Լաբ թեստեր

Ռևմատոիդ գործոն

RF

Միջազգային անվանում (հապավում). Rheumatoid Factor (RF)

Նկարագրություն

Ռևմատոիդ գործոնը (RF) սեփական G դասի իմունոգլոբուլինների նկատմամբ հակամարմիններ են:

Ռևմատոիդ գործոնն աուտոհակամարմին է: Աուտոհակամարմինները (սովորաբար պատկանում են IgM դասին), որպես աուտոհակածին կապվում են վիրուսի կամ այլ գործոնի ազդեցությամբ փոփոխված սեփական G դասի իմունոգլոբուլինների հետ: Դրանք արտադրվում են հոդերի ներսում՝ ձուսպաթաղաթի (սինովիալ թաղանթ) պլազմատիկ բջիջների կողմից և հոդերից մուտք գործում դեպի արյան հուն, որտեղ էլ առաջացնում են շրջանառող իմունային կոմպլեքսներ, իսկ վերջիններս ախտահարում են հոդերի սինովյալ թաղաթները և անոթների պատերը:

Ռևմատոիդ գործոնը հայտնաբերվում է ռևմատոիդ արթրիտով հիվանդների արյան մեջ: Ըստ RF-ի առկայության, տարբերում են այս հիվանդության շճադրական և շճաբացասական ձևերը: Ռևմատոիդ գործոն նաև հայտնաբերվում է այլ տեսակի աուտոիմուն և քրոնիկ բորբոքային հիվանդությունների ժամանակ:

Ռևմատոիդ գործոնի բարձր մակարդակներով հիվանդների մոտ գրանցվում է ծանր համակարգային (արտահոդային) ախտահարումների ավելի մեծ ռիսկ, ինչպես նաև դեստրուկտիվ գործընթացների մեծ ակտիվություն: Ռևմատոիդ արթրիտով հիվանդների շուրջ 15%-ն ունեն RF-ի IgG դասը:

RF-ի ցածր մակարդակներն ունեն աննշան ախտորոշիչ նշանակություն: Պատանեական ռևմատոիդ արթրիտով հիվանդ երեխաների մոտ ռևմատոիդ գործոնը հաճախ բացասական է: Տարիքով հիվանդների մոտ RF-ի մակարդակի բարձրացում կարող է գրանցվել նաև առանց ռևմատոիդ արթրիտի կլինիկական դրսևորումների, ուստի RF-ի դրական պատասխանը պետք է համադրվի լաբորատոր և կլինիկական այլ տվյալների հետ:

Ցուցումներ

  • ռևմատոիդ արթրիտ (հիվանդության ակտիվության կամ փուլի որոշում, բուժման վերահսկում և կանխատեսում)
  • այլ աուտոիմուն հիվանդություններ
  • քրոնիկ բորբոքային հիվանդություններ

Կենսանմուշ

RF թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

  • որպես ագլյուտինացիոն թեստ՝ չափման միավոր չունի
  • որպես քանակական թեստ՝ մՄ/մլ (միլի միավոր/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • որպես ագլյուտինացիոն թեստ՝ բացասական
  • որպես քանակական թեստ՝ մինչև 30 մՄ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

RF-ի մակարդակի բարձրացում (դրական պատասխան)

  • ռևմատոիդ արթրիտ
  • Շյոգրենի հիվանդություն
  • սկլերոդերմիա
  • դերմատոմիոզիտ
  • Վալդենստրեմի հիվանդություն (մակրոգլոբուլինեմիա)
  • սարկոիդոզ
  • համակարգային կարմիր գայլախտ
  • քրոնիկ բորբոքային հիվանդւթյուններ՝ սիֆիլիս, տուբերկուլոզ, ենթասուր բակտերիալ էնդոկարդիտ, քրոնիկ ակտիվ հեպատիտ, մալարիա, վարակային մոնոնուկլեոզ (սովորաբար RF-ի տիտրն ավելի ցածր է, քան ռևմատոիդ արթրիտի ժամանակ)
  • վիրուսային վարակներ (օրինակ՝ նորածինների մոտ բնածին ցիտոմեգալիա)

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: