային օսմոտիկ ճնշումը, խթանում գլիկոլիզի ֆերմենտների ակտիվությունը, մասնակցում սպիտակուցների և գլիկոգենի նյութափոխանակությանը, կարևոր դեր է խաղում նյարդային և մկանային բջիջներում գործողության պոտենցիալի ձևավորման և նյարդային գրգռահաղորդականության մեջ: Կալիումը նաև օժտված է իմունոմոդուլյատոր ակտիվությամբ:

Արյան պլազմայում (շիճուկում) կալիումի մակարդակը կախված է հետևյալ երեք գործընթացների հավասարակշռությունից՝

  • արտաքին կալիումի ստացում
  • օրգանիզմում տեղաբաշխում
  • օրգանիզմից հեռացում (երիկամներով, քրտնագեղձերով, աղիներով):

Օրգանիզմում կալիումային պահեստ գոյություն չունի, ուստի և բջջիջների ներսում կալիումի մակարդակի նունիսկ փոքր տեղաշարժերն արտացոլվում են արյան պլազմայում վերջինիս մակարդակի փոփոխության վրա:

Բջիջների կողմից կալիումի կլանումը խթանվում է ինսուլինով, ինչպես նաև կատեխոլամինների և ալդոստերոնի ազդեցությամբ: Արյան թթվայնության (pH) փոփոխությունն ուղեկցվում է բջիջներում կալիումի իոնների մակարդակի տեղաշարժերով. ացիդոզի դեպքում իոնները բջիջներից դուրս են գալիս դեպի արյան պլազմա, և հակառակը:

Արյան շիճուկի կալիումի նորմայից ավելի բարձր մակարդակի ժամանակ (hիպերկալիեմիա) գրանցվում է փորոքային հաճախասրտություն (վենտրիկուլյար տախիկարդիա), փորոքների շողացում (վենտրիկուլյար ֆիբրիլյացիա) և անգամ սրտի կանգ (ասիստոլիա):

Արյան շիճուկի կալիումի նորմայից ավելի ցածր մակարդակի ժամանակ (hիպոկալիեմիա) ժամանակ զարգանում են մկանային թուլություն, ռեֆլեքսների ընկճում, հիպոտոնիա, սրտի հաղորդականության խանգարումներ, աղիների անանցանելիություն և շատամիզություն (պոլիուրիա):

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • երիկամների գործունեության հետազոտություն
  • սրտանոթային հիվանդություններ
  • սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիաներ)
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • մակերիկամային անբավարարություն
  • կալիումի մակարդակի հսկողություն միզամուղներ, սրտային գլիկոզիդներ նշանակելիս

Կենսանմուշ

К+ թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամլ/դեցիլիտր), մէք/լ (միլիէքվիվալենտ/լիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ, մէք/լ = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ. արյան շիճուկ՝ (3,4‑5,1) մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքК+, մմոլ/լ
1 օր.-4,3 շաբ.3,7 - 5,9
4,3 շաբ.-24 ամս.4,1 - 5,3
24 ամս.-14 տ.3,4 - 4,7
> 14 տ.3,5 - 5,1
Սեռ
Տղամարդիկ3,5 - 4,5
Կանայք3,4 - 4,4

Արդյունքների մեկնաբանություն

Կալիումի մակարդակի բարձրացում (հիպերկալիեմիա)

  • օրգանիզմ կալիումի ուժեղացված մուտք՝ կալիումական ինֆուզիոն հեղուկների արագ ներմուծում
  • կալիումի ուժեղացված ելք բջիջներից դեպի արտաբջջային տարածություն՝ զանգվածային հեմոլիզ, ռաբդոմիոլիզ, ուռուցքների քայքայում, հյուսվածքների ծանր ախտահարումներ, ծանր այրվածքներ, չարորակ տենդ, ացիդոզ
  • երիկամներով կալիումի հեռացման թուլացում՝ սուր երիկամային անբավարարություն՝ օլիգո- և անուրիայով, քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլ, Ադիսոնի հիվանդություն, կեղծ հիպոալդոստերոնիզմ, ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի հիպոֆունկցիա, շոկային վիճակներ, հյուսվածքների իշեմիա
  • արտաբջջային հեղուկների ծավալի նվազեցում՝ ջրազրկում (դեհիդրատացիա)
  • որոշ դեղերի ընդունում՝ Ամիլորիդ, Սպիրոնոլակտոն, Տրիամտերեն, Ամինոկոպրոնաթթու, հակաուռուցքային միջոցներ, Դիգոքսին, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր, Տրիմետոպրիմ-Սուլֆամետոքսազոլ
  • թիազիդային միզամուղների գերդոզավորում

Կալիումի մակարդակի նվազեցում (հիպոկալիեմիա)

  • դեպի օրգանիզմ կալիումի անբավարար մուտք՝ երկարատև սովահարություն, կալումից աղքատ սննդակարգ
  • օրգանիզմից կալիումի կորստի ուժեղացում՝ հաճախակի փսխումներ, ծանր փորլուծություն, աղիքային խուղակներ, ստամոքսի պարունակության արտածծում նազոգաստրալ զոնդով և այլն
  • կալիումի կորուստ մեզով՝ երիկամների խողովակիկային ացիդոզ, անբավարարություն, Ֆանկոնիի համախտանիշ, Կոննի համախտանիշ (առաջնային ալդոստերոնիզմ), երկրորդային ալդոստերոնիզմ, Քուշինգի համախտանիշ, օսմոտիկ դիուրեզ (շաքարային դիաբետ), ալկալոզ, ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ACTH), Կորտիզոլի, Ալդոստերոնի ներմուծում
  • օրանիզմում կալիումի տեղաբախշում (ուժեղացած մուտք դեպի բջիջներ)՝ գլյուկոզ-ինսուլինային բուժում, ընտանեկան պերիոդիկ կաթված, ալկալոզ
  • կալիումի կորուստ քրտինքով, օրինակ, կիստոզ ֆիբրոզի ժամանակ (մուկովիսցիդոզ)
  • մեգալոբլաստիկ անեմիաների բուժում վիտամին В12-ով կամ ֆոլաթթվով
  • մարմնի ջերմաստիճանի նվազում (հիպոթերմիա)
  • որոշ դեղերի ընդունում՝ կորտիկոստերոիդներ, ոչ կալիում-խնայող միզամուղներ, բետա-պաշարիչներ, հակաբիոտիկներ
  • կալիում չպարունակող կամ քիչ պարունակող հեղուկների մեծ ծավալների ներմուծում
  • VIP-ոմաներ` ենթաստամոքսային գեղձի կղզյակների այնպիսի բջիջների ուռուցքներ, որոնք արտադրում են վազոակտիվ ինտերստիցիալ պոլիպեպտիդ (VIP)
  • մագնեզիումի անբավարարություն (դեֆիցիտ)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 17-04-2024