Լաբ թեստեր

Պրոգեստերոն

Prog

Միջազգային անվանում (հապավում). Progesterone (Prog)

Նկարագրություն

Պրոգեստերոնը (PROG) ձվարանների դեղին մարմնի կողմից արտադրվող ստերոիդ հորմոն է, որը կարևոր նշանակություն ունի հղիության բոլոր փուլերի ընթացքում:

Պրոգեստերոնը 314,5 Դալտոն մոլեկուլյար զանգվածով գեստագենային ստերոիդ հորմոն է: Այն գլխավորապես արտադրվում է դեղին մարմնի (corpus luteum) բջիջների և քիչ քանակներով՝ մակերիկամների կեղևի, իսկ հղիության ընթացքում՝ ընկերքի կողմից՝ լյուտեինացնող հորմոնի (LH) ազդեցությամբ: Հղիության 1-ին եռամսյակում և 2-րդի եռամսյակի վաղ փուլերում պրոգեստերոնն արտադրվում է մոր օրգանիզմում, միչդեռ դրանից հետո՝ ընկերքի կողմից:

Պրոգեստերոնի մակարդակը կոռելացվում է դեղին մարմնի զարգացման և հետաճման հետ: Եթե դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլում պրոգեստերոնի առկայությունը հազիվ է հայտնաբերվում, ձվազատումից (օվուլյացիայից) մեկ օր առաջ այն սկսում է աճել: Պրոգեստերոնի ուժեղացած արտադրությունը բնորոշ է լյուտեալ փուլին: Դաշտանային ցիկլի երկրորդ կեսին կնոջ մեզում հայտնվում է պրեգնանդիոլը՝ որպես պրոգեստերոնի քայքայման արգասիք:

Պրոգեստերոնի ազդեցությամբ արգանդի լորձաթաղանթը փոխակերպվում է գեղձերով հարուստ հյուսվածքի (սեկրեցիայի փուլ)՝ նախապատրաստելով բեղմնավորված ձվաբջջի ներարգանդային իմպլանտացիան: Հղիության ընթացքում պրոգեստերոնն արգելակում է արգանդի մկանների կծկումները, իսկ իմունոդեպրեսիվ ազդեցության շնորհիվ ընկճում է օրգանիզմի կողմից բեղմնավորված ձվաբջջի դեմ աուտոիմուն ռեակցիաները: Պրոգեստերոնը նաև խթանում է ենթամաշկային ճարպաբջջանքի զարգացումը:

Կրծքագեղձերում պրոգեստերոնն էստրոգենների հետ միասին խթանում է կաթնագեղձերի ալվեոլների պրոլիֆերացիան և սեկրետոր դիսպոզիցիան:

Պրոգեստերոնը սովորաբար որոշվում է պտղաբերության ախտորոշման մեջ՝ ձվազատման հայտնաբերման և լյուտեինային փուլը գնահատելու համար:

Ցուցումներ

  • դաշտանային ցիկլի խանգարման պատճառների հայտնաբերում, այդ թվում՝ դաշտանի բացակայության (ամենորեայի) տարբեր տեսակների տարբերակիչ ախտորոշում
  • անպտղության պատճառների հայտնաբերում
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսության պատճառների հայտնաբերում
  • հղիության երկրորդ կեսում ընկերքի վիճակի գնահատում
  • իսկական անհաջող հղիության տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

Prog թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Թեստը կատարվում է դաշտանային ցիկլի 22-23-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել:

Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Առավոտյան ժամերին արյունը հանձնելու անհնարինության դեպքում պետք է զերծ մնած սննդի օգտագործումից վերջին 6 ժամվա ընթացքում, մինչ այդ բացառելով ճարպային սննդատեսակների ընդունումը:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր) կամ մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ x 3,18 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,314 = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Տղամարդիկ` (0,2-1,4) նգ/մլ

Ոչ հղի կանայք

  • ֆոլիկուլյար փուլ (0,2-1,5) նգ/մլ
  • օվուլյատոր փուլ (0,8-3,0) նգ/մլ
  • լյուտեինային փուլ (1,7-27,0) նգ/մլ
  • հետմենոպաուզա (0,1-0,8) նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

PROG-ի մակարդակի բարձրացում

  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն՝ լյուտեինային փուլի երկարացմամբ
  • երկրորդային ամենորեայի որոշ տեսակներ
  • ֆետո-պլացենտար կոմպլեքսի դիսֆունկցիա
  • ընկերքի հասունացման հապաղում
  • պրոգեստերոնի հեռացման խանգարում երիկամային անբավարարության պատճառով
  • որոշ դեղերի ընդունում՝ Կլոմիֆեն, Կորտիկոտրոպին, Կետոկոնազոլ, Միֆեպրիստոն, պրոգեստերոն և վերջինիս սինթետիկ անալոգներ, Տամոքսիֆեն, Վալպոյաթթու

PROG-ի մակարդակի նվազեցում

  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • ֆոլիկուլի պերսիստենցիա (հիպերէստրոգենիա)
  • անօվուլյատոր դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ (պրոգեստերոնի սեկրեցիայի նվազեցում դաշտանային ցիկլի 2-րդ փուլում)
  • առաջնային և երկրոդային ամենորեայի տարբեր ձևեր
  • հղիության էնդոկրին պատճառի ընդհատման վտանգ
  • ընկերքային անբավարարություն
  • պտղի ներարգանդային զարգացման դանդաղեցում (հղի կնոջ արյան պրոգեստերոնի մակարդակը համապատասխանում է կամ քիչ նվազած է նորմայի ստորին սահմանից՝ հղիության ողջ ընթացքում)
  • իսկական ժամկետանց հղիություն
  • որոշ դեղերի ընդունում՝ Ամպիցիլին, Կարբամազեպին, Ցիպրոտերոն, Դանազոլ, Էպոստան, Էստրիոլ, Գոզերելին, Լեուպրոմիդ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչների հաբեր, Ֆենիտոին, Պրավաստատին, F2 պրոստոգլանդին

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: