Լաբ թեստեր

Պարատհորմոն

PTH

Միջազգային անվանում (հապավում). Parathyroid hormone (PTH)

Նկարագրություն

Պարատհորմոնը կամ պարաթիրեոիդ հորմոնը (PTH) կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակության կարգավորիչ է:

PTH-ն օրգանիզմում կալցիումի փոխանակության հիմնական կարգավորիչներից մեկն է: Այն արտադրվում է հարվահանաձև (պարաթիրեոիդ) գեղձերի կողմից, իսկ հորմոնի սեկրեցիան կախված է արյան պլազմայում կալցիումի մակարդակից:

PTH-ը նվազեցնում է կալցիումի հեռացումն օրգանիզմից և խթանում ֆոսֆորի հեռացումը մեզով՝ ազդելով երիկամների խողովակիկների վրա:

PTH-ը խթանում է կալցիումի և ֆոսֆորի մուտքը ոսկրերից դեպի արյան հուն՝ ընկճելով օստեոբլաստների ակտիվությունը, ակտիվացնելով օստեոցիտները և օստեոկլաստները: Այս հորմոնը միջնորդավորված կերպով նաև խթանում է աղիքներով կալցիումի ներծծումը:

PTH-ին բնորոշ է օրվա ընթացքում սեկրեցիայի ցիրկադային ռիթմը՝ ժամը 14-16-ի ընթացքում առավելագույն արտադրությամբ և առավոտյան ժամը 8-ի մոտակայքում գրանցվող նվազեցմամբ:

Ցուցումներ

  • արյան բարձր կալցիում (հիպերկալցիեմիա)
  • արյան ցածր կալցիում (հիպոկալցիեմիա)
  • օստեոպորոզ, ոսկրերի կիստոզ փոփոխություններ, երկայնաձիգ ոսկրերի կեղծ կոտրվածքներ, ողների մարմինների օստեոսկլերոզ
  • միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր)
  • 1-ին, 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիայի կասկած
  • նեյրոֆիբրոմատոզի ախտորոշում

Կենսանմուշ

PTH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը հանձնելուց առաջ մինչև 3 օրվա ընթացքում պետք է բառացել մարզումները, մեկ օր առաջ՝ ալկոհոլի օգտագործումը, իսկ մեկ ժամ առաջ՝ ծխելը:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Պացիենտը պետք է գտնվի լիարժեք հանգիստ վիճակում կենսանմուշը հանձնելուց առաջ առնվազն 30 րոպեի ընթացքում:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պմոլ/մլ (պիկոմոլ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

պգ/մլ х 0,105 = պմոլ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ` (1,45-10,41) պմոլ/մլ

Այլընտրանքային միջակայքեր

Չափահասներ` (15,0-65,0) պգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

PTH-ի մակարդակի բարձրացում

  • առաջնային գերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, հարվահանագեղձերի քաղցկեղ, 1-ին և 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիաներ)
  • երկրորդային գերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպերպարաթիրեոզ (քրոնիկ երիկամային անբավարարություն, D հիպովիտամինոզ, ռախիտ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)
  • երրորդային գերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպերպարաթիրեոզ (ավտոնոմ)

PTH-ի մակարդակի նվազեցում

  • առաջնային թերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպոպարաթիրեոզ
  • հղիություն (ֆոսֆորի ֆիզիոլոգիական դեֆիցիտ)
  • երկրորդային թերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպոպարաթիրեոզ (վահանաձև գեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժման բարդություններ, հիպոմագնեմիա, D հիպերվիտամինոզ, սարկոիդոզ)
  • ակտիվ օստեոլիզ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 06-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: