Լաբ թեստեր

Պրոստատ-սպեց. հ/ծ, ազատ

PSA-F

Միջազգային անվանում (հապավում). Prostate-Specific Antigen Free (PSA-F)

Նկարագրություն

Պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA) շագանակագեղձի հյուսվածքներին բնորոշ էքսկրետոր արտադրությունն է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. այս հետազոտությունը պետք է իրականացվի ոչ թե միայնակ, այլ ընդհանուր պրոստատ-սպեցիֆիկ հակածինի (PSA-T) հետ միաժամանակ:

Պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA) 34 կԴա (կիլոդալտոն) մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեին է, որն օժտված է էնզիմային (պրոտեազային) ակտիվությամբ՝ նվազեցնելով սերմնահեղուկի մածուցիկությունը: Պարունակվում է շագանակագեղձի ծորանների էպիթելիալ բջիջների ցիտոպլազմայում:

PSA-ն հայտնաբերվում է նորմալ գեղձային հյուսվածքում, ադենոմայում և քաղցկեղի մետաստազներում, շագանակագեղձի հյութում և սերմնապլազմայում, սակայն չի հայտնաբերվում մյուս օրգանների նորմալ կամ ուռուցքային հյուսվածքներում: PSA-ի կիսաքայքայման պարբերությունը կազմում է 4 օր:

Արյան շիճուկում այս հակածինը ներկայանում է երկու ձևով՝ ազատ և տարբեր անտիպրոտեազների հետ կապված: Ազատ PSA-ն (PSA-F) կազմում է ընդհանուրի շուրջ 10%-ը:

PSA-ի մեծ մասը (90%) կապված է ալֆա-1-անտիխիմոտրիպսինի հետ և մատչելի է լաբորատոր որոշման համար: Հակածնի ոչ մեծ մասը կապված է ալֆա-2-միկրոգլոբուլինի հետ և սովորական մեթոդներով չի հայտնաբերվում, քանի որ հակածնի մոլեկուլը գտնվում է այդ կոմպլեքսի ներսում: Ազատ և կապված ֆրակցիաները միասին կազմում են ընդհանուր PSA-ն (PSA-T):

PSA-T-ի քանակությունը մեծանում է տարիքին զուգահեռ, սակայն այն պետք է չգերազանցի 4 նգ/մլ-ը: Շագանակագեղձի քաղցկեղի կասկածի դեպքում ախտորոշումը հաստատելու համար լայնորեն կիրառվում է PSA-F/PSA-T հարաբերակցությունը՝ ներկայացված տոկոսային արժեքով: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ PSA-F/PSA-T x 100%

PSA-F/PSA-T հաշվարկը հատկապես կարևորվում է PSA-T-ի ոչ կտրուկ՝ 4,0-ից մինչև 10,0 նգ/մլ բարձրացման ժամանակ: Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ժամանակ այս հարաբերակցությունը դեպքերի գերիշխող մեծամասնության համար կազմում է 15% և ավելին:

Ժամանակի ընթացքում PSA-T-ի հարաճուն կամ կայուն բարձրացումը ավելի հաճախ վկայում է ուռուցքային աճի կամ վիրաբուժական կամ այլ բուժման ոչ արդյունավետ լինելու մասին: Հակառակը, ժամանակի ընթացքում PSA-T-ի մակարդակի կայուն նվազեցումը վկայում է բուժական արդյունավետության մասին:

PSA-T-ի 30 նգ/մլ և ավելի բարձր արժեքները սովորաբար վկայում են շագանակագեղձի չարորակ նորագոյացության առկայության մասին: Շագանակագեղձի տարածված քաղցկեղի և մետաստազների դեպքում կարող է գրանցվել PSA-T-ի նույնիսկ 1000 նգ/մլ և ավելի բարձր ցուցանիշներ:

Բուժման հսկողության համար ավելի նպատակահարմար է PSA-ի մակարդակը համեմատել դինամիկայում նախորդ ցուցանիշների, այլ ոչ թե նորմալ արժեքների հետ:

Իմացե՛ք ավելին ընդհանուր PSA-ի մասին:

Ցուցումներ

  • շագանակագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում
  • շագանակագեղձի հիպերտրոֆիայով հիվանդների հսկողություն կարցինոմայի հնարավորինս վաղ հայտնաբերման նպատակով
  • 50 տարեկան անց տղամարդկանց սքրինինգային հետազոտություն

Կենսանմուշ

PSA-F թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հատուկ նախապատրաստում չի պահանջում: Խորհուրդ է տրվում արյունը հանձնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ անց:

Արյան հանձնումը պետք է իրականացնել մինչև շագանակագեղձի մերսումը, մատային ռեկտալ զննումը, տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությունը, բիոպսիան, լազերային բուժումը, էրգոմետրիան, ցիստո- և կոլոնոսկոպիան և շագանակագեղձի մեխանիկական ազդեցության այլ միջոցները կամ ոչ վաղ, քան թվարկված միջամտություններից 6-7 օր անց:

Կարևոր է հաշվի առնել, որ PSA-ի մակարդակը կարող է բարձր մնալ շագանակագեղձի բիոպսիայից, պրոստատէկտոմիայից կամ գեղձի մերսումից մինչև 3 շաբաթվա ընթացքում: Ազատ և ընդհանուր PSA-ների մակարդակների հարաբերակցությունը հաշվարկելիս անհրաժեշտ է այս երկու ցուցանիշները չափել լաբորատոր նույն մեթոդով՝ նույն կենսանմուշի համար:

Չափման միավորներ

Համընդհանուր նորմաներ

  • մակարդակը՝ (0-4) նգ/մլ
  • PSA-F/PSA-T հարաբերակցություն՝ 15%-ից բարձր

Կլինիկական նշանակություն ունի ոչ թե PSA-F-ի բացարձակ մակարդակը, այլ PSA-F/PSA-T հարաբերակցությունը՝ արյան նույն կենսանմուշի համար և լաբորատոր նույն մեթոդի կիրառմամբ:

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • մակարդակը՝ նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
  • PSA-F/PSA-T հարաբերակցություն՝ տոկոս (%)

Արդյունքների մեկնաբանություն

PSA-T-ի 4-10 նգ/մլ մակարդակների դեպքում PSA-F/PSA-T հարաբերակցության 25% և ավելի արժեքները սովորաբար վկայում են բարորակ պրոցեսների, իսկ 10%-ից ցածր ցուցանիշները՝ անբարենպաստ ընթացքի՝ չարորակացման մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 14-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: