Լաբ թեստեր

ՍՀԿԳ

SHBG

Միջազգային անվանում (հապավում). Sex Hormone-Binding Globulin (SHBG)

Նկարագրություն

Սեռական հորմոնները կապող գլոբուլինը (SHBG) արյան պլազմայի սպիտակուց է, որը կապվում է սեռական հորմոնների հետ և մասնակցում արյան շրջանառությամբ դրանց տեղափոխմանը:

SHBG-ն իրենից ներկայացնում է լյարդում արտադրվող գլիկոպրոտեին, որի մոլեկուլյար զանգվածը շուրջ 80-100 հզ Դալտոն է: Մեկ մոլեկուլն ունի ստերոիդ հորմոնները կապող մեկ տեղամաս:

Լյարդում SHBG-ի սինթեզը կախված է սեռական հորմոններից, ընդ որում, էստրոգենները բարձրացնում, իսկ անդրոգենները՝ նվազեցնում են այս սպիտակուցի արտադրությունը: Հետևաբար, կանանց մոտ SHBG-ի մակարդակը գրեթե կրկնակի անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:

SHBG-ը կապում է տեստոստերոնը (TEST), 5-դիհիդրոտեստոստերոնը (5-DHT, ուժեղ կապվածություն) և էստրադիոլը (E2, քիչ ավելի թույլ կապվածություն):

Տեստոստերոնը (TEST) արյան մեջ շրջանառում է գլխավորապես SHBG-ի հետ, ավելի քիչ՝ ալբումինի և կորտիզոլ-կապող գլոբուլինի հետ կապված վիճակում: Քանի որ այս տեղափոխող սպիտակուցների քանակության փոփոխությունները կարող են ազդել շրջանառող TEST-ի մակարդակի վրա, վերջինիս որոշման հետ միասին, որպես լրացուցիչ տվյալ, կարող է նշանակվել նաև SHBG-ի թեստ:

Էստրադիոլի (E2) արտադրության կրճատմանը զուգահեռ արյան մեջ նվազում են այս հորմոնի ինչպես ընդհանուր, այնպես էլ ազատ ֆրակցիայի մակարդակները:

Անդրոգենների արտադրության նվազեցման դեպքում SHBG-ի մակարդակի աճը պայմանավորում է ընդհանուր տեստոստերոնի (TEST) կայուն մակարդակը, թեև ազատ ֆրակցիայի (TEST-F) մասնաբաժինը նվազում է: Ահա թե ինչու տեստիկուլյար հիվանդությունների ժամանակ ընդհանուր տեստոստերոնի (TEST) մակարդակը պլազմայում կարող է լինել պարադոքսալ նորմալ:

SHBG-ի մակարդակը հաճախ նվազում է կանաց մոտ արական դիպի մազակալման (հիրսուտիզմ), հասարակ ակնեի (պզուկ) և պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ: Հիրսուտիզմի դեպքում արյան պլազմայի SHBG-ի նվազեցում գրանցվում է հետազոտված կանանց գրեթե 30%-ի մոտ:

Հղիության ուշ փուլերում էստրոգենների ներմուծումից հետո SHBG-ի մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ: Անդրոգենների ընդունումը հաճախ զուգակցվում է SHBG-ի մակարդակի նվազեցման հետ: Ազատ տեստոստերոնի գործակիցը (Free Androgen Index, FAI) հաշվարկվում է որպես ընդհանուր տեստոստերոնի (TEST) և SHBG-ի հարաբերակցություն՝ արտահայտված տոկոսներով: FAI-ն կոռելացվում է կենսաբանորեն մատչելի ազատ տեստոստերոնի մակարդակի հետ և օգտագործվում է որպես անդրոգենների ախտաբանական վիճակի օգտակար ցուցանիշ:

60 տարեկանից հետո SHBG-ի մակարդակն աճում է մոտ 1.2%-ով՝ յուրաքանչյուր տարվա համար: Այսպիսով, տարիքի հետ կենսաբանորեն մատչելի տեստոստերոնի (TEST-F) մակարդակը նվազում է ավելի մեծ չափով, քան ընդհանուր տեստոստերոնի (TEST) մակարդակը:

Ցուցումներ

Երկու սեռեր

  • տեստոստերոնի (TEST) նորմալ մակարդակի պայմաններում անդրոգենների մակարդակի ավելացման կամ նվազեցման կլինիկական նշաններ
  • ճաղատացում
  • պզուկացան
  • ճարպային սեբորեա
  • ինսուլինակայունության մարկերների հայտնաբերում

Կանայք

  • արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
  • ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
  • դաշտանի բացակայություն (ամենորեա)
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • գեստոզի զարգացման կանխատեսում (SHBG-ն նվազած է)

Տղամարդիկ

  • տղամարդկանց կլիմաքս
  • քրոնիկ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում)
  • պոտենցիայի (էրեկտիլ) խանգարումներ
  • սեռական ցանկության (լիբիդոյի) նվազեցում

Կենսանմուշ

SHBG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/մլ (միկրոգրամ/միլիլիտր) կամ մգ/լ (միլիգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/մլ (մգ/լ) x 10,53 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,095 = մկգ/մլ (մգ/լ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Տղամարդիկ 17-65 տ. (14,5-48,4) նմոլ/լ
  • Կանայք 17-50 տ. (26,1-110,0) նմոլ/լ
  • Կանայք, հետմենոպաուզա (14,1-68,9) նմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Սեռ, տարիքSHBG, նմոլ/լ
Տղամարդիկ, 20-49 տ.18,3 - 54,1
Տղամարդիկ, ≥ 50 տ.20,6 - 76,7
Կանայք, 20-49 տ.32,4 - 128
Կանայք, ≥ 50 տ.27,1 - 128

Արդյունքների մեկնաբանություն

SHBG-ի մակարդակի բարձրացում

  • հիպերէստրոգենիա
  • մարմնակազմական առանձնահատկություններ
  • գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
  • հեպատիտ
  • ՄԻԱՎ վարակ
  • որոշ դեղերի ընդունում՝ էստրոգեն պարունակող բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ օրալ հաբեր, Ֆենիտոին

SHBG-ի մակարդակի նվազեցում

  • նեֆրոտիկ համախտանիշ
  • մեծ կոլագենոզներ
  • հիպերանդրոգենիա
  • ինսուլինակայունություն
  • թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
  • ակրոմեգալիա
  • Քուշինգի հիվանդություն
  • արյան պրոլակտինի մակարդակի բարձրացում (հիպերպրոլակտինեմիա)
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • անդրոգենիտալ համախտանիշ
  • լյարդի ցիռոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ Դանազոլ, անդրոգեններ, գլյուկոկորտիկոիդներ, Սոմատոստատին

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: